Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հակառակորդը կրկին հրադադարի ռեժիմը չեղյալ անի, ապա կոշտ, լրիվ այլ մեթոդներով են այն վերականգնելու համանախագահողները». Դավիթ Բաբայան

Հոկտեմբեր 18,2020 11:06

«Մենք, ընդհանուր առմամբ, դրական ենք գնահատում միջազգային հանրության ջանքերը, առաջին հերթին՝ եղբայրական Ռուսաստանի ջանքերն ուղղված հրադադարի վերականգնմանը եւ պատերազմի դադարեցմանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն փաստին, որ երկրորդ անգամ ձեռքբերված հումանիտար հրադադարի մասին համաձայնությունն Ադրբեջանը խախտում է կոպտորեն՝ ասաց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

«Կարծում եմ, որ եթե այս անգամ էլ հակառակորդը չհարգի միջազգային հանրության ջանքերը եւ հրադադարի ռեժիմը կրկին չեղյալ համարի, երրորդ անգամ շատ ավելի կոշտ եւ լրիվ այլ մեթոդներով են զինադադարը վերականգնելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահողները, որովհետեւ սա առանց այդ էլ մարտահրավեր է միջազգային հանրությանը: Երրորդ անգամ, չեմ կարծում, որ որոշ երկրներ կհանդուրժեն նման պահվածքը: Արցախը պինդ է եւ կանգուն՝ անկախ ամեն ինչից: Նման մարտահրավերը ճակատագրական է, եւ կանգնելու ենք մինչեւ վերջ: Թող որեւէ մեկը չկասկածի»,-վստահեցրեց Դավիթ Բաբայանը:

Նրա կարծիքով՝ միջազգային հանրության ջանքերը եթե ժամանակին ավելի կոշտ լինեին, գուցե չէինք ունենա այս իրավիճակը. «Որոշ կազմակերպություններ պարտավոր էին ավելի օպերատիվ եւ կոշտ արձագանք հղել, որպեսզի նման պատերազմը, որը նաեւ մարդասիրական ճգնաժամ է…գուցե այլ իրավիճակ ունենայինք: Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ այո, մենք պետք է շարունակենք գործակցել միջազգային կառույցների հետ, բայց խաղաղության եւ մեր անվտանգության ամենակարեւոր գրավականը նաեւ եղբայրական երկրների հետ ճիշտ աշխարհաքաղաքական հարաբերությունը նոր որակի հասցնելն է: Մենք պարտավոր ենք սրանից հետո համապատասխան հետեւություններ անել բոլոր մակարդակներով»:

Դավիթ Բաբայանը հույս հայտնեց, որ այս զինադադարն, այնուամենայնիվ, իր նպատակին կհասնի. «Կրկնում եմ՝ անկախ ամեն ինչից, մենք շատ լավ ենք գիտակցում, թե ում հետ գործ ունենք, ուստի մեր զինված ուժերը շարունակելու են իրենց հերոսական եւ պատմական առաքելությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031