«Միջազգային կազմակերպությունների մի մասը կախված է կառավարություններից, նրանց որոշումներն ընդունվում են կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ, որպես կանոն, բավականին զգուշավոր են դիրքորոշումներում: Ինչ-որ տեղ նաեւ պարտավոր են անկողմնակալ լինել, բայց, կարծում եմ, տարիների ընթացքում, մասնավորապես, ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, անկողմնակալությունը շփոթել են անտարբերության հետ»,-«Մեդիա կենտրոն»-ի կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի լայնածավալ ռազմական ագրեսիայի հանդեպ միջազգային կառույցների անտարբերության փաստին՝ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
«Բռնապետության հանդեպ չեզոք լինելն ամբողջությամբ վերափոխում է այդ կառույցների առաքելությունը: ՄԱԿ-ն, օրինակ, որդեգրել է խաղաղության եւ անվտանգության արժեքները, սակայն մոտ յոթանասուն տարի անց իր առաքելությունը պատշաճ չի կարողանում իրականացնել: Աշխարհում շատ կան կետեր, որտեղ պատերազմներ են: Մենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ակտիվությունն ենք ակնկալում, որը փաստահավաք օղակ է եւ կենտրոնական գրասենյակին կարող է իրավիճակի մասին տեղեկություններ հաղորդել: Նման իրավիճակում անտարբերություն տեսնելը՝ լուռ համաձայնությունը, անընդունելի է եւ հակասում է ՄԱԿ-ի առաքելությանը: ՄԱԿ-ը պետք է միջոցներ ձեռնարկի՝ Արցախում փաստահավաք աշխատանք կատարելու համար»,-շեշտեց Սոնա Այվազյանը:
https://www.facebook.com/mediacenterarmenia/videos/4022906341069885/?v=4022906341069885
Նրա բնորոշմամբ՝ ստացվում է, որ չճանաչված պետություն համարվող Արցախում ապրողները եւս «չճանաչված» են համարվում. «Տպավորություն է, որ մարդիկ գոյություն չունեն, որեւէ մեկը հոգ չի տանում նրանց մասին: Եթե, օրինակ, Գյանջայում հրթիռակոծություն է լինում, եւ դիվանագիտական առաքելությունները ժամանում են դեպքի վայր, Արցախի դեպքում միջազգային դիվանագիտական կառույցները չճանաչված տարածք այցելելու սահմանափակումներ ունեն: Սա այն դեպքում, երբ մարդիկ են մահանում: Կարեւոր է, որպեսզի միջազգային կառույցները չդանդաղեն: Մինչեւ մի նիստ են անում, հարյուրավոր մարդիկ են զոհվում բոլոր կողմերում»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ աջակցությամբ ռազմական լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի դեմ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Դուք ՄԱԿ-ին և այլ կազմակերպություններին ,,անհիմն,,եք քննադատում՝ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց մեկ թափառական շուն գնդակահարեք/խեղճ շուն/ և նրանք թմբիրից իսկույն կարթնանան և պարոն Գուտերեշը չի հապաղի մեղադրական հայտարարություն կատարել…իբր գործ են անում…