Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ-ը փակ զեկույց է պատրաստել․ նկարագրված են դաժան պատկերներ

Հոկտեմբեր 17,2020 21:22

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը, բացի միջանկյալ երկու զեկույցներից, պատրաստել եւ ամփոփել է նաեւ  մեկ փակ զեկույց՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ քաղաքացիների նկատմամբ  անմարդկային վերաբերմունքի մասին ։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Նա ասաց, որ այդ զեկույցը փակ է, քանի որ այնտեղ նկարագրված են շատ դաժան պատկերներ, ուստի պաշտպանը գտել է, որ այն պետք չէ հանրայնացնել։ Այս զեկույցն արդեն ուղարկվել է  համապատասխան մարմիններին, որոշում կայացնողներին, որպեսզի տեսնեն, թե ինչպես է հակառակորդը վարվում հայ զինծառայողների դիակների, ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հանդեպ։

Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, ինչի հետեւանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով, լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ եւ այլն), ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Այս պահին ադրբեջանական հրթիռահրետակոծությունից կա 36 քաղաքացիական  զոհ, 115 վիրավոր՝  սեպտեմբերի 27-ից սկսած։  36-ից  20-ը սպանվել է իր բնակության վայրում։ Սա, ըստ պարոն Բեգլարյանի, նշանակում է, որ  ադրբեջանական  կողմը  անակնկալ հարձակում է կատարել եւ թիրախային դիտավորյալ հարձակում է կատարել․«Իսկ ադրբեջանական կողմը կիրառում է գերճշգրիտ հրթիռային համակարգեր  եւ ԱԹՍ-ներ,  որոնց միջոցով հնարավոր է կանխատեսել, թե ինչ թիրախի են հարվածում, սխալվելու հավանականությունը գործնականում շատ ցածր է։  36 քաղաքացիական զոհերից 8-ը կին է, մոտ կեսը՝  50-ից բարձր տարիքի։ Քաղաքացիական վիրավորների մոտ կեսը վիրավորվել է իր բնակության վայրերում, մյուս մասը՝ աշխատանքի վայրում կամ անվտանգ տեղ տեղափոխվելիս։ Հարվածները  եղել են կամ թիրախային, կամ չտարբերակված, բայց երկուսն էլ միջազգային մարդասիրական իրավունքով համարվում են ծանր, պատերազմական հանցագործություններ»։

115 վիրավորներից  95-ը լուրջ վիրավորումներ են ստացել։

Վնասված 310-ից ավելի ենթակառուցվածքների մեջ մտնում են էլեկտրամատակարարման համակարգերը, կայանները, ցանցերը, նույնը՝ կապի եւ հաղորդակցության, ջրամատակարարման, գազամատակարարման ոլորտում, ինչպես նաեւ տրանսպորտային, ճանապարհատրանսպորտային ոլորտում՝ ներառյալ կամուրջները։ Արտակ Բեգլարյանն ասաց, որ սրանք  դեռ համեստ տվյալներ են, հակառակորդն այնպիսի զինտեխնիկա է օգտագործում, որ  մեկ հարվածից տասնյակ եւ հարյուրավոր անշարժ եւ շարժական գույքեր են վնասվում։

Հոկտեմբերի 10-ին հրադադարի հայտարարելուց հետո Ադրբեջանը   շարունակել է խաղաղ բնակավայրերի  թիրախավորումն  ու հրթիռակոծությունը, ռմբակոծությունը,  ինչի հետեւանքով, ըստ Արցախի պաշտպանի, առնվազն 8 քաղաքացիական  անձ է սպանվել, երեկ եւ այսօր 6  քաղաքացիական անձ  վիրավորվել է,  3-ը՝ Շոշում, 3-ը՝ Ստեփանակերտում․«Երկու դեպքում էլ,  ակնհայտ է, որ  խաղաղ բնակավայրերին են թիրախավորված հարվածել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031