Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը նամակով դիմել է Դոնալդ Տուսկին․ «Միջազգային հանրությունը պետք է ընդունի, որ Ադրբեջանն է վիժեցրել ցանկացած հնարավոր խաղաղության պայմանավորվածություն»․ News.am

Հոկտեմբեր 17,2020 14:38

News.am-ը Սերժ Սարգսյանի գրասենյակից հետաքրքրվեց, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին կապ պահպանո՞ւմ է եվրոպացի գործընկերների հետ` ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Գրասենյակից պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում` դիվանագիտական, իր գլխավորած քաղաքական ուժի հետ միասին անել առավելագույնը:

«Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, այո, մշտական կապի մեջ է նաև իր եվրոպացի գործընկերների հետ:

Նախագահ Սարգսյանը երեկ նամակով դիմել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Դոնալդ Տուսկին` որպես Եվրոպայում առաջատար քաղաքական ուժի ղեկավարի և հարգված գործչի` հանգամանորեն ներկայացնելով Արցախում անցած քսան օրերին Ադրբեջանի, Թուրքիայի և նրանց կողմից հավաքագրված ջիհադիստ վարձկանների վարած անողոք և դաժան ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված ծանր իրավիճակը, որը հանգեցնում է մարդասիրական աղետի:

Սերժ Սարգսյանը խնդրել է ԵԺԿ նախագահին` հրապարակավ և ոչ հրապարակավ միջամտել և օգնել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդին, արթնացնել Եվրոպական քաղաքական հանրությանը՝ լուծելու Արցախի ժողովրդի առջև ծառացած հումանիտար աղետը: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ին և 28-ին Դոնալդ Տուսկի և ԵԺԿ-ի նախնական հանրային միջամտություններից ի վեր, որոնք ընդունվեցին պատշաճ կերպով, տեղական զարգացումները հանգեցնում են մարդասիրական աղետի.

«Նախորդող 20 օրերի ընթացքում մի փոքրիկ և խաղաղ երկրի 150 000 բնակիչները, ովքեր կառուցում էին իրենց ազատ և ժողովրդավարական հայրենիքը, ենթարկվում են անողոք և դաժան ռազմական ագրեսիայի: Լայնածավալ պատերազմ է մղվում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնց միացել են Սիրիայում և Լիբիայում հավաքագրված ջիհադիստ վարձկանները՝ փորձելով նվաճել Լեռնային Ղարաբաղը և հպատակեցնել նրա ժողովրդին, որոնք վաղնջական ժամանակներից ի վեր ապրում են այս հողի վրա: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Հայաստանի օժանդակությամբ հերոսաբար դիմագրավում է ադրբեջանա-թուրքա-ջիհադիստական կոալիցիայի վայրագ գրոհը. դիմակայություն, որը շատ ծանր է կորցրած մարդկային կյանքերի առումով՝ թե՛ զինվորական և թե՛ ոչ զինվորական: Արցախ երկիրը խեղդվում է մահաբեր զինամթերքի արտասովոր քանակից՝ հիմնահատակ խափանելով տասնամյակների զարգացումը և դժվարությամբ ձեռք բերված առաջընթացը.

Արցախի ժողովուրդը մարդասիրական պաշտպանության և օգնության խիստ կարիք ունի, քանի որ շարունակում է բախվել այս անասելի բարբարոսությանը»,-ասված է եվրոպացի գործընկերոջը Սերժ Սարգսյանի հղած նամակում:

Նախագահ Սարգսյանը առկա իրավիճակը համարել է էպիկական մասշտաբի ողբերգություն, որը ծավալվում է աշխարհի աչքի առջև, մինչդեռ բռնությունները դիվանագիտական ճանապարհով դադարեցնելու ջանքերը բախվում են ադրբեջանա-թուրքական անզիջողականությանն ու ռազմաշունչ հռետորաբանությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, գլխավորապես՝ Ռուսաստանը, ըստ ՀՀ երրորդ նախագահի, ներկայումս փորձում են վերակենդանացնել միջնորդական ջանքերը, մինչդեռ խաղաղ բնակչության պաշտպանությունը և նրանց հումանիտար կարիքները մնում են չլուծված: Լեռնային Ղարաբաղը դառնում է Եվրոպայում մարդասիրական պաշտպանության «սև խոռոչը»:

Սերժ Սարգսյանը նաև որոշակի լուծումներ է առաջարկել, որոնք ձեռնարկելու պարագայում, կարող են ազդել իրավիճակի փոփոխության վրա.

«Համոզված եմ՝ հիշում եք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերջին տասնամյակում մշակել է հակամարտության կարգավորման առաջարկների հիմնական փաթեթ, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ամրագրված է որպես քաղաքական-դիվանագիտական լուծման բանաձևի հիմնական սկզբունքներից մեկը: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ներառվել է նաև ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում (ՀԸԳՀ), որը մեր երկուսի ներկայությամբ ստորագրվել է 2017-ի նոյեմբերին: Միջազգային հանրությունը պետք է պատշաճ կերպով ընդունի, որ Ադրբեջանն է վիժեցրել ցանկացած հնարավոր խաղաղության պայմանավորվածություն՝ ամեն անգամ, երբ մենք դրան թզաչափ մոտեցել ենք»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031