Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՂԹԱՆԱԿ բառը էլ ավելի մեծ ու ժիռնի տառերով կգրեմ»

Հոկտեմբեր 17,2020 12:30

Սիրված դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանը րոպե առ րոպե սպասում է ընկերների հաղթական վերադարձին

Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում 2019թ. հունվարի 28-ին  հայկական բանակի օրվան նվիրված պրեմիերա էր։ Ներկայացվեց Նարինե Գրիգորյանի ռեժիսուրայով «Հաղթանակի գենեզիս» փաստագրական ներկայացումը՝ նվիրված լեգենդար հրամանատար, Արցախի եւ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան 62-ամյակին։

Բեմում երեք դերասան էր՝ այսօր արդեն թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, տնօրեն Արման Նավասարդյանը եւ Վարշամ Գեւորգյանը։ Իսկ ներկայացումը ստեղծվել էր դերասանների հիշողությունների հիման վրա, որը պիեսի էր վերածել  Սառա Նալբանդյանը։ Նշենք, որ բոլոր պատմություններն իրական են։

Եթե հակիրճ, ապա ներկայացման ասելիքը ժողովրդի հավատն է հաղթանակի հանդեպ, որը հայերս երբեք չենք կորցնում։ Ի դեպ, թատրոնն այս ներկայացումը խաղացել է նաեւ անցյալ տարի աշնանը, Ստեփանակերտում։

Պատերազմական մեր օրերում արվեստագետներից հաճախ լսում ենք, որ Նարինե Գրիգորյանը հաղթանակից հետո անհնար է, որ չանդրադառնա հիշյալ ներկայացմանը, բեմադրելով «Հաղթանակի գենեզիս-2»։ Տեղեկացնենք, որ պատերազմի առաջին օրվանից ռազմաճակատում է պահեստազորի սպա Արման Նավասարդյանը, մեկ-երկու օր անց էլ՝ Վարշամ Գեւորգյանը։

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Նարինե Գրիգորյանը հիշեցրեց, որ «Հաղթանակի գենեզիս»-ում ներկայացված են Արմանի, Վարշամի եւ իր ապրած մանկության, պատերազմական տարիների, երազանքների եւ, իհարկե, հաղթանակի մասին հիշողությունները. «Արցախյան պատերազմի ժամանակ ընտանիքս տեղափոխվել էր Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնք։ Հորս գերի վերցրին։ Շատերի նման ես էլ օրագիր էի պահում եւ ամենօրյա ապրումներիս եւ իրողությունների մասին գրառումներ անում։ Իհարկե, դրանք միամիտ ու պարզ գրառումներ են։ Գիտեք, այդ տարիներին ոչ թե օրեցօր, այլ րոպե առ րոպե էի սպասում, որ հայրս ի վերջո վերադառնալու է գերությունից։ Դա էլ հաղթանակ էր։ Հայրս տուն վերադարձավ։ Ախր, կրկնում եմ՝ այդ տարիներին հաց, ջուր, փայտ… բերելը եւս հաղթանակ էր, ուրախություն։ Այդ հաղթանակը յուրաքանչյուրի համար էր եւ այդ ուրախությունից է, որ այսօր մենք ունենք հաղթանակած ոգի։ Եվ գիտեք, այն տարիներին ինձ թվում էր, թե գրում եմ մեր ժողովրդի նորագույն պատմությունը եւ օրագիրս ավարտեցի 1992թ. մայիսի 9-ին՝ Շուշիի հաղթանակի օրը ու մեծ տառերով գրեցի՝ ՀԱՂԹԱՆԱԿ»։

Մեր զրուցակիցը հիշեցրեց նաեւ, որ պիեսում իր գործընկերների՝ այն տարիներին Շամշադինում բնակվող Արմանի եւ Երեւանում ապրող Վարշամի մանկության հուշերն են։

Տիկին Գրիգորյանը հավաստիացրեց, որ անկասկած կլինի «Հաղթանակի գենեզիս-2» նոր փաստագրական ներկայացումը։ Հարցին՝ հիմա է՞լ է օրագիր պահում, պատասխանեց. «Չէ, հիմա օրագիր չեմ պահում, բայց օրագրիս վերջում  մեծ տառերով գրված ՀԱՂԹԱՆԱԿ բառը էլ ավելի մեծ ու ժիռնի տառերով կգրեմ։ Իսկ որ հաղթելու ենք՝ դրանում կասկած չկա։ Հիմա էլ կարծես վերադարձել եմ 90-ականների սկիզբ ու դարձյալ մանկան նման րոպե առ րոպե եմ սպասում, բայց այս անգամ  ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ։ Ինչ վերաբերում է նոր պիեսին, այնտեղ իմ ամենօրյա հուշերին կգումարվեն ռազմաճակատից հաղթանակով վերադարձած ընկերներիս հիշողությունները ու վստահ եմ՝ մի հրաշալի հերոսապատում կստացվի»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Տեսարաններ «Հաղթանակի գենեզիս» ներկայացումից։

«Առավոտ» օրաթերթ
16.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031