Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ինչ աճպարարություն է… այս հուժկու պատերազմին աշխարհը նայում է որպես ներկայացում…

Հոկտեմբեր 17,2020 12:00

Չափազանց անհասկանալի է, որ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհը հրեշավոր Թուրքիայի եւ  նրա կամակատար Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծած հերթական պատերազմում իր կրավորական կեցվածքով հազարավոր երիտասարդ զոհերին դիտարկում է զուտ որպես ներկայացման դեկորներ, քանզի աշխարհի արձագանքն այդ ամենին սկսվում եւ ավարտվում է զուտ ձեւական հայտարարություններով: Իսկ այն, ինչ այսօր աշխարհի աչքի առջեւ տեղի է ունենում Արցախ աշխարհում, այլ կերպ  անվանել, քան ցեղասպանության փորձ, անկարելի է ու անբարո:

Հասկանալի է, որ վերքը տիրոջն է ցավ տալիս, սակայն ո՞ւր մնաց մարդկային խիղճը, երբ արդեն 18 օր շարունակ  Թուրքիան լկտիաբար, հիմնականում հենց այդ նույն երկրներից ձեռք բերած զենքերով, հրետանային արդի զինտեխնիկայով անխնա եւ հուժկու ռմբակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը եւ զինվորական դիրքերը՝ խլելով հազարավոր պատանի զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքեր, իսկ այդ երկրների ղեկավարներն ու միջազգային կառույցները տեղի ունեցող իրադարձություններին նայում են զուտ որպես հանդիսատեսի, իսկ նրանց իրական միջամտությունն այս պատերազմին լրիվ զրոյական էֆեկտ ունի եւ բացի սառը անտարբերությունից (բովանդակային առումով նրանց պահելաձեւն այդպիսին է եւ դա գալիս է նրանից, որ ամեն մեկն իր շահն է փնտրում), որեւէ լուրջ քայլ չեն անում: Չհաշված Ֆրանսիայի վերաբերմունքը, թող որեւէ այլ երկիր ասի, որ բացի ստանդարտ կոչերից, իրենք ինչ կոնկրետ ու գործուն քայլեր են ձեռնարկել կրակի դադարեցման ուղղությամբ:

Անցնող ժամանակի ամեն վայրկյանը միմիայն նոր զոհեր է բերում կողմերին, իսկ այդ երկրների ղեկավարները պատերազմը փաստացի կանխելու ուղղությամբ առարկայական ոչինչ չեն ձեռնարկում:

Պարոնայք ղեկավարներ, եթե չեք ուզում կանխել պատերազմի հետագա շարունակությունը, գոնե բարի եղեք ձեր ձեւական հայտարարություններով ավելորդ հույսեր չտալ, քանզի եթե այդ հույսերը լոկ դատարկ խոսքեր չեն, ապա 18 օրը լիուլի բավարար է գործնական որեւէ քայլ անելու եւ որեւէ արդյունք արձանագրելու համար:

Շատ ավելի լավ կլինի լուռ նայեք ձեր ներկայացումը, քանզի ձեր հայտարարություններն ուղղակի ներկա ստանալ է: Տերը բարեգութ է եւ եթե շարունակեք ձեզ այսկերպ պահել, ապա նմանատիպ իրավիճակը շուտով կչոքի ձեր դռանը եւ միայն այդ դեպքում պարտադրված կլինեք ձեր կաշվի վրա զգալ, թե ինչ բան է երիտասարդ որդիների  մահը, քանզի համոզված եմ, որ ձեզ ձեռնտու չէ հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում եւ դա էլ այն պատճառով, որ այդ անմեղ զոհերը ուրիշների, այլ ոչ թե ձեր երեխաներն են:

Ուզում եմ աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին նախապես հուշել, որ իրենց նմանատիպ պահելաձեւի պատճառով, եթե Թուրքիան հաջողություններ արձանագրի Արցախում (իհարկե, չեմ կարծում, քանզի Տերը վերեւից հսկում է եւ մեր տղաներն էլ առյուծներ են ու անպայման հաղթելու են), ապա հաջորդ քայլով փորձելու է ճանկերն այնքան խորը գցել Հարավային Կովկասում, որ իր գերնպատակին համապատասխան, փորձելու է այնտեղ եւս տեղակայել սարսափելի հզոր ահաբեկչական ցանց ու Արցախի նույն սցենարը գործարկել առաջին հերթին հենց Ռուսաստանի, իսկ հետագայում նաեւ այլ գերտերությունների նկատմամբ:

