Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ադրբեջանը հրաժարվել զինվորականներ ուղարկել Մոսկվա՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ ԼՂ հարցով հանդիպմանը. փորձագիտական կարծիք

Հոկտեմբեր 17,2020 12:55

«Ադրբեջանցիները հենց նեղն են ընկնում, այն ժամանակ պատրաստ են աղերսել, աղաչել, որպեսզի հրադադար հաստատվի, իսկ եթե իրավիճակը, ռազմական գործողություններն իրենց օգտին լինեն, բնականաբար, ամեն կերպ վիժեցնելու են բոլոր տեսակի պայմանավորվածությունները»,- Aravot.am-ի փաստմանը՝ Ադրբեջանը հրաժարվել է զինվորականներ ուղարկել Մոսկվա` Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ Լեռնային Ղարաբաղի հարցով հանդիպմանը և հարցին՝ ի՞նչ զարգացումներ սպասել, այսպես պատասխանեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է, որ Երևանը համաձայն է Ռուսաստանի առաջարկին և ուղարկել է իր բանակցողներին ու նշել. «Մեր տեղեկություններով՝ Բաքուն իր ներկայացուցիչներին չի ուղարկել այս հանդիպմանը: Սա նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, հրաժարվում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից և մերժումով է պատասխանում Ռուսաստանի նախաձեռնությանը»: Մինչդեռ նախատեսված երկխոսության ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեին հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմը։

Արմեն Վարդանյան

Մեր հարցին՝ սա նշանակո՞ւմ է արդյոք, որ պաշտոնական Բաքուն ակնհայտորեն հրաժարվում է մոսկովյան պայմանավորվածություններից, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Այո, քանի որ նախ Ադրբեջանի համար իր զինվորների դիակները որևէ արժեք չունեն, և դա նրանց ընդհանրապես չի մտահոգում, որ հանեն այդ դիակները ռազմաճակատից: Երկրորդ, իրենք ուզում են անընդհատ դիրքեր գրավել, առաջ գնալ: Ժամանակի վրա են խաղում: Բայց եթե մենք ջախջախենք նրանց, իրենք են ստիպված լինելու գալ, հրադադար աղերսել: Հիմա իրենք ժամանակի վրա են խաղում և ուզում են թույլ չտալ, որպեսզի այդ կարճ ժամանակում հայկական բանակը վերակազմավորի իր դիրքերը»:

Դիտարկմանը՝ դա նաև ՌԴ-ի խնդիրն է, քանի որ Ադրբեջանն այսպիսով մերժում է նաև Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում, նվազում է ՌԴ-ի դերակատարությունը և հարցին՝ դա ի՞նչ վտանգներով է հղի Հայաստանի համար, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Առաջին հերթին Ռուսաստանի համար է դա վտանգավոր, քանի որ սովորաբար միջնորդ երկրները, որոնք որևէ հարցում կողմերի միջև պայմանավորվածության են հասնում, նաև իրենց հեղինակությունն են դնում տվյալ դեպքում խաղասեղանին: Ադրբեջանը, մերժելով, չկատարելով իր պարտավորվածությունը, մոսկովյան պայմանավորվածությունները, նաև ապտակ է հասցնում Ռուսաստանի հեղինակությանը, որի մասին արդեն իսկ բացահայտ խոսում են ռուս շատ փորձագետներ: Դրա համար, այո, սա նաև Ռուսաստանի պատվի և արժանապատվության հարցն է, և պետք է ամեն ինչ անեն, որպեսզի պատժեն իրենց հեղինակությանը վնաս տված Ադրբեջանին»:

Հետաքրքրվեցինք՝ մի կողմից Ադրբեջանը մերժում է Ռուսաստանի առաջարկը, մյուս կողմից փորձում ժամանակ շահել, սա չի՞ նշանակում արդյոք, որ ունի հստակ երաշխիքներ, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ունեն, հավանաբար, բայց մեզ համար վտանգն այն է, որ Ադրբեջանն այսպես ասած պայմանավորվածությունների ունակ չէ: Ռուսերեն ասում են недоговороспособный: Իրենց հետ շատ դժվար է պայմանավորվածության հասնել և իրենք միայն մեկ լեզու են հասկանում՝ ուժի լեզուն: Երբ նրանց առաջնագծում ջախջախիչ հարվածներ հասցնենք, այդ ժամանակ իրենք են աղերսելու, գալու, խնդրելու, աղաչելու, որ հրադադար հաստատվի: Իսկ մնացած դեպքերում ամեն կերպ իրենք փորձելու են խախտել բոլոր պայմանավորվածությունները, եթե ժամանակն իրենց օգտին աշխատի»:

Ըստ քաղաքագետի՝ դիվանագիտությունն, իհարկե, շատ կարևոր է, բայց տվյալ դեպքում երկրորդական է. առաջնահերթ են հենց բանակի հաջողությունները. «Եթե բանակը լուրջ հաջողություններ ունենա, դիվանագիտությունն ավելի լայն դաշտ կստանա աշխատանքի համար: Եթե մենք ձախողում ունենանք, դիվանագիտությունն էլ է ծանր վիճակում հայտնվելու: Դրա համար պատերազմի ելքը տվյալ դեպքում որոշվում է ռազմի դաշտում, այլ ոչ թե դիվանագիտական ճակատում»:

Արմեն Վարդանյանը հիշեցրեց՝ նույնը նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ է եղել ու պատմեց. «Երբ մերոնք այն ժամանակ տարածքներ էին զիջում, իրենք որևէ հրադադարի մասին չէին էլ ուզում լսել: Հենց իրավիճակը փոխվեց մեր օգտին՝ մերոնք սկսեցին ազատագրել տարածքները, իրենք սկսեցին խնդրել, ուղղակի աղաչել, նույնիսկ ստիպված եղան ԼՂՀ-ի իշխանությունների հետ բանակցությունների մեջ մտնել: Իսկ մինչև այդ նրանք ընդհանրապես մերժում էին, որ Ղարաբաղում կարող է լինել օրինական իշխանություն. ասում էին սեպարատիստներ, անջատողականներ: Նույնիսկ 1993-ի մի նամակ կա, որ ադրբեջանցիները դիմում են հայկական կողմին և այդ նամակում նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարություն: Նման ձևակերպում կա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031