Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հաղթահարել կորստի ցավը, տագնապի, վախի, մեղքի զգացումը․ հոգեբան Լիլիթ Խաչատրյանն այս ամենի ու նաև այն մասին, որ պետք է հավատալ ու վստահել

Հոկտեմբեր 17,2020 23:00

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ, որը մեզ հետ զրույցում հանգամանորեն անդրադարձել է կորստի ցավի, վշտի հաղթահարման փուլերին, տագնապի, վախի, մեղքի զգացումները հաղթահարելու ուղիներին։

-Տիկին Խաչատրյան, մեր երկիրը դեռ չէր հասցրել հաղթահարել համավարակով պայմանավորված ճգնաժամը, երբ բախվեց շատ ավելի մեծ ու կորստաբեր մարտահրավերի, ինչպիսին պատերազմն է․ այս ամենով պայմանավորված՝ հոգեկան ինչպիսի՞ խնդիրներ կարող են զարգանալ բնակչության շրջանում, կարո՞ղ են արդյոք այդ խնդիրները վերաճել առողջական լուրջ պրոբլեմների։

-Համավարակը, մահերը, սահմանափակ կյանքի ձևերը, արգելափակումները հասարակության շրջանում սթրեսային են, որոնք ուղեկցվում են տարաբնույթ վախերով, տագնապներով, տագնապային խանգարումներով և նաև դեպրեսիվ վիճակներով: Հոգեբանական հյուծվածությունն ու կյանքի ռիթմի ապահարմարվողականությունը դեռ չհաղթահարած՝ հայտնվում ենք պատերազմական իրավիճակում, իսկ պատերազմական իրավիճակը հոգետրավմատիկ ցնցում է հասարակության համար, երբ կորցնում ես հարազատներիդ, ներկա ես լինում կամ ոչ ուղղակի ներկայությամբ տեսնում ես սարսափելի տեսարաններ, խախտվում է կյանքի բնականոն ընթացքը, տեղահանվում են բնակիչները, կորցնում են իրենց բնակարանները, ավերածությունների են ենթարկվում, վտանգվում է նաև սեփական կյանքը:

Իհարկե, այս ամենը հոգեցունց երեևույթներ են, որոնք անհետևանք չեն մնում և կարող են դրսևորվել ընդհանրացված կամ յուրահատուկ վախերով, տագնապային խանգարումներով, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներով, որոնց բնորոշ ախտանշաններն են կրկնվող տեսարանները, հիշողությունները, ձայները, անհանգստությունը, մշտապես տագնապի զգացումը, զայրույթը և ագրեսիվ վարքագիծը, ապատիկ վիճակը, անտարբերությունը, շրջապատից մեկուսացումը, քնի խանգարումները և այլն: Պետք է նշեմ նաև, որ հոգեբանական բացասական դրսևորումները առաջացնում են նաև ֆիզիկական գանգատներ՝ գլխացավ, թուլություն, սրտխառնոց, ճնշման տատանումներ, աղեստամոքսային տրակտի խանգարումներ և այլն:

Կախված անհատական առանձնահատկություններից, կյանքի պատմությունից, սթրեսին դիմակայելու և հաղթահարելու ռազմավարությունից՝ կարող են դրսևորվել հոգեախտաբանական երևույթներ և զարգանալ հոգեկան հիվանդություններ:

-Հասկանալի է, որ այսպիսի դեպքերում մոտեցումը խիստ անհատական է, սակայն փորձենք մի քանի ընդհանուր եզր գտնել՝ ինչպե՞ս հաղթահարել այս ընթացքում առաջացող տագնապի, վախի զգացողությունները, խորացող սթրեսը։

