Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Բեգլարյան․ «Հայ ռազմագերիների դաժան սպանությունն ապացուցված է»

Հոկտեմբեր 17,2020 22:01

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեսանյութը, որտեղ ադրբեջանցիները դաժանաբար սպանում էին հայ երկու ռազմագերիներին`տարեց տղամարդու եւ մի երիտասարդի, փորձագիտական ուսումնասիրությամբ ապացուցվել է՝ այն իրական է, որեւէ կեղծիք չկա՝ ի հեճուկս Ադրբեջանի հերքման։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա, տեսանյութում երեւում է, ինչպես է ադրբեջանական կողմը հայ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերում, պատժի տեսակ է կիրառում, նվաստացնում, տարեց մարդը քաղաքացիական անձ էր։ «Սա խստագույն պետք է դատապարտվի միջազգային հանրության եւ հատկապես իրավապաշտպան համայնքի կողմից։ Որոշակի արձագանքներ եղել են, բայց ես ինքս բավարարված չեմ այդ արձագանքներով, պետք է շատ ավելի հստակ արձագանքներ լինեն եւ առավելագույնս կատարվի այս հանցագործությունը կատարածի ինքնությունը պարզելու եւ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ»։

Նման դաժան վերաբերմունքի կրկնությունը Արցախի ՄԻՊ-ը չի բացառում, քանի որ ադրբեջանական զինված ուժերում եւ Արցախի դեմ սանձազերծած պատերազմում ներգրավված են թուրքական զինված ուժերը, ահաբեկչական խմբավորումները, որոնք ունեն ընդգծված հայատյացություն ու ցեղասպանական մոտեցում հայության հանդեպ․ «Այստեղ միջազգային հանրությունն ընդգծված պարտավորություններ ունի, որպեսզի կանխարգելի նման հանցագործությունները»։

Արտակ Բեգլարյանն ասաց, որ Ադրբեջանի ԶՈւ-ի ուղիղ, դիտավորյալ եւ չտարբերակված թիրախավորման հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ լքել են իրենց տները՝ մի մասն ապաստանելով ավելի անվտանգ բնակավայրերում, մյուս մասը` Հայաստանում։
Բեգլարյանի կարծիքով, միջազգային հանրությունը ձախողում է իր պարտականությունների կատարումը․ «Վաղուց առկա են ապացույցներ, որ Արցախում կատարվում են լայնածավալ դիտավորյալ հանցագործություններ, որոնց տարածման ռիսկերն աընդհատ մեծանում են»։

Ուստի, ըստ Արցախի ՄԻՊ-ի միջազգային հանրությունը պետք է շտապի միջամտել եւ կանխարգելել Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները Արցախի բնակչության հանդեպ․ «Չհաշված որ Արցախի բնակչությունն ունի մարդասիրական բազմաթիվ կարիքներ, որոնք հայության եւ ԱՀ ուժերով փորձում ենք կարգավորել, բայց եթե այսպես շարունակվի՝ խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու՝ հաշվի առնելով նաեւ Քովիդ 19-ի համավարկը»։

Անդրադառնալով մեկ այլ տեսանյութի, որտեղ էլ ներկայացվում էր, որ հայ բժիշկները վիրահատել են ադրբեջանցի ռազմագերուն, Բեգլարյանը նշեց, որ առողջապահական համակարգի պատասխանատուները պատշաճ բուժօգնություն են ցուցաբերում նրան։ Մարդու իրավունքների պաշտպանը վստահեցնում է` իր լիազորությունների շրջանակներում պատրաստ է ապահովել ռազմագերու իրավունքների պաշտպանությունը, եթե դրա կարիքն առաջանա։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031