Թող ասվածը բնավ վերացական կամ անիրական չհնչի (կապրենք, կտեսնենք), քանզի Թուրքիան շատ լավ գիտի (իր նախկին փորձերից), որ գերտերությունների միակ թույլ կողմն իրենց երկրներում ահաբեկչությունների գործարկումն է, որին դիմակայելը չափազանց դժվար է: Նման զարգացումների դեպքում, Թուրքիայի կողմից նախատեսված սցենարը շատ չի ուշանա եւ հեռու չէ այն օրը, երբ ցավով ականատես կլինենք այդ երկրներում ահաբեկիչների հերթական ձեռնարկումներին, որի ընթացքում առաջին  միտքը, որ կկայծկլտա նրանց ուղեղներում, կլինի Թուրքիայի կողմից սեպտեմբերի 27-ի ագրեսիան Արցախում եւ տասնյակ օրեր շարունակ իրենց կողմից ցուցաբերած անտարբեր վերաբերմունքն ու վարվելաձեւը, որի հետեւանքով նաեւ հազարավոր անմեղ զոհերի առկայությունը:

Այդ ժամանակ միայն նրանք իրենց մաշկի վրա կզգան ու երեւի նաեւ կվերապրեն, թե ինչ է նշանակում բազմաթիվ անմեղ, առավել եւս պատանի ու երիտասարդ երեխաների զոհվելը, որը, ցավոք, ուշացած կլինի, ինչպես եղավ Արցախում եւ Հայաստանում:

Պարոնայք ղեկավարներ, քանի ասվածի՝ ձեզ վերաբերող մասն այս պահին ընդամենը չափազանց հավանական սցենար է եւ շատ ժամանակ չի պահանջվի դրանք փաստերի վերածվելու համար, աշխատեցրեք ձեր խիղճը, մի հապաղեք եւ փորձեք գործուն քայլեր՝ ռեալ միջամտություն ձեռնարկել արյունարբու Թուրքիայի ու Ադրբեջանի դեմն առնելու համար:

Անմիջապես հրավիրեք Էրդողանին ու Ալիեւին եւ կտրուկ արգելեք (որ մեթոդով  ուզում եք) պատերազմի հետագա շարունակությունը: Այդ երկու հոգին բարոյական արժեքներ չունեն եւ բացարձակ անիմաստ է նրանց հետ խոսել այդ արժեքների լեզվով՝ հրադադար, խաղաղ բանակցություններ, մարդկային երկխոսություն, …եւ այլն, եւ այլն: Իրականում նրանք թքած ունեն ցանկացած հեղհեղուկ պայմանավորվածության վրա (փաստը՝ Մոսկվայում ձեռք բերված վերջին պայմանավորվածությունը), քանզի լիովին այլ ծրագրեր ունեն եւ այլ կերպ են նայում այս ամենին…:

Այդ երկու արարածը սարսափելի վախկոտ են ու  թող անտրամաբանական չթվա, եթե պնդեմ, որ վախից են սկսել այս պատերազմը եւ եթե դուք՝ գերտերությունների ղեկավարներդ, այդ երկուսի ականջին համապատասխան միտք չշշնջաք (դուք լավ գիտեք, թե ինչ է պետք է ասել եւ ինչպես), ապա այս ամենը նույն լկտիությամբ շարունակվելու է: Այդ զույգը նմանատիպ լեքսիկոնը չափազանց լավ է հասկանում եւ միայն վախից պարտադրված, հենց նույն վայրկյանին կտան արված շշնջոցի դրական պատասխանը ու անմիջապես՝ թեկուզ ուշացած (լավ է ուշ, բայց լավ), կդադարեցնեն պատերազմը:

Պատերազմի ռեալ դադարեցման միակ տարբերակը սա է եւ այն կարող է իրականություն դառնալ լոկ այս դեպքում, եթե իհարկե, դուք դա ցանկանաք:

Դարձյալ կրկնում եմ, հակառակ պարագայում պատերազմն անպայմանորեն շարունակվելու է, ինչպես նաեւ շարունակվելու է ձեր կողմից հանդիսատեսի կարգավիճակի պահպանումը…:

Հայեր ջան, եկեք սա հասկանանք, երազներով չառաջնորդվենք, շարունակենք հույսներս միայն ու միայն մեզ վրա դնել (ասվածի ապացույցը՝ հերթական անգամ 10.10.2020թ. Մոսկվայում «հրադադարի» պայմանավորվածության ձեռք բերումն ու մինչ այս պահը դրա մշտական խախտումները): Մի՞թե լրիվ կույր ենք, որ այսքանից հետո էլ շարունակենք հավատալ …

Սա մեր կռիվն է եւ պետք է ամեն ինչ անենք, որ այն դառնա վերջինը …

Մենք անպայման հաղթելու ենք…

Աստված պահապան բոլոր ժողովուրդներին, հատկապես հայ ժողովրդին …

Փառք մեր հերոսներին …

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031