Այսպիսի իրավիճակներում մենք․

  • Պետք է ընդունենք փաստը, որ եղածը եղած է, պատերազմ է, և պատերազմում գործողություններն ու ընթացքը կառավարելի չեն, և պատերազմում մարդկային մահերը, կորուստները և ավերածություններն անխուսափելի են:
  • Պետք է կարողանանք կենտրոնանալ ներկայի վրա, զբաղվել առօրյա գործերով:
  • Լրահոսին հետևելը պետք է դառնա կառավարելի, ասենք՝ ժամ սահմանել՝ առավոտ և երեկոյան միայն ինֆորմացիա ստանալ:
  • Ապագայի անորոշության հետ կապված մտքերը, որոնք դառնում են բացասական սցենարներ, անհրաժեշտ է դադարի հրահանգով կանգնեցնել՝ հասկանալով, որ դա ընդամենը անհանգստության մակարդակն է բարձրացնում և վերադառնալ ներկա միջավայր:
  • Պետք է հոգ տանենք սեփական անձի մասին՝ սնունդ, լիարժեք քուն, կիրառել ֆիզիկական վարժանքներ և այլն:
  • Կարևոր է նաև պահպանել դրական և հավասարակշռված մարդկանց հետ շփումը, որոնց շփման թեմաները ավելի շեղող և հանգստացնող կլինեն:

Հանգիստ և անաղմուկ սենյակում երբ մնում եք մենակ, փորձեք կարդալ ձեզ անհանգստացնող բոլոր մտքերը և թղթի վրա գրել դրանք, օրինակ՝ «բա որ հանկարծ պարտվենք, բա որ հանկարծ այսինչ մարդը մահանա, բա որ հանկարծ կորցնեմ ունեցածս և այլն», որից հետո, դուրս բերված բոլոր մտքերը սկսեք քննարկել, «ինչո՞ւ եմ ես այդպես մտածում, ի՞նչ հիմքեր ունեմ այդպես կարծելու, ինչո՞վ եմ դա ապացուցում և ինչո՞վ չեմ ապացուցում»:

Ապահովության զգացման բարձրացման համար շատ կարևոր է վեր հանել դժվարության հաղթահարման ձեր ստրատեգիաները, օրինակ՝ ովքեր են այն մարդիկ, որոնք ձեր կողքին են և կարող են օգնել, ինչ գործողություններ դուք կարող եք կատարել ցանկացած դժվարագույն իրավիճակում, որն է ձեր վարքի ամենաճկուն տարբերակը և ադապտիվ մտածողության ձեր ձևը՝ «ես կարող եմ, ինձ մոտ ստացվում է, ես հաջողակ եմ» և այլն:

-«Հաղթել ենք»-ի հանդեպ վստահությունն ու անվերապահ հավատն անկասելի է, սակայն մենք ամեն վայրկյան բախվում ենք կորստի ցավի հետ, և անգամ եթե այդ ցավն անմիջապես մեզ հետ կապված չէ, մենք ապրումակցում են նրանց հետ, որոնք այդ ցավի անմիջական կրողներն են։ Հոգեբանական տեսանկյունից ինչպե՞ս կարող ենք աջակցել կորստի ցավն անմիջականորեն կրողներին։

– Ցավալի է, բայց փաստ է, որ պատերազմական իրավիճակում մահերն անխուսափելի են, հասարակության շրջանում դրան առնչվում է  մարդկանց մեծամասնությունը: Մահից հետո վշտի ապրման ձևը բնական գործընթաց է՝ հոգու ցավը հաղթահարելու և ապաքինման համար: Յուրաքանչյուր մարդ վիշտը կարող է ապրել յուրովի, տարբեր դրսևորումներով, լացով, ապատիկ ապրումներով, տխրությամբ, տառապանքով, պոռթկումներով, պետք է ընդունենք, որ դա նորմալ է: Վշտի հաղթահարումը տևում է մոտավորապես 1 տարի, երբեմն էլ երկու տարի, որը տարբեր փուլերով է ընթանում՝ տարբեր ժամանակահատվածներում լինելով ավելի դոմինանտ, և յուրաքանչյուր փուլին բնորոշ են որոշակի զգացումներ և դրսևորումներ:

Յուրաքանչյուր փուլին, իհարկե, անհրաժեշտ են  օգնության համապատասխան ձևեր:

Շոկի և մերժման ռեակցիայի փուլում, երբ հարազատը տեղեկանում է հարազատի մահվան մասին, ինքնապաշտպանական մեխանիզմներն անձին կտրում են իրականությունից, և զգացումները քարանում են, կարծես անձը վերացած է, քարացած նստած է կամ աննպատակ գործողություններ է անում, գնում-գալիս է, հարվածում ինչ-որ բանի: Այս փուլում օգնության հիմնական նպատակը կապ հաստատել իրականության հետ և կենտրոնացնել փաստի վրա: Հարազատին դիմել անունով և փորձել հարցեր տալ մահացածի մասին, օրինակ՝ երբ է խոսել վերջին անգամ, ինչ է լսել և այլն:

