Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ էստեղ լավ են նայում, բայց մենք ուզում ենք հետ գնանք մեր տունը՝ Արցախ». Արցախցի կանայք Դիլիջանում ժենգյալով հաց են պատրաստում և վաճառում

Հոկտեմբեր 17,2020 20:10

Արցախից ժամանակավոր Դիլիջան տեղափոխված ընտանիքները, որոնք ապաստան են ստացել «Հովեր» հյուրանոցում և հարակից տներում, միավորվել և ժենգյալով հացի բիզնես են սկսել։

Համացանցում մեծ տարածում գտած ժենգյալով հացը այժմ առաքում են ոչ միայն Դիլիջանի տարածքում, այլ նաև օրական երկու անգամ առաքում է լինում դեպի Երևան։

«Սկզբում բնակիչները պատրաստում էին մեր համար, բայց քանի որ շատ լավ էր ստացվում, մտահղացում եղավ այն վաճառել և հասույթը տրամադրել մեր հյուրանոցում և հարակից բնակավայրերում ապաստանած արցախցի ընտանիքների կարիքներին»,- Aravot.am – ի հետ զրույցում նշեց «Հովեր» հյուրանոց – ռեստորանի սեփականատեր Վարուժան Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ արդեն նպատակներ կան այս նույն խմբով այլ ճաշատեսակներ ևս պատրաստել. «Պատրաստվում ենք նաև Ղարաբաղի փախլավան պատրաստել, իսկ ապագայում, երբ պատերազմը ավարտվի, այս նույն թիմով Շուշիում ենք ռեստորան բացելու»։

Մարտակերտ քաղաքի բնակիչ 17-ամյա Նազելի Մանգասարյանի խոսքով՝ մինչև այս բիզնեսի սկսելը իրենց համար օրերը շատ դժվար ու ծանր էին անցնում, իսկ հիմա միահամուռ ու անդադար աշխատանքն օգնում է թեթևանալ. «Առաջին օրը, երբ սկսեցինք թխել վաճառելու համար, շատ քիչ էին պատվերները, իսկ հիմա այնքան շատ են, որ աշխատողի պակաս է զգացվում և աշխատատեղեր են բացվել»։

Նազելիի խոսքով՝ չնայած իրենց այստեղ շատ լավ են վերաբերվում, սակայն իրենք անհամբեր սպասում են Արցախ վերադառնալուն. «Ամեն օր արթնանում եմ ու երազում եմ, որ կասեն՝ պատերազմը վերջացել է ու կարող ենք մեր տուն գնալ»։


Ժենգյալով հաց պատրաստող կանանց կողքին էլ անդադար վազվզող ու աղմկող երեխաները ևս մի երազանք ունենք՝ վերադառնալ իրենց տուն ու իրենց առօրյա կյանքով ապրել։

8-ամյա Դենիսը երազում է ֆուտբոլիստ դառնալ, իսկ այն հարցին, թե ով է իր ամենասիրելի ֆուտբոլիստը` պատասխանեց. «Մարտունիից Նորիկը»։
Իրինան, որն իր ութնամյակը երեկ էր նշել, ասաց` ծննդյան մոմերը փչելիս մի երազանք էր պահել, որ ամեն ինչ լավ վերջանա ու իրենք տուն վերադառնան։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031