Աշխարհի գրեթե բոլոր երկրներում ու խոշոր քաղաքներում հայ համայնքը շարունակում է բողոքի խաղաղ ցույցեր անցկացնել՝ ընդդեմ Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի, Թուրքիայի եւ նրանց եղբայր միջազգային ահաբեկչական կազմակերպությունների սանձազերծած պատերազմի:
Երեկ հայկական համայնքը Հայաստանի, Արցախի, ԱՄՆ-ի պետական դրոշներով եւ թուրք-ադրբեջանական ահաբեկչությունները դատապարտող մեծադիր պաստառներով բողոքի խաղաղ երթ էր կազմակերպել Չիկագոյում՝ ԱՄՆ կառավարությունից պահանջելով հստակ գործողություններ կատարել Անդրկովկասում միջազգային ահաբեկչության կենտրոն երկրների վերածված Թուրքիային ու Ադրբեջանին կանգնեցնելու եւ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցում:
Չիկագոյի քաղաքապետարանի առջեւ կազմակերպված հանրահավաքում ՀՅԴ Չիկագոյի Քրիստաֆոր կոմիտեի ատենապետ Հակոբ Սոլակյանն ասաց, որ իրենք հավաքվել են այստեղ եւ գիտեն, որ կոնգրեսականներին ամեն օր պիտի հեռախոսազանգեր անել, նամակներ պիտի ուղարկել, ներկա պիտի գտնվել ցույցերին: Բայց անհրաժեշտ է ավելին անել, որպեսզի իրենց ձայնը լսեն աշխարհի չորս կողմում, իսկ այս պահին հատկապես այստեղ՝ Չիկագոյի քաղաքապետարանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