Իրանն այլևս անպատասխան չի թողնի մարտական արկերը, որոնք հարվածում են իր սահմանամերձ հատվածներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը անտարբեր չի մնալու»,- Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեի այս հայտարարությունը իրանագետ Գարիկ Միսակյանի մեկնաբանմամբ անհասցե չէ:
«Իրանի սահմանում արկերի ու իսրայելական լրտեսական ԱԹՍ-ի հայտնվելուց հետո Իրանը հասցեական հորդորներ չի հղում, բայց պարզ է, որ լրտեսական ԱԹՍ-ն Ադրբեջանի ԶՈւ-երում է օգտագործվում: Որոշ փորձագետներ նշել են, որ Իրանի տարածքում հայտնված ԱԹՍ-ն օդում բավականին հեռու է եղել հակամարտության գոտուց, այսինքն՝ հասցեագրելով, որ այն օգտագործվել է Իրանի տարածք մտնելու համար»,- ասաց իրանագետը:
Նրա խոսքով, Արցախի հակամարտության հարցում Իրանը մշտապես հավասարակշռված դիրքորոշում է ունեցել ու խաղաղ կարգավորման կողմնակից է եղել. «Բայց Թուրքիայի ջանքերով Ադրբեջան տեղափոխված ահաբեկիչների այցից հետո Իրանում արտաքին քաղաքականության եւ ռազմական ղեկավարության հռետորաբանությունը փոխվեց, քանի որ Իրանը վտանգ զգաց հյուսիսային սահմանների ուղղությամբ»:
Իրանագետը համոզված է, որ Իրանը ռազմական միջամտության չի գնա ներկա փուլում ՝ հաշվի առնելով, որ բոլոր խաղացողները, բացի Թուրքիայից, կողմ են հրադադարին, բայց Իրանը կարող է միջամտել, երբ վտանգ զգա հյուսիսային սահմաններում, երբ ահաբեկիչները փորձ անեն մուտք գործել Իրանի տարածք:
Կարդացեք նաև
Գարիկ Միսակյանի խոսքով, Իրանը դիվանագիտական ճանապարհով է փորձում միջամտել, արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է միջնորդական առաքելության, հիմնահարցի խաղաղ կարգավորման ու կողմերին բանակցային գործընթաց բերելուն: Ըստ մեր զրուցակցի՝ Իրանի ազգային անվտանգության շահերից է բխում հյուսիսային սահմաններում պատերազմական գործողություները բացառելը եւ Արցախի հետ սահման ունենալը, որովհետեւ այդ սահմանը Իրանի ամենաանվտանգ սահմաններից մեկն է եղել մինչեւ հիմա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