Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեշտակներին թիրախավորում են հատկապես անօդաչու թռչող սարքերով

Հոկտեմբեր 17,2020 13:00

Այն նրանց հեքիաթի կախարդական թռչող գորգը չէ

Երեխաները չեն մասնակցում ռազմական գործողություններին, սակայն խախտվում են նրանց իրավունքները: Սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմական գործողությունների թիրախում հայտնված երեխաները զրկվել են մանկապարտեզ, դպրոց հաճախելու իրավունքից, հաճախ` կյանքի իրավունքից, ծնողական խնամքի իրավունքից:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հերթական անգամ այցելեց բուժհաստատություն, ուր թռչող անօդաչու սարքից վիրավորում էր ստացել երեխա:

Վարդենիս համայնքում բնակվող Արզոյանների ընտանիքը երկու օր առաջ առավոտյան սովորականի պես գնացել էր իրենց հողատարածքը մշակելու։ Թշնամու ԱԹՍ-ն հարվածել էր մեքենային, ընտանիքի 14-ամյա զավակը՝ Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել էր Երեւան, վերակենդանացման բաժանմունքում է։

Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածները, ըստ ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության, եղել են գյուղատնտեսական նշանակություն ունեցող ցանքատարածության անմիջական ուղղությամբ, որտեղ տվյալ պահին կարտոֆիլի սեզոնային բերքահավաք իրականացնելու նպատակով գտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Այս տեղեկությունը Պաշտպանին հայտնել էր համայնքի ղեկավարը, հաստատել էին բնակիչները, որոնք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:

Հայաստանի ՄԻՊ-ի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման հատուկ խումբը, այդ թվում՝ բժիշկը, մեկնել էր քաղաքացիական բժշկական հաստատություն՝ Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ փաստահավաք աշխատանքների նպատակով: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել վիրավորում ստացած երեխայի, նրա հոր եւ բժշկական անձնակազմի հետ…

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանն իր մարդասպան զենքերն ուղղեց Արցախի խաղաղ բնակչության, բնակավայրերի վրա::  Առաջին հարվածներից Մարտունի քաղաքի իրենց տան բակում զոհվեց 8-ամյա աղջնակ: Նա վեր էր թռել պայթյունների ձայնից ու հարազատների հետ շտապել նկուղ: Նրա եղբորը՝ բեկորային բազմաթիվ վնասվածքներ ստացած երկու տարեկան Արծվիկին, Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում օրեր առաջ վիրահատեցին: Գլխի շրջանում բարդ վիրահատություն կատարեցին մեր բժիշկները, եւ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում (լուսանկարը՝ բժիշկ Արմեն Մուրադյանի ՖԲ էջից):

13-ամյա Ռոբերտը 5 օր կոմայի մեջ էր,  վերջերս է դուրս եկել, բայց շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նա եւ իր ընտանիքը սեպտեմբերի 27-ին ստիպված են եղել փախչել իրենց տնից՝ Մարտակերտից, որը Ադրբեջանը հրետակոծում էր, ճանապարհին մեքենային դարձյալ ԱԹՍ էր հարվածել:

Ընտանիքի բոլոր անդամները ծանր վնասվածքներ են ստացել,  իսկ նրանցից ամենաշատը տուժել էր Ռոբերտը (լուսանկարը` Կարապետ Սահակյանի): Մայրն ասել էր, որ իրենց տների մոտ չկան ռազմական օբյեկտներ, իսկ թշնամու հարվածները ուղղված էին հենց տներին:

ՄԻՊ-ը  դատապարտում է խաղաղ բնակչության, այդ թվում՝ երեխաների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի տարբերակում չդնող հարձակումները, որոնք հանգեցնում են երեխաների իրավունքների կոպիտ խախտումների ու միջազգային իրավունքի հիմնարար պահանջների բացարձակ անտեսման: Ըստ ՄԻՊ-ի, մարդու իրավունքների, հատկապես՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունները պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն այս դեպքերին պատշաճ իրավական գնահատական տալու, ինչպես նաեւ հետագայում դրանք բացառելու նպատակով: Երեխաների նկատմամբ չտարբերակված եւ հաճախ թիրախավորված հարձակումները պետք է արժանանան խստագույն դատապարտման միջազգային հանրության կողմից:

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնալով Գեղարքունիքի մարզի վերջին դեպքին, փաստել էր. «Գեղարքունիքի մարզում ներկայում ընթանում են սեզոնային բերքահավաքի աշխատանքներ ու այդ աշխատանքները յուրաքանչյուր ընտանիքի համար ունեն կենսական կարեւորություն: Շատ դեպքերում դա ընտանիքի եկամտի գլխավոր աղբյուրն է: Դրանով է նաեւ պայմանավորված, որ ընտանիքի անդամներով են, որպես կանոն, իրականացվում բերքահավաքի աշխատանքները: Ուշադրության է արժանի նաեւ այն, որ ինչպես նշել է վիրավորում ստացած երեխան, ինքն ու ավագ եղբայրը, ինչպես նաեւ իրենց համայնքի մյուս երեխաները Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակական ռազմաօդային հրթիռակոծումների պատճառով զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից, քանի որ Վարդենիս քաղաքի եւ հարակից համայնքների դպրոցները ԱԹՍ-ների կողմից թիրախավորվում են, ուստի ժամանակավորապես չեն գործում»:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանն էլ թարմացրեց Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ իր երկրորդ միջանկյալ զեկույցը՝ դրանում ներառելով հոկտեմբերի 9-12-ը արձանագրված նոր դեպքերն ու փաստերը: Զեկույցում ավելացվել են մարդկային ու նյութական կորուստների վիճակագրությունը, հոկտեմբերի 10-ին Հադրութում արձանագրված վայրագությունների մասին որոշ տվյալներ, զինծառայողների հանդեպ կատարված հանցագործությունների որոշ ապացույցներ ու միջազգային իրավական վերլուծություն: Ըստ Արցախի ՄԻՊ-ի, մինչեւ հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 31 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին եւ 23 տղամարդ: Հիշյալ անձանցից 18-ը սպանվել է անմիջապես իր բնակության վայրում, այդ թվում՝ մանկահասակ աղջիկը եւ հինգ կանայք` մայրեր..

Ըստ Միջազգային մարդասիրական իրավունքի մասնագետների,  ժամանակն է, որպեսզի Հայաստանը դիմի միջազգային դատական ատյաններ (Միջազգային մարդասիրական իրավունք  կամ պատերազմի իրավունք, զինված ընդհարումների իրավունքը  միջազգային իրավական նորմերի համախումբն է, այս իրավունքի հարգմամբ պաշտպանվում են այն անձինք, ովքեր չեն մասնակցում ռազմական գործողություններին, սակայն խախտվում են նրանց իրավունքները-խմբ.):

Մասնավորապես, երեխաների թիրախավորման, նրանց իրավունքների խախտումը դիտարկելով «Ժնեւյան կոնվենցիաների»` 1924 թվականին ընդունված` Երեխայի իրավունքների Ժնեւյան հռչակագիրը, որով երեխաները դիտարկվում էին բացառապես որպես պաշտպանության օբյեկտ,  «Հաագայի կոնվենցիաների» համատեքստում:

Միջազգային մարդասիրական իրավունքի մասնագետները վկայակոչում են 1989թ. Երեխայի իրավունքների կոնվենցիան, որով սահմանված է մինչեւ 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքների մասին:

ՀՀ օրենքը երեխաների իրավունքների մասին, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից 1996թ. մայիսի 29-ին, հոդված 30-ում սահմանել է. «Ռազմական գործողությունների եւ այլ ընդհարումների հետեւանքով բնակելի տարածությունից եւ անձնական գույքից զրկված փախստական երեխան ունի իր շահերի պաշտպանության իրավունք:

Պետությունը եւ նրա համապատասխան մարմինները ցուցաբերում են նյութական, բժշկական եւ այլ օգնություն, անհրաժեշտության դեպքում նրան տեղավորում են բուժկանխարգելիչ, գիշերօթիկ կամ այլ հաստատություններում»:

Պատրաստեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
16.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031