Aravot.am-ը շրջել է Ստեփանակերտով և արձանագրել քաղաքի հրթիռակոծության հետևանքները։
Հրթիռակոծությունից անմասն չեն մնացել բնակելի շենքերը և տները։
Տներից մեկի հարևան Սվետլանա Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում հիշեց նախորդ գիշերը կատարվածը․ «Առաջին անգամ, որ խփեց, պառկած եմ եղել, վեր եմ կացել, դե ի՞նչ անեմ, ինձ հավաքել եմ։ Հետո նորից պառկել եմ, մտածել եմ՝ սրանք սուս անող ազգը չեն։ Նորից, նորից տեսնեմ՝ ի՞նչ ուժով, ի՞նչ թափով արեց։ Ես երկու կռիվ եմ տեսել, այդպիսի ուժեղը չեմ տեսել»։
Նա հարևանների հետ լավ հարաբերություններ ունի, ընտանիքներով միշտ շփվել են։ Այդ պահին էլ և՛ ինքը, և՛ հարևան Ռոզան տանը մենակ են եղել․ «Երեկոյան մի քիչ նստել էինք, ասացի՝ Ռոզա, գնանք քնենք, ուշ է արդեն։ Դե գնացել ենք, գիշերն այդ դեպքը կատարվել է»։
Կարդացեք նաև
Դեպքի պահին Սվետլանան լսել է հարևանուհու ձայները, սակայն չի կարողացել տնից արագ դուրս գալ․ ինքնազգացողությունը վատացել է։ Երբ արդեն դուրս է եկել, Շտապ օգնության ծառայությունը տեղում է եղել։
Վնասվել է նաև Սվետլանայի տունը, բայց նա դեռ չի հասցրել ծանոթանալ հասցված վնասներին․ «Վախենում եմ, շատ եմ վախենում, բայց բանակում կռվում են, ի՞նչ անեմ, ո՞նց թողնեմ։ Ամեն ժամ սպասում ես, որ մի խաբար կգա, հեսա կգա»։
Այդ պահին հրթիռակոծված տուն այցելեցին նաև տան տերերը։ Ընտանիքի կանայք հուզվում են՝ նայելով իրենց տան ավերածությանը։ Իսկ տղամարդիկ արագ տեղափոխում են առաջին անհրաժեշտության պարագաները և շտապում դեպքի վայրից։
Դեպքի վայր են այցելել նաև պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանը, ծանոթացել են իրավիճակին։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ ԱՎԱԳՅԱՆԻ