Կարող ենք նաև ուշադրությունը կենտրոնացնել շրջապատում գտնվող այնպիսի առարկայի վրա, որը կապ ունի մահացածի հետ: Ամենակարևորն այս փուլում զգայական ապրումները հասկանալ և շեշտել, որ քո ցավը սարսափելի է, դու կորցրեցիր քո թանկ մարդուն և այլն, որը հնարավորություն կտա կորուսյալին ընդունել մահվան փաստը: Այս փուլում կարելի է նաև ֆիզիկական կոնտակտով սթափեցնել, բռնել ձեռքը, ուսերը, գրկել և այլն:

Զայրույթի և վիրավորանքի փուլում, որն արտահայտվում է մեղավորներ փնտրելով մահվան մեջ, մեղադրել իշխանավորներին, ընկերներին, բժշկին, այն մարդկանց, որոնք այս կամ այն կերպով մահացողի հետ առնչվել են, երբեմն նույնիսկ մահացողին է դա ուղղվում, պետք է օգնել, որպեսզի խոսի այդ մասին, արտահայտի իր հույզերը և նաև նորմալիզացնել, այսինքն ցույց տալ, որ դա նորմալ զգացում է, որովհետև զայրույթը կարող է այնքան մեծ լինել, որ հարազատին թվա, թե խելագարության է հասնում: Բացի դրանից պետք է ասել, որ այդ զգացումը ունենալը նորմալ է, քանի որ զայրույթից հետո կարող է առաջանալ մեղքի զգացում: Որից հետո պետք է քննարկել և իրադարձություններն ու զայրույթը դարձնել կառուցողական: Զայրույթն առաջանում է հիմնականում անկարողության և անօգնականության զգացումից: Կարևոր է այս փուլում այդ զայրույթի զգացումը օգնել դուրս բերել՝ ավելի արդյունավետ ճանապարհներ գտնելով, օգնել ֆիզիկական ակտիվությամբ և գործերով զբաղվելով, որը նույնպես զայրույթը թուլացնելուն է ուղղվում:

Մեղքի զգացումը առաջանում է, երբ կորուսյալին թվում է, թե հնարավոր է ամեն ինչ կառավարել, գերագնահատում է իր կարողություններն ու հնարավորությունները: Օրինակ կարող է ասել, եթե ես այնտեղ լինեի, եթե մի քիչ շուտ զանգեի, եթե չթողնեի, որ գնար և այլն: Մեղքի զգացումներում առկա է նաև գերբնական մտածողության հակվածությունը, այսինքն իր մտքերին վերագրում է գերբնականություն, օրինակ՝ եթե ես դրա մասին չմտածեի, չէր լինի, կամ այդ երազը չտեսնեի, չէր լինի, այսինքն շարունակ մեղադրում է իրեն: Այս դեպքում շատ կարևոր է քննարկել այն հանգամանքները, որում տեղի է ունեցել մահը և իր հնարավորությունների նկատմամբ պատկերացումները չեզոքացնել: Օգնել գիտակցելու, որ ապագայում ամեն ինչ չէ, որ կանխատեսելի է:

Մեղքի զգացում կարող է լինել նաև, երբ սկսում է հիշել դրվագներ, որտեղ հանգուցյալի հետ լավ հարաբերություններ չեն եղել, նեղացրել է կամ վիրավորել: Այս դեպքերում կարող եք քննարկել իրավիճակի մանրամասնությունները և ցույց տալ, որ այդ տեղում, այդ ժամանակում քո զգացումներն այդ են թելադրել, և դա այդ ժամանակի ճիշտ լուծումն է եղել: Կարող եք նաև առաջարկել նամակ գրել հարազատին՝ զգացումն արտահայտելու նպատակով:

Տառապանքի և ցավի փուլը հարազատի բացակայության լիարժեք գիտակցումն է, որը շատ ցավոտ է: Այդ բացակայությունը ուղեկցվում է նաև անիմաստության, տխրության, դատարկության զգացումներով: Տառապանքը նրա փոխարեն է, երբ սիրելի հարազատը մի ժամանակ կորուսյալի կողքին էր: Տառապանքի փուլում լավ կլինի հիշեցնել անցյալում մահացողի հետ ունեցած հաճելի հիշողություններ, նաև վատ հիշողություններ: Կորուսյալը մահացածին իդեալականացնելու հակում ունի, կարևոր է օգնել, որ ինքն էլ իր մեջ տեսնի իր արժանիքիները:

Օրինակ ասում է, որ հիանալի ընկեր էր նա, կամ շատ լավ հումոր ուներ, ցույց տալ, որ կորուսյալն էլ, օրինակ, ունի այդպիսի հատկանիշներ կամ այլ արժանի հատկանիշներ: Կարելի է նաև ցույց տալ, թե տառապանքին ինչպես կվերաբերվեր մահացածը, ինչպես կուզենար տեսնել կորուսյալին: Կարելի է ցույց տալ նաև, որ ապրումներումդ տառապանքն այնքան մեծ է, որ խանգարում է հոգ տանել մյուսների մասին:

Ընդունման և վերակառուցման փուլում, որը համընկնում է մոտավորապես մահվան մեկ տարվա հետ, վերջնականապես ընդունվում է մահվան փաստը: Ընդունվում է, որ այլևս չկա հարազատը, հոգեկանում վերակառուցվում է նոր վերաբերմունք իր, աշխարհի և մարդկանց նկատմամբ: Կյանքը նոր իմաստով է սկսում շարունակվել, նոր նպատակներ են ձևավորվում:

Բոլոր այս փուլերում տեղի ունեցող դրսևորումները հասկանալու և օգնելուն զուգահեռ շատ կարևոր է ամբողջ ընթացքում, երբ հարազատները հարազատի կողքին են, շատ ուշադիր լինեն և շատ նրբորեն վերաբերվեն, քանի որ ցանկացած անզգույշ խոսք կամ պահվածք կարող է շատ վիրավորել կորուստ ունեցող մարդուն:

Մի քանի ընդհանրացված կետեր, որոնք պետք է պահպանել.

  • Պատերազմում զոհվածների հարազատներին նախ պետք է երախտիքի, շնորհակալության, գնահատանքի և խրախուսման խոսքեր ասել, իմաստավորել մահը։
  • Պետք է կարողանալ ապրումակցում ձևավորել հարազատի նկատմամբ, այսինքն հասկանալ և ընդունել հարազատի զգացումները, լացը, տխրությունը, ցավը և այլն, հենարանի զգացում ապահովել և լսել անընդհատ:
  • Արտահայտել մասնակցությունը, օրինակ՝ ես էլ եմ շատ վշտացած, երբ դա տեղի ունեցավ։
  • Արտահայտել զգացումները հարազատի մոտ, որ ես քեզ հետ եմ և ապրում եմ այդ ցավը:
  • Ամեն օր հարցնել՝ ինչպես է ինքն իրեն զգում։
  • Առաջարկել օգնությունը․ օրինակ՝ ինչով կարող եմ ես քեզ օգնել։
  • Ուղղակի լինել սգացողի կողքին ֆիզիկապես և լսել նրան, բայց եթե չի ցանկանում խոսել, կարիքը չկա ստիպել:
  • Լինել լավ լսող և ցանկացած զգացում նորմալ ընդունել։
  • Հարկ չկա բոլոր գործերը վերցնել ձեզ վրա, եթե հարազատը ցանկանում է գործ կատարել, թողեք կատարի, շարժունակությունը շատ անհրաժեշտ է:

Մահացածի հարազատին չի կարելի ասել.

  • Ժամանակը կբուժի։
  • Մի լացիր, դա նրան դուր չի գա։
  • Նորից երեխա կունենաս։
  • Ավելի վատ բան կարող էր պատահել:
  • Պատկերացնում եմ, թե դու ինչ ես զգում, «ոնց որ յուրաքանչյուր մարդն է անկրկնելի, այնպես էլ մարդու կորուստը»
  • Պետք է շարունակես քո կյանքը։
  • Պիտի ավարտես տրաուրը:
  • Դու դեռ երիտասարդ ես, նորից կամուսնանաս։
  • Լավ է, որ դու մեկին ես կորցրել, մյուսները մի քանիսին են կորցրել։
  • Դու ուժեղ ես, դուրս կգաս այս վիճակից:

-Ինչպե՞ս հաղթահարել մեղքի զգացումը, որ դու այստեղ ես՝ թիկունքում՝ ապահովության մեջ, իսկ սահմանին քո անդորրը պահպանում են հազարավոր զրնգուն կյանքով երիտասարդներ, և որքանո՞վ է կարևոր պահպանել կյանքի սովորական ընթացքն այս օրերին։

– Այս պատերազմում միասնականության, համախմբվածության և պատրաստակամության ոգին կրկին անգամ հային բնորոշ նկարագիրն է: Յուրաքանչյուր ոք իր գործն է կատարում: Սակայն երբեմն մեր հնարավորությունները և կարողությունները սկսում ենք չափազանցնել և մեզ թվում է, որ կարող ենք անել ամեն ինչ, որպեսզի իրավիճակ փոխվի, բայց չենք անում և ունենում ենք մեղքի զգացում: Կամ սկսում ենք մտածել, որ մենք այնտեղ չենք, դրա համար ինչ-որ մի բան այնպես չէ, և ունենում ենք կրկին մեղավորութան զգացում:

Այս դեպքում շատ կարևոր է քննարկել հանգամանքները, օրինակ՝ ինչ կարող եմ ես անել ավելին, քան զինվորն է անում, ինչին եմ ես տիրապետում ռազմական գործողություններում, կամ որն է իմ թույլատրելի սահմանը: Նման վերլուծությունները թուլացնում են չհիմնավորված հնարավորության զգացումը: Իսկ եթե հիմնավորվում են հնարավորությունները և կարողությունները ինչ-որ բան անելու, այս դեպքում գործի պետք է անցնել, որն արդեն էքզիստենցիալ խնդիր է լուծում՝ փոխօգնության, աջակցության, սիրո, բարի գործ կատարելու։

Մենք տեսնում ենք՝ ինչպես են մարդիկ ներդրումներ կատարում, մեկը ֆիզիկապես է օգնում, մյուսը՝ իր մասնագիտությամբ, կացարաններ տրամադրում, հագուստներ և սնունդ հավաքագրում, շատ- շատերը գնում են մարտի դաշտ՝ կանգնելով հայրենիքի պաշտպանների կողքին, և այս ամենը չափազանց ողջունելի է: Շատ կարևոր է հավատի և վստահության գործոնը, այսինքն մեզանից բացի այլ մարդիկ էլ իրենց գործը կարող են լավ կատարել, իսկ եթե չի ստացվում՝ դա պայմանավորված է իրավիճակով, պայմաններով, հանգամանքներով, որում գտնվում է մարդը, և մենք շատ բան անել և փոխել չենք կարող:

Վերը նշված պատասխանում ես նշել էի, որ կորուստների ժամանակ՝ վշտի ապրման փուլում հարազատը կարող է ունենալ մեղքի զգացում, այս պատերազմական իրավիճակում համընդանուր է մեր վշտի ապրումը, կարծես խմբային վիշտ ենք ապրում գրեթե նույն օրինաչափությամբ, որ եթե մենք լինեինք կռվի դաշտում՝ մի բան կանեինք, մի բանով կօգնեինք, կփրկեինք: Պետք է ընդունենք, որ շատ հանգամանքներ մեզանով չեն պայմանավորված, հասկանալ՝ ինչն է կախված մեզանից և ինչը կախված չէ: Եվ մեղքի զգացումը մեր զինվորների կորուստների պարագայում պայմանավորված է նաև մահացած զինվորների նկատմամբ չափազանց սիրո, հարգանքի և պարտականության զգացումով:

Այս ամենը պահանջում է ժամանակ և խմբային ապաքինում: Մենք պետք է շատ լավ գիտակցենք նաև, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է իրականցնի իր դերը և պատասխանատվությունը այն ոլորտում, որը ստանձնել է կատարել: Զինվորն իր գործն է կատարում, մենք էլ մերը պետք է կատարենք, ուսուցիչը՝ դպրոցում, բժիշկը՝ հիվանդանոցում, խոհարարը՝ խոհանոցում, քանի որ ապրում ենք և մեր պատմությունն ենք կերտում և յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր լինելիությամբ արդեն իսկ կարևոր ենք և մեր տեղն ենք զբաղեցնում մեր պատմության մեջ:

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031