Հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայի հայ համայնքը Ժնևում ողջ երկրից այդտեղ ժամանած հայկական կառույցների ու անհատների մասնակցությամբ, կազմակերպել էր բողոքի ցույց՝ «մարդկային շղթա» (human chain)՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի, հանուն պատերազմական գործողությունների դադարեցման և Արցախի անկախության ճանաչման։
Մարդկային հսկայական շղթան, որը հինգ հարյուրից ավելի մարդ էր համախմբել, ձգվում էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակից մինչև Միավորված ազգերի կազմակերպության Ժնևի կենտրոնակայան։
Ցուցարարներն իրականացրել են ջահերով երթ՝ շվեյցարական հասարակության ու ՄԱԿ-ի կառույցների ուշադրությունը հրավիրելով ադրբեջանական ագրեսիայի, դրա ցեղասպանական դրսևորումների, խաղաղ բնակչության, մշակութային ու կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման, մարդու իրավունքների ու հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների, ահաբեկչական տխրահռչակ կազմակերպությունների ու Թուրքիայի ներգրավվածության վրա։
Կարդացեք նաև
Երթի մասնակիցները դատապարտել են Արցախի դեմ սանձազերծված հարձակումը և կոչ արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ պաշտպանելու համար նրա ժողովրդի էկզիստենցիալ անվտանգությունը Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկվելու վտանգից։
Բողոքի ցույցին մասնակցում էին մի շարք պատգամավորներ ու հասարակական-քաղաքական գործիչներ։ Միջոցառմանը պաշտոնապես իրենց աջակցությունն են հայտնել Շվեյցարիայի շուրջ 30 կուսակցություններ ու կազմակերպություններ, ներառյալ՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը, Ժնևի սոցիալիստական կուսակցությունը, Ընտանիքների ժողովրդական շարժումը, Մարդու իրավունքների շվեյցարական լիգան։
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի հայ համայնքն Ադրբեջանի ագրեսիայի դեմ բազմամարդ բողոքի ցույցեր էր կազմակերպել նաև հոկտեմբերի 3-ին՝ Բեռնում և հոկտեմբերի 8-ին՝ Ցյուրիխում։