Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը պետք է որոշի՝ մնալո՞ւ է Կովկասում, թե՞ ոչ. «Ազգ»

Հոկտեմբեր 17,2020 07:40

Մտավախությունները կարծեք իրականություն են դառնում. տարածաշրջանային, ավելին՝ աշխարհաքաղաքական շահերը շրջանցում են մեզ եւ պարտադրվում մեր երկրին։ Հոկտեմբերի 10-ին azg.am եւ azgonline կայքերում գրել էի, որ Մոսկվան մեր հաշվին կարող է զիջումներ ապահովել Ադրբեջանի համար՝ վերջինին տարբաժանելու համար Թուրքիայից եւ իր ազդեցության ծիր վերադարձնելու Բաքվին։ Հոկտեմբերի 14-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը, RT հեռուստակայանի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի (հատկանշական է այս պարագան) եւ ուրիշ երկու լրագրողների առաջ գրեթե լրիվ բացեց կարտերը եւ ներկայացրեց Արցախյան կոնֆլիկտի լուծման տխրահռչակ՝ փուլային լուծման տարբերակը, որն այլեւս տարբերակ չէ, քանզի ուրիշ բան չի առաջարկվում։

Լավրովը ամիսներ առաջ էր խոսել այդ մասին՝ առանց մանրամասնությունները ներկայացնելու, սակայն գրեթե վերջնագրային տոնով։ Հայկական կողմի պաշտոնական արձագանքը եղել էր անորոշ, լղոզված։ Եվ հիմա նույնը ներկայացվում է Մոսկվայից պաշտոնապես, հավաստիացումով նաեւ, որ համանախագահ մյուս երկրները համաձայն են դրան։ Պետք է ստուգել, հատկապես Փարիզում, մինչ Վաշինգտոնից Պոմպեոն մեզ միայն խորհուրդ է տալիս՝ «կռվեցեք, տղերք, կռվեցեք քաջ-քաջ», ինչը եւ անում ենք։

Տարօրինակն ու անընդունելին այն է, որ կարգավիճակի հարցը վերջում եւ խիստ անորոշ թողնող այդ «կարգավորումը» անորոշ է թողնում նաեւ, փաստորեն, Արցախի անվտանգության հարցը, որն այժմ միս-մինակ իր ուսերին է վերցրել Հայոց բանակն իր սպայական կազմով, մատղաշ զինվորներով ու կամավորներով, տեղահան եղած իր բնակիչներով, ողջ ժողովրդով։ Նույն՝ հին «կարգավորումը» ներկայացվում է մեզ հիմա, երբ իրավիճակ է փոխվել՝ Թուրքիան անթաքույց մտել է արյունոտ խաղի մեջ՝ իր ոճրապարտ հրոսակներով հանդերձ, իսկ Իսրայելը առեւտուր է անում մեր մեռելների վրա, միաժամանակ փորձում խցկվել Արաքսի հովտում՝ ընդդեմ Իրանի։

Նման պայմաններում մեզ քիչ են հետաքրքրում մեր գլխավոր եւ միակ դաշնակցի աշխարհաքաղաքական խնդիրները Բելառուսում եւ, օրերս սրված, Ղրղզստանում տիրող խախուտ վիճակը։ Ռուսաստանը պետք է որոշի՝ մնալո՞ւ է Կովկասում, թե՞ ոչ։ Հարցին պատասխանելուց առաջ Կրեմլը պետք է ականջալուր լինի ներսից բարձրաձայնվող բողոքներին ու քննադատություններին։ Մի դաշնակից, որն իսկական, պատմական ու գործնական հարաբերությունները ստորադասում է այսպես կոչված «Ադրբեջանի ռազմական գործընկերությանը», չի՛ կարող վստահելի լինել, ինչպես օրեր շարունակ կրկնում են ռուսաստանցի առաջադեմ շատ գործիչներ եւ ոչ թե մենք։ Բաքուն երբեք չի կարող հուսալի գործընկերը լինել Մոսկվայի։ Նա արդեն, եւ վաղուց, ամուսնացած է Անկարայի հետ ստրկային ամուսնությամբ, եւ ապահարզան չի՛ կարող լինել։ Հետեւաբար մեր երկրի ու ժողովրդի հաշվին Բաքվին ճակատագրական զիջումներ անելով նրան Թուրքիայից բաժանելու եւ վերջինին «խաղից դուրս» թողնելու Մոսկվայի ճիգերը անիմաստ են եւ ապարդյուն։ Դրանք կարող են պարզապես ծառայել որպես ամուսնական նվեր, այն էլ ուշացած, այն էլ երկրորդ անգամ, Նախիջեւանն ու Արցախը հանձնելուց գրեթե 100 տարի անց։

 

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031