Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ղարաբաղում հակամարտության սրումը դիտավորյալ հրահրել և պլանավորել է Թուրքիան․ «Կոմերսանտ»

Հոկտեմբեր 17,2020 12:11

«Կոմերսանտ» թերթի ռազմա-դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը դիտավորյալ հրահրել էր և հանգամանորեն պլանավորել Թուրքիան։ Թերթի աղբյուրները հայտնում են, որ վերջին մի քանի ամիսներին Անկարան ակտիվ հրահրել է Բաքվին ռազմական գործողություններ սկսել՝ խոստանալով բազմակողմանի քաղաքական, դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական աջակցություն։ Ավելի վաղ Թուրքիայի միջամտության մասին խոսել էին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունները։

Թերթի ռազմաքաղաքական աղբյուրները կազմել են հետևյալ պատկերը։ Հուլիս-օգոստոսին թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններից հետո Ադրբեջանի տարածքում ենթադրաբար մնաց Թուրքիայի ԶՈւ մեծ խմբավորում, որը և պետք է համակարգեր, ուղղորդեր Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողությունների պլանավորումն ու իրականացումը։

Խոսքը 600 զինծառայողի մասին է, որոնց թվում՝ 200 հոգուց բաղկացած տակտիկական գումարտակը, 50 հրահանգիչ՝ Նախիջևանում, 90 ռազմական խորհրդական՝ Բաքվում, որոնք ապահովել են բրիգադ –կորպուս-գլխավոր շտաբ շղթայի մարտական գործողությունները։ 120 մարդ տրամադրվել է Գաբալայի թռիչքա-տեխնիկական կազմի համար, 20 օպերատոր՝ Դալյար օդանավակայանի, 50 հրահանգիչ՝ Եվլախի օդանավակայանի, 50 հրահանգիչ՝ 4-րդ բանակային կորպուսի և 20 մարդ էլ՝ Բաքվի ռազմական ուսումնարանի ռազմածովային բազայի համար։ Այս խմբավորումը ներառել է 18 ՀՄՄ, մեկ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 10 միավոր ավտոտեխնիկա և մինչև 34 միավոր ավիացիոն տեխնիկա, այդ թվում՝ 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 20 անօդաչու թռչող սարք, որոնք պետք է ապահովեն հետախուզությունն ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանի տարածքում։

«Կոմերսանտի» տեղեկություններով՝ սեպտեմբեր-հոկտեմբերին կտրուկ աճել է Թուրքիայից Ադրբեջան ռազմատրանսպորտային ավիացիոն թռիչքների քանակը, որոնց մեծ մասն իրականացվել է Վրաստանի տարածքով։ Մասնավորապես, սպառազինությունների և մարդուժի փոխադրումն իրականացվել է սեպտեմբերի 4-ին Թուրքիայի ՌՕՈւ Ս-130 օդանավերով, սեպտեմբերի 18-ին՝ ՍՆ-235, իսկ սեպտեմբերի 25-ին էլ՝ Ա400Մ օդանավերով։

Մարտական գործողությունների ամենաթեժ պահին՝ սեպտեմբերի 28-30-ին, Ադրբեջան ժամանեց Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարն ու պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Թերթը հայտնում է, որ նրանք տեղում իրականացրել են ղարաբաղյան ճակատում գործողությունների ընդհանուր ղեկավարումը։

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 3-ին իրականացվել է դեղորայքի և հրաձգային զենքի մատակարարում ՍՆ-235 օդանավերով։

Նման մատակարարում իրականացվել է նաև հոկտեմբերի 7-ին Թուրքիայի ՌՕՈւ Ս-130 օդանավով։

Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի ռազմական ԻԼ-76ՏԴ օդանավով Ամման-Բաքու չվերթով, որն իրականացվել է Վրաստանի տարածքով, Ադրբեջան է բերվել 200 միավոր ԴՇԿ գնդացիր իր լրակազմով։

Ավելի վաղ Թուրքիան հարցում էր ուղարկել Վրաստան՝ խնդրելով թույլատրել հոկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին այդ պետության տարածքով տարանցիկ թռիչքներ իրականացնելու համար։

«Կոմերսանտի» աղբյուրները հայտնում են, որ Վրաստանից այդ թույլտվությունը ստացվել է։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031