Արձագանքելով շահագրգիռ հանրության հարցումներին՝ «Վալլեքս» խմբի ընկերությունները հայտնում են, որ «Վալլեքս» խմբի՝ Արցախում գործող արտադրական ձեռնարկությունները, այդ թվում՝ Արցախի խոշորագույն գործատու և հարկատու Կաշենի լեռնահանքային համալիրը, համապատասխան քաղաքացիական պաշտպանության պլաններով սահմանված կարգով բերվել են պատերազմական ռեժիմի՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից դադարեցնելով արտադրական գործունեությունը։ Միաժամանակ, որպես ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմին, խմբի ընկերությունները՝ իրենց անձնակազմերով անմիջականորեն ներգրավված են Արցախի պաշտպանությանը։
Արտադրական օբյեկտները պատերազմական գործողությունների հետևանքով վնասված լինելու մասին տեղեկություններ չկան։
Չնայած ռազմական դրության պայմաններում ֆինանսական մուտքերի ժամանակավոր դադարեցմանը և պաշտպանական նպատակներով առկա ծախսերին՝ Արցախում «Վալլեքս» բարեգործական հիմնադրամը շարունակելու է սոցիալական ներդրումները։ «Վալլեքս» հիմնադրամի 2020թ. ծրագրով Մարտակերտի շրջանում նախատեսված ավելի քան 400 մլն ՀՀ դրամ սոցիալական ներդրումների հիմնական մասն արդեն իրականացված է։
Ի լրումն այս ամենի՝ «Վալլեքս» խմբի ընկերությունները և խմբի աշխատողները Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» ֆոնդին նվիրաբերում են 200 մլն ՀՀ դրամ:
Կարդացեք նաև
«Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին