Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում Հայաստանի եւ բոլոր երկրների իշխանություններին եւ միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը․ հայտարարություն

Հոկտեմբեր 17,2020 18:24

Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի միացյալ զինված ուժերը` ահաբեկիչ-վարձկանների ներգրավմամբ, իրենց ողջ զինուժը նետեցին Արցախի վրա։

26 տարի շարունակ ադրբեջանական կողմը թե՛ պաշտոնական մակարդակում, թե՛ քաղաքացիական դիվանագիտության շրջանակներում բացարձակ անհանդուրժողականություն է դրսեւորել փոխզիջումների հարցում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա իր վերահսկողության ներքո։ Այդպիսով, Ադրբեջանի կողմից կտրականապես մերժվել է Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։ Բաքվի որդեգրած վերջնագրերի լեզուն առ ոչինչ է դարձրել միջազգային միջնորդների ջանքերը եւ այլընտրանքային խաղաղարար նախաձեռնությունները։

Միաժամանակ, Ադրբեջանը մշտական սադրանքների է դիմել Արցախի եւ Հայաստանի սահմաններին՝ խախտելով կրակի դադարեցման ռեժիմը, հայատյացություն բորբոքելով իր հասարակության մեջ՝ ռասիզմը բարձրացնելով մինչեւ պետական քաղաքականության աստիճանի։ Հասնելով Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարած եւ հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված քրեական հանցագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը եւ վերջինիս հերոսացնելով, Արցախի դեմ 2016 թվականի ապրիլին պատերազմ սանձազերծելով եւ իր զինվորականների կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունները թույլ տալով, Բաքուն ամեն անգամ վերահաստատել է, որ Ադրբեջանի Հանրապետության կազմում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ գոյության հնարավորության մասին իր բոլոր հավաստիացումները ոչինչ չարժեն։

Հակամարտության 1992-1994 թվականների ամենաթեժ փուլին հաջորդած բոլոր տարիները լի են եղել այդ պետության ցեղասպան քաղաքականության բազմաթիվ դրսեւորումներով, որոնք Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված ցեղասպանության ուղղակի շարունակությունն են՝ հիմնված պատմության խեղաթյուրման եւ Ադրբեջանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության բացահայտ հավակնություններ վրա՝ ո՛չ միայն Արցախի, այլ նաեւ Երեւանի հանդեպ։

Արցախի խաղաղ բնակչության դեմ նոր՝ արդեն ադրբեջանա-թուրքական համատեղ ագրեսիան՝ միջազգային ահաբեկչական պատերազմի բոլոր դրսեւորումներով, մեր ժողովրդին այլ ելք չի թողել՝ բացի զենքը ձեռքին պաշտպանելուց իր նախնիների երկրում ապրելու իրավունքը։ Ոչնչացվում են քաղաքացիական օբյեկտներ՝ բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, էլեկտրակայաններ, կամուրջներ, ճանապարհներ, հուշարձաններ, մշակույթի օջախներ ու եկեղեցիներ։ Տարածաշրջանը հայտնվել է հումանիտար աղետի եզրին։
Այս պատերազմի արդյունքը կարող է լինել միայն արցախցիների ինքնորոշման վերջնական ամրագրումը՝ որպես ֆիզիկական գոյության եւ սեփական ինքնության պահպանման միակ միջոց։

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, ի դեմս հանրային գործիչների եւ հասարակական կազմակերպությունների առաջնորդների, կոչ ենք անում Հայաստանի եւ բոլոր երկրների իշխանություններին եւ միջազգային կազմակերպություններին, որոնց համար հումանիզմը, ազատությունն ու ժողովրդավարությունն անվերապահ արժեքներ են, առանց հապաղելու, հիմնվելով «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի եւ մեր քաղաքացիների՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով ամրագրված միաձայն կամարտահայտման վրա, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Այսօր չարի ու բարու սահմանագիծն անցնում է հենց մեր հողի վրայով, եւ հանո՛ւն ապագայի՝ յուրաքանչյուրը, ով հավատում է խաղաղությանն ու արդարությանը, պարտավոր է ցույց տալ, թե որ կողմում է ինքը։

Ժաննա Կրիկորովա, «Թատրոն» ստեղծագործական միության նախագահ
Իրինա Գրիգորյան, «Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ նախագահ
Գեղամ Բաղդասարյան, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ
Կիմ Գաբրիելյան, Արցախի լրագրողների միության նախագահ
Վարդան Հակոբյան, Արցախի գրողների միության նախագահ
Ալբերտ Ոսկանյան, Արցախի քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն
Գալինա Սոմովա, Արցախի ռուսական համայնքի նախագահ
Սոֆի Իվանիդիս, Արցախի հունական համայնքի նախագահ
Ջուլիա Առստամյան, «Հարմոնիա» ՀԿ նախագահ
Արթուր Առստամյան, Արցախի զոհված ազատամարտիկների հարազատների միության նսխագահ
Վերա Գրիգորյան, Արցախի անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ
Ռուզաննա Ավագյան, Արցախի փախստականների միություն
Սուսաննա Պետրոսյան, Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն
Գայանե Համբարձումյան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ

Քաղաքացիական ակտիվիստներ՝

Հասմիկ Առուշանյան
Կարինե Օհանյան
Աշոտ Սարգսյան
Քրիստին Բալայան
Ալվարդ Զաքարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031