Լրահոս
Օրվա լրահոսը

Համաճարակային սպառնալիք կա ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների․ ԱՆ

Հոկտեմբեր 18,2020 12:50

Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ պատերազմական գործողություններն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորել են քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները, բազմաթիվ են զոհերը և ավերածությունները, ինչը հղի է բազմաթիվ հետևանքներով, այդ թվում տարբեր վարակիչ հիվանդությունների՝ ներառյալ հատուկ վտանգավոր, բռնկումների և համաճարակների առաջացման վտանգով:

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վնասվելն առաջացնում է անբարենպաստ սանիտարահիգիենիկ իրավիճակ և անհնարին դարձնում պատշաճ մաքրման և ախտահանման աշխատանքների իրականացումը, նպաստավոր պայմաններ ստեղծելով աղիքային վարակիչ հիվանդությունների (խոլերա, հեպատիտ Ա, դիզենտերիա և այլն) առաջացման և տարածման համար:

Պատերազմական գոտին անցնում է Զանգեզուր-Ղարաբաղյան և Մերձարաքսյան ժանտախտի բնական օջախների տարածքներով, որտեղ առկա են ինչպես հիվանդության հարուցիչները, այնպես էլ փոխանցողները: Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում հատուկ վտանգավոր հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները:

Ռազմական գործողությունները կարող են նպաստել օջախների ակտիվությանը և մեծացնել կրծողների միջոցով փոխանցվող վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ) ռիսկը: Ժանտախտի բարձր մահաբերությունն ու վարակելիությունն այն դարձնում է շատ նպաստավոր մասսայական ախտահարումներ առաջացնելու համար:

Շրջակա միջավայրի աղտոտումը, վարակիչ հիվանդություններ տարածող կրծողների բազմացումը լուրջ համաճարակային սպառնալիք է ոչ միայն անմիջական ռազմական գործողությունների շրջանների համար, այլև հակամարտող կողմերի հետ անմիջական հարևանությամբ գտնվող երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ հաշվի առնելով երկրների միջև ոչ մեծ հեռավորությունը, աշխարհագրական ընդհանրությունը և առավել ռիսկային գոտի համարվող Արաքս գետի առկայությունը՝ վարակը ջրային ճանապարհով մերձարաքսյան բնակավայրեր տարածման առումով:

Ռազմական գործողությունների ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում բռնկումների, համաճարակների արձանագրման դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը, քանզի հոկտեմբերի 10-ից ի վեր շարունակում է անընդհատ խախտել դիակների փոխանակման նպատակով ստորագրված հումանիտար հրադադարի պահանջները:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031