Գերմանական հայացք. Հայաստանի հակառակորդները Ռուսաստանի թշնամին չեն, ուստի դիտում է դեռ
Արդեն իրազեկել ենք, որ սեպտեմբերի 27-ից ի վեր գերմանական, գերմանալեզու մեդիան արագ արձագանքում է Ղարաբաղի վրա ադրբեջանաթուրքական հարձակման մանրամասներին, հաճախ ընդգծելով, թե գնալով թեժանում են հակամարտության դերակատարների ռազմական գործողությունները, «ինչը կհանգեցնի պատերազմի»: Այս շաբաթ գերմանական ԶԼՄ-ները կիրառեցին մեզ համար վաղուց ըմբռնելի բառեզրը՝ պատերազմ:
Թվում էր բառը սահման է, հենց կիրառեցին, մի բան կփոխվի, հենց կիրառեցին, այլեւս կդավաճանեն իրենց «չեզոք» շարադրանքին, կդառնան սրտացավ, գթասիրտ, համարձակ, առանց ավելորդ զգուշության: Գերմանիայում ուրիշ լրագրություն կա՝ կարծիք են հայտնում, մեկնաբանելին բացահայտ դրոշմում են: Ամերիկացի լրագրողներից մեկը մի անգամ նկատել տվեց վերոբերյալը, ասաց, որ իր համար մասնագիտական հարթակում առաջին նկատելի տարբերությունը հենց դա է եղել Գերմանիայում, ինչին գերմանացի մեր գործընկերներն այսպես պատասխանեցին՝ չեզոք լրագրություն չի լինում, մենք մարդ ենք, դիրքորոշում ունենք:
Դիրքորոշում է անշուշտ, որ Գերմանիան չի մոռանում, թե խոսքը երկու թիկունքային «խաղացողների»՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի մասին է, ուստի սեպտեմբերի 27-ից ի վեր հրապարակ է նետում այն հնարավորը, թե ռազմական գործողություններն առավել թեժանալու պարագայում այս երկուսն են բախվելու իրար: Մեր զրույց- հարցազրույցներում հաճախ այն տպավորությունն եմ ստացել, թե գերմանացիները Պուտինին ու Էրդողանին գնահատելիս, հավասարարժեք վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ: Ուստի Հայաստանում, Արցախում, Եվրոպայի սահմանին կատարվող արյունալի իրադարձությունները նրանց չեն անհանգստացնում այնքան, որ հումանիստական՝ «մենք մարդ ենք» սահմանումը գերիշխի, երբ խոսքը այս երկու խաղացողների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերին է առնչվում:
Կարդացեք նաև
Բաց սահմաններով Գերմանիան այս տարեսկզբին Covid 19-ի պատճառով փակել էր սահմանները հարեւան երկրների առջեւ, ու ինձ ծանոթ գերմանացիները տառապում էին, որ սիրիական պատերազմից փախստական դարձած մարդիկ հոսող ջուր էլ չունեն՝ ձեռք լվանալու համար:
Քաղաքացիական արիություն ունեցողները պահանջում էին, որ Գերմանիան բացի սահմանը նաեւ Էրդողանի զոհը դարձած, տուն ու տեղ կորցրած, հիգիենայից հեռու զանգվածի առջեւ: Սեպտեմբերի 27-ից ի վեր ամեն օր սպասում եմ, որ ինձ ծանոթ ազնիվ մարդկանց շրջանակը կընդլայնվի, հակապատերազմական կոչ, պատժամիջոցներ, զսպող մեխանիզմներ կկիրառվեն Եվրոպայի հումանիստական անդորրը խոցած Ադրբեջանի, Թուրքիայի դեմ, բայց … նրանք քիչ են, նրանց ձայնը վճռորոշ չէ: Նրանց ներկայությունը սակայն սրբում է անտարբերության ամոթը, որ պատել է գերմանացիներին՝ինձ ծանոթ, անծանոթ: Լռությունը մառախուղի նման թանձրանում է՝ առիթ տալով գնահատել այն բացառիկ անհատներին, որ կայուն գիտելիք ու դրա վրա հիմնված զգայուն սիրտ ունեն, նրանց համար նավթամուղն ու գազատարը հոգին սնուցող երակներ չեն: Մյուսներն իրենց առողջության, գարեջրի, արձակուրդի մասին են անհանգստանում:
Իմ զրույցներից գիտեմ՝ գերմանացու համար երկու հանրապետություններն էլ, այսպես ասած, «ԽՍՀՄ ծագում» ունեն, ուստի Ղարաբաղյան հարցը Ռուսաստանին վերաբերող խնդիր է, հետեւաբար լուծման բանալին հենց այդ երկրի ղեկավարի ձեռքում է:
Շաբաթ օրը գերմանական լրահոսը փութով արձանագրեց մեծ անակնկալը՝ հրադադար է լինելու, ու տպավորություն էր, թե հակամարտությունից հեռու, բայց նրա զարկն ու բաբախը որսացող գերմանական մեդիան շունչ քաշեց՝ էլ հանգամանալից լուսաբանման անհրաժեշտություն չի լինի: Հրադադարը չպահպանելու մասին էլ հաղորդեցին, բայց մեդիան «մեր մասին»-ը առաջին, գլխավոր լուր էլ չի դարձնում: Երեւի հոգնել են:
Գերմանացի վելուծաբանների համար ադրբեջանական կողմի՝ հրադադարը խախտելու որոշումը շատ էլ հասկանալի է՝ պայմանավորված է այդ երկրի նախագահի՝ հրադադարի մասին նախորդած այն կտրուկ հայտարարությամբ, թե ռազմի ձայնը կլռի միայն այն պարագայում, երբ հայկական զորքը դուրս կգա Ղարաբաղից: Ուրեմն էլ ի՞նչ խաղաղ բանակցություն: Երբ պատերազմի, արյունի, անմեղ մարդկանց զոհ գնալու մասին պատմում ես հիշելով ամերիկյան լրագրության մահակը, չեզոք լրագրող ես դառնում կարծիքը հարգող Գերմանիայում, ուրեմն արդարացնում ես պատերազմը, ուրեմն չես առարկում, երբ «Ազերթաջի» լրագրողն ասում է, թե Բեռլինն իրենց քաղաքն է:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում