Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասցնում ենք հարվածներ, որտեղ անհրաժեշտ է, եւ մեր ՀՕՊ-ի հարցերն ինքներս լուծում ենք». Արծրուն Հովհաննիսյան

Հոկտեմբեր 17,2020 23:17

«Մարդիկ թաքցնում են իրենց տարիքը, ֆիզիկական վիճակը, որպեսզի կամավորագրվեն, ես ամեն օր հանդիպում եմ տղաների եւ աղջիկների, որոնք խնդրում են, որ զինվորագրենք իրենց: Ժամանակին չեն ծառայել տարբեր պատճառներով՝ առողջական, ընտանեկան, օրենքով, գիտական թեզեր պաշտպանելով, բայց հիմա շատ են ուզում, գնում են զինկոմիսարիատներ, իսկ օրենքը թույլ չի տալիս, մերժվում են: Ամեն անգամ ինձ խնդրում են՝ ինչպե՞ս անենք, որ գնանք ճակատ, զենք բռնել սովորենք եւ այլն… Մենք չենք կարող այսքանից հետո չհաղթել, պարտավոր ենք հաղթել ու հաղթելու ենք»,-ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցում:

Հակաօդային պաշտպանության մասին ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանելով՝ ՊՆ ներկայացուցիչն ընդգծեց, որ չի կարող քաղաքական հարցերի պատասխանել, ապա հավելեց. «Բացի դրանից, այս պահին մենք մեր ՀՕՊ-ի հարցերն ինքներս լուծում ենք, եւ ընդհանրապես՝ մենք ինքներս ենք մեր կռիվը մղելու, ինքներս ենք մեր հողը պաշտպանելու: Մեզ կարող են օգնել մեր ընկերները, դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելու»:

ՀՀ քաղաքացիություն չունեցող քաղաքացիներն ինչպե՞ս կարող են համալրել կամավորների շարքերը: Այս հարցին էլ Արծրուն Հովհաննիսյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Մեր այն հայրենակիցների հետ կապված, որոնց օրենքով չենք կարող զինվորագրել, չենք կարող զորակոչել, բայց ուզում են գալ, ես չգիտեմ, թե ինչ պետք է անենք: Միգուցե դիմում է պետք գրել մեր կառավարությանը, պաշտպանության նախարարությանը, միգուցե ինչ-որ տարբերակ գտնվի: Բայց օրենքով, եթե ՀՀ քաղաքացի չես, զորակոչվել չես կարող»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ հայկական կողմը չի փորձում վերջակետ դնել պատերազմին՝ հստակ, հուժկու կետային հարվածներ հասցնելով հակառակորդի ռազմական, կենսական կետերին, սնուցումն ապահովող ենթակառուցվածքներին՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մի քանի անգամ խնդրել եմ նմանաբնույթ հարցեր չուղղել, որովհետեւ հարցի առաջին մասից այնպիսի տպավորություն է, որ մեր գլխավոր շտաբում բոլորը գիտեն, որ դա հնարավոր է եւ հատուկ չեն անում:

Այդպես չէ: Հասցվում են այն հարվածները, որտեղ անհրաժեշտ է: Ձեզ ինչո՞ւ է թվում, որ ինչ-որ մի հարվածից հետո Ադրբեջանը պետք է դադարի: Մենք շատ հաճախ մտածում ենք մեր չափորոշիչներով, մեր ձեւով, որ եթե ազդենք այս կետի վրա, պատերազմը կավարտվի: Բայց դիմացինը այդպես չի մտածում: Դիմացինը գուցե իր զորքի 99 %-ն էլ կորցնի, եւ շատ բաներ էլ կորցնի, այդ թվում՝ ենթակառուցվածքներ, բայց հանուն իր սեփական իշխանության կանգ չառնի, այնպես որ՝ միշտ չէ, որ մեր մտացածով կարող են զարգանալ սցենարները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031