Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի քարոզչական բաղադրիչը

Հոկտեմբեր 17,2020 10:00

Պատերազմը թեւակոխել է երկարատեւ հակամարտության փուլ, կարող է տեւել շաբաթներ ու նույնիսկ ամիսներ: Իսկ դա նշանակում է, որ գնալով մեծանում է հակամարտող կողմերի քաղաքական, դիվանագիտական, տնտեսական եւ քարոզչական ռեսուրսների նշանակությունը: Իհարկե, որպես գլխավոր «հարց լուծող» շարունակում է մնալ մեր բանակը, բայց նրան անհրաժեշտ է աջակցություն՝ բոլոր հիշյալ ոլորտներում:

Այդ բնագավառներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Որպես օրինակ վերցնենք թեկուզ քարոզչական ճակատը: Այստեղ ադրբեջանական պետությունը մոգոնում է այնպիսի հիմարություններ, որոնք, եթե չլիներ պատերազմի ողբերգական հանգամանքը, կարող են միայն ժպիտ առաջացնել: Առավել անհեթեթ դրսեւորումներից մեկը վերջերս եմ տեսել:

Հակառակորդի քարոզիչները վերցրել են ՀՀ քաղաքացիների, ազգությամբ եզդի մեր զինծառայողների լուսանկարը եւ մեր այդ զինվորներին ներկայացրել են որպես «քուրդ ահաբեկիչներ»՝ հավանաբար, որպես պատասխան Թուրքիայի կողմից իսկապես բերված վարձկանների ակներեւ փաստի: Հաշվարկն այն է, որ Ռուսաստանում ու աշխարհի այլ վայրերում ապրող մարդկանց մեծամասնությունը չգիտի, որ դրոշի վրա է արեւ պատկերված եւ տեղյակ չեն, որ եղբայր ժողովուրդն արեւապաշտ է: Ես չգիտեմ, թե հայկական կողմից ով, ինչպես եւ որ հարթակում պետք է դրան պատասխանի (կամ գուցե այդ մարազմներին ընդհանրապես պետք չէ պատասխանել): Չեմ կարող դատել, որովհետեւ քարոզչությունն առանձին մասնագիտություն է եւ խիստ տարբերվում է լրագրությունից:

Բայց ակնհայտ է, որ պատերազմի այս փուլում եւ մինչեւ իրական հրադադարի հաստատումը նման՝ գեբելսյան ոճի այս ստերը բազմանալու են, եւ դա գնալով ձեռք կբերի ավելի ու ավելի մեծ նշանակություն՝ հակամարտության առաջիկա վերջնական «բնագծերը» ճշտելու համար: Ու թեեւ ես չգիտեմ, թե ինչպես է պետք պայքարել այդ ստերի դեմ, մի բան հաստատ կարող եմ ասել՝ կարիք չկա համացանցում կիսվել նման նյութերով՝ թեկուզ դրանց հեղինակներին հայհոյելու նպատակով (իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անում են մասնագետները՝ հատուկ մշակված հայեցակարգը հաշվի առնելով): Ես ոչ թե մտավախություն ունեմ, որ հակառակորդի կացնային քարոզչությունը ինչ-որ, անգամ աննշան ազդեցություն կունենա հայ օգտատերերի վրա:

Պարզապես կարծում եմ, որ նման բաների վրա չարժե ժամանակ եւ նյարդեր ծախսել եւ պետք է կենտրոնանալ ոչ թե ինչ-որ մեկին հերքելու կամ հայհոյելու, այլ՝ բացառապես պոզիտիվ նպատակների վրա:
Այդ նպատակներին հնարավորինս շուտ հասնելու ճանապարհը հայտնի է՝ ամենօրյա համառ պայքարը ռազմաճակատում եւ թիկունքում: Իսկ այդ պայքարի արդյունքը կանխորոշված է՝ նույնիսկ հեռավոր Ամերիկայում Մայք Պոմպեոն է դա հասկանում: Տեղեկացված մարդ է, պետքարտուղար նշանակվելուց առաջ ղեկավարում էր Կենտրոնական հետախուզական վարչությունը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    “Տեղեկացված մարդ է, պետքարտուղար նշանակվելուց առաջ ղեկավարում էր Կենտրոնական հետախուզական վարչությունը:”
    Վարչապետ Փաշինյանն արժե 1000 հատ Մայք Պոմպեո:

