Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որ ձևակերպումն է առավել ճշգրիտ արտահայտում Արցախի կարգավիճակի ելակետային սկզբունքը

Հոկտեմբեր 17,2020 09:32

Վերջին մի քանի օրը գնալով որոշակիացող ազդանշաններից հետո, մասնավորապես միջազգային լսարանին հասցեագրված` Արցախի բնակչությանը սպառնացող գոյապահպան սպառնալիքի և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից էթնիկ բնաջնջման վտանգի արձանագրման մասին հնչեցրած ուղերձներից հետո, վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որով «Անջատում հանուն փրկությունը» հայտարարեց որպես ազգային առաջնայնություն Արցախի ճանաչման համար:

Քանի որ աշխատել եմ երկու պետական միավորումում, որոնց հանդեպ այդ սկզբունքը կիրառվել է` Կոսովոյում և Արևելյան Թիմորում, վերջին օրերին մանրազնին վերլուծել եմ Արցախի հարցում այդ սկզբունքի կիրառման առանձնահատկությունները, Կոսովոյի և Արևելյան Թիմորի հետ նմանություններն ու նրանցից տարբերությունները:

Կարծում եմ, որ 2005 թ. ի վեր ՄԱԿ-ի առաջնայնություն հռչակված` «քաղաքացիական անձանց պաշտպանելու» նպատակով (Responsibility to Protect) «Remedial» սկզբունքի վրա հիմնվելը բանակցային փակուղուց դուրս գալու ամենաիրատեսական ճանապարհն է, սակայն նրբերանգային փոփոխություններով: Մասնավորապես, ինչպես առաջարկել է դեսպան Շուգարյանն իր 2016 թ. գրած հոդվածում, Արցախի պարագայում նախընտրելի կլինի կիրառել «Ճանաչում հանուն փրկության» (Remedial Recognition) տարբերակը`հիմնվելով միջազգային տերմինաբանության մեջ որոշակի կիրառություն գտած տերմինի վրա, սակայն այն փոփոխելով` նվազեցնելու համար Արցախի պարագայում դրանից բխող ռիսկերը: Հիմքում ընկած է նույն` էթնիկ բնաջնջումից ու գոյապահպանական վտանգից փրկելու գաղափարը:

«Անջատում հանուն փրկության» (Remedial Secession) տերմինը արևմտյան մի շարք պետությունների կողմից կիրառվել է Կոսովոյի անկախության ճանաչման պարագայում: Արևելյան Թիմորը իր պարագայում կիրառում է «Անկախության վերականգնում» (Restoration of Independence) տերմինը, քանի որ Պորտուգալիայից ապագաղութացումից հետո մի քանի ամիս հետո այն երեսուն տարով անեքսիայի է ենթարկվել Ինդոնեզիայի կողմից, և երեսուն տարի պարտադրված լինելով լինել նրա կազմում` նրա կողմից ենթարկվել է ջարդերի ու ճնշումների, որից հետո միջազգային հանրությունն ընդունել է նրա անկախությունը:

Սակայն Արցախի դեպքում դա կարող է այն տպավորությունը ստեղծվել, որ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում ու նոր է անջատվում, որոնք երկուսն էլ մեր տեսակետը չեն: Արցախը չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, փաստացիորեն վաղուց է անջատվել դրանից և արդեն իսկ կայացած պետական միավոր է` վերջինիս ատրիբուտների մեծ մասով: Դրանով այն տարբերվում է Կոսովոյից կամ Արևելյան Թիմորից, որոնք անջատման պահին չունեին իրենց կայացած պետական կառավարման մարմինները և դրանք ստեղծելու հարցում զգում էին միջազգային հանրության կարիքը, այդ իսկ պատճառով էլ դրանցում հաստատվեց ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն` տարածքային կառավարման գործառույթներով: Անջատում տերմինը Արցախը հետ կտանի առնվազն քսանհինգ տարով: Այդ իսկ պատճառով, մենք խնդրում ենք, որ միջազգային հանրությանը ճանաչի դե ֆակտո կայացած փաստը: Եվ վերջապես, անջատում բառը կարող է նաև ասոցացվել նույն սեպարատիստ բառի հետ, որը բացասաբար է ընկալվում այն պետությունների կողմից, որոնք ունեն տարածքային ամբողջականության հետ կապված մտահոգություններ:

Միաժամանակ ես կառաջարկեի խուսափել «անկախություն» բառը օգտագործելուց, քանի որ կարծում եմ, որ հայությունը պետք է հստակեցնի, թե արդյոք Արցախը պետք է անկախ լինի, թե միավորվի Հայաստանի հետ: Արցախի ու Հայաստանի փոքր բնակչության և տարածքի, և որ ամենակարևորն է` թշնամական աշխարհաքաղաքական միջավայրի դեպքում, նրանց միմյանցից առանձին գոյությունը որպես երկու միկրոպետություններ կենսունակ չի կարող լինել, հատկապես Արցախինը: Արցախի բնակչությունը տասներեք անգամ փոքր է Կոսովոյից: Սակայն միանգամից հայտարարել Միացում կամ վերամիավորվում հանուն փրկության (Remedial Unification or Reunification) կրկին ռիսկային է, քանի որ դա կարող է մեկնաբանվել որպես անեքսիա: Ամեն դեպքում, այդ հարցը կպահանջի ներքին հայկական կոնսենսուս, որը կարող է բարդացնել միջազգային հանրության շրջանում հարցի ջատագովումը:

Որպեսզի Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև չծագեն հիերարխիայի հետ կապված տարաձայնություններ, ապա կարելի է դիտարկել համադաշնության ֆորմատը, որում Հայաստանն ու Արցախը կարող են լինել հավասարազոր անդամներ: Ամեն դեպքում, Հայաստանի և Արցախի հարաբերությունների խնդիրը պետք է լինի ներհայկական հարց` չդառնալով միջազգային հանրության որոշման ենթակա, ինչպես դա եղավ Կոսովոյի դեպքում, որի` Ալբանիայի հետ միավորման բացառումը եղել էր Կոսովոյի անկախությունն ընդունելու պայմաններից մեկը:

Եթե միջազգային հանրության շրջանում հարց ծագի, թե «ինչի ճանաչում», ապա յուրաքանչյուր երկրի հետ կարելի է այդ երկրի առանձնահատկություններից, մասնավորապես` տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման սկզբունքների հանդեպ նրանց վերաբերմունքից ելնելով` մշակել անհատական մոտեցում: Օրինակ, որոշ դեպքերում կարելի է կիրառել remedial recognition of secession, այլ դեպքերում` remedial recognition of Artsakh:

Կարելի էր նաև հանդես գալ նոր տերմինով, ինչպես օրինակ` Գոյապահպան ճանաչում (Existential recognition), սակայն դա կարող է շփոթություն ստեղծել և խզել ասոցիացիոն կապը Կոսովոյի և Արևելյան Թիմորի նախադեպերի հետ: Հետևաբար, առաջարկում եմ որպես հիմք ընդունել «Ճանաչում հանուն փրկության» (Remedial recognition) տերմինը:

Սոսի ԹԱԹԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031