Հայկական գրատպությունն ավելի քան 500 տարվա պատմություն ունի։ Պատմական Արցախի տարածքում առաջին տպարանը բացվել է Շուշիում։ 1823 թ. Շվեյցարիայի Բազել քաղաքի «Աստվածաշնչական քարոզչական ընկերությունը» հաստատվել է Շուշիում՝ իր հետ բերելով տպագրական սարքեր: Միսիոներներից առավել ակտիվ ու ձեռներեց էին Ավգուստ Դիտրիխն ու Ֆելիցիա Զարեմբան, ով նաև գիտեր հայերեն։ 1827 թ. բացված տպարանում լույս է տեսել առաջին՝ «Պատմութիւն Սուրբ գրոց» գիրքը, որը ռուսերենից թարգմանել էր Հարություն Ջուղայեցի Դավթյանը։
Շուշիում տպագրված առաջին գրքերը կրոնաբարոյական բնույթի էին և քարոզչական նպատակներ էին հետապնդում։ Բացի հոգևոր գրականությունից, Շուշիի տպարանում լույս են տեսել դասագրքեր, թարգմանական գործեր։ Մասնագետները նշում են 1828-1837 թթ. Շուշիի հրատարակությունների լեզվի հղկվածության ու մատչելիության մասին։ 19-րդ դարում, ընդհանուր առմամբ, 139 գիրք է տպագրվել Շուշիի 8 տպարանում, ինչը վկայում է Շուշիի մշակութային, հոգևոր կյանքի բարձր մակարդակի մասին: Այս գրքերն այսօր գտնվում են աշխարհի տարբեր երկրների գրադարաններում ու գրացանկերում: Սա ևս մեկ անուրանալի փաստ է, որ Շուշին և Արցախն, ընդհանրապես, տարբեր երկրների կողմից ընդունվել և մշակութային առումով ճանաչվել է որպես հայ ժողովրդի, հայ մշակույթի, հայ ինքնության կարևորագույն կենտրոն: Շուշիի տպարաններում տպագրվել են նաև պարբերականներ։
Մինչև 1920 թ. Շուշիում լույս է տեսել 22 անուն լրագիր ու հանդես, որից 2 անունը՝ ռուսերեն «Шушинский листок» ( 1911 թ.), «Шушинская жизнь» (1913-1914 թթ.)։ Շուշիի մամուլի առաջին անունը 1874 թ. «Հայկական աշխարհ» հանդեսն է։ Հետագայում տպագրվել են «Քնար խոսնակ» (1881 թ.), «Գործ» (1882-1984 թթ.), «Ծիածան» (1886 թ.), «Աշակերտական թերթ» (1896-1897 թթ.), «Ազգագրական հանդես» (1896-1916 թթ.), «Կռունկ» (1898-1900 թթ.) «Ղարաբաղ» (1911-1912 թթ.), «Աշակերտ» (1913 թ.), «Միություն», «Միրաժ» (երկուսն էլ՝ 1913-1917 թթ.), «Ղարաբաղի ձայն» (1915 թ.), «Փայլակ», «Պայքար» (երկուսն էլ՝ 1915 – 1917 թթ.), «Նեցուկ», «Սրինգ», «Եռանդ» (երեքն էլ՝ 1917 թ.), «Ապառաժ» (1917 – 1919 թթ.), «Արցախ» (1919 թ.), «Գյուղացիական կոմունա» (1920 թ.) պարբերականները։