  2. Gohar says:

    Հարգելի պ-ն Արամ Աբրահամյան։ Դուք ինձնից շատ ավելի լավ գիտեք, որ այդ “Տեղեկացված մարդ” -ը առանց Դ․ Թռամպին տեղեկացնելու, ոչինչ չի կարող ասել ։ Իսկ Թրամպը Թուրքիայում բացի պետական շահերից, ունի նաև իր մասնավոր շահերը, իր հոթելները և այլ բիզնեսները։ Ահա ևս մեկ պատճառ, որի համար ԱՄՆ-ն լոյալ է իրեն պահում։ Էլ չեմ ասում , թե ով տարիներ առաջ հզորացրեց թուլացած Թուրքիային և հիմա էլ ո՞ր հզոր երկրներն են նրան սատարում ։

  3. Քաղաքացի says:

    Երբ ծանոթանում ես լուրջ քաղաքագետների վերլուծություններին, հասկանում ես, որ այսօրվա պատերազմից խուսափելն անհնար էր և սա Հարավային Կովկասի վերաձևման Թուրքիայի նպատակն էր: Նույնիսկ Թուրքիան այստեղ ամենախոշոր խաղացողը չէ: Ինչպես բազմափորձ գիշատիչ, նա պարզապես բավականին բարենպաստ ժամանակ ընտրեց իր հարցերը լուծելու համար՝ թուլացած Ռուսաստան, ԱՄՆ-ն զբաղված է ընտրություններով, չնայած, եթե զբաղված էլ չլիներ, մեծ հարց է, կմիջամտեր թե ոչ, քանի որ լինելով ոչ պակաս գիշատիչ, կսպասեր թե ինչպես ճակատ ճակատի դուրս կգան Ռուսաստանը և Թուրքիան, որոնց նկրտումները նրան շատ են անհանգստացնում: Ղարաբաղը այստեղ պատրվակ է, մեզ համար ճակատագրական, խոշոր խաղացողների համար՝ Մեծ Բրիտանիա, Չինաստան, ինչպես պնդում են բոլոր քաղաքագետները, խոչընդոտ, իրենց պլանների իրականացման ճանապարհին: Այսօր, քան երբև է, մեր իրական դաշնակիցներն են Ռուսաստանը և Իրանը: Այսօր, քան երբև է, Ռուսաստանը գիտակցում է, թե ինչ առաքելություն է իրականացնում հայ զինվորը և ուզում եմ հավատալ, որ գիտակցում է նաև, թե ով է ստեղծված իրավիճակի հեղինակը: Իսկ մենք, անկախ ամեն ինչից, արդեն հասկացել ենք, որ հույսներս միշտ պետք է դնենք մեզ վրա, ունենանք օրենքի երկիր, որտեղ տիրում է արդարությունը և բարոյականությունը, ունենանք ուժեղ և լավ սպառազինված բանակ, գիտակից հասարակություն, որ մարդիկ կարևորը երկրորդականից կարողանան զատել: Վերջին տասնամյակների մթնոլորտը այնպիսին էր, կարծես պատերազմող երկիր չենք: Սկսած ազգի առաջնորդներից մինչև հասարակ քաղաքացին, բոլորը ներգրավված էին նյութական բարեկեցության մրցավազքի մեջ: Իսկ թշնամին սպառազինվում էր: Այսօր Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիների մտքում մեր բանակն է, նրա սպառազինությունը, զինվորի ծխախոտն է, հագուստը, ուտելիքը, մեծից փոքր գումար ենք հավաքում ազգովի՝ մեր մաշկի վրա հասկացանք, թե որը որից հետո է: Այսօր սահմանին կանգնած զինվորը իր արյան գնով փորձում է չեզոքացնել մեր իսկ հանցագործ կարճատեսությունը: Եթե այսօր մենք չգիտակցենք մեր սխալները, մի կողմ դնելով աշխարհի շահերը, դաշնակիցների ազնվությունը, մենք երբեք հաջողության չենք հասնի:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031