«Այսօրվա ակցիան ծառայեց իր նպատակին, քանի որ մինչ օրս Գերմանիայում մասսայական չէր լուսաբանվում Արցախի եւ Հայաստանի նկատմամբ վերջին 20 օրերի թուրք-ադրբեջանական ագրեսիան: Կցկտուր տեղեկություններ էին միայն տրամադրվում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց այսօր Գերմանիայում բողոքի ցույցերի կազմակերպիչներից Սարգիս Վարդանյանը:
Հիշեցնենք, այսօր առավոտից Գերմանիայի հայերը փակել էին Համբուրգի նավահանգիստ տանող ճանապարհը եւ կաթվածահար արել երթեւեկությունը։
Նրանք պահանջել են, որ գերմանական լրատվամիջոցները մանրամասն լուսաբանեն հայկական պետությունների դեմ իրականացվող ագրեսիան, ապա, Եվրոպական երկրների իշխանություններից պահանջել են ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը: Ցույցի մասնակիցները վանկարկում էին՝ «Ստոպ գենոցիդ», «Էրդողան ահաբեկիչ», «Ալիեւ ահաբեկիչ»: Նաեւ համանման գրառումներով պաստառներ են պարզել:
Կարդացեք նաև
Մինչ այս, Գերմանիայի տարբեր մեծ ու փոքր քաղաքներում՝ Բեռլին, Մյունխեն եւ այլն, սակայն, դրանք լայնորեն չեն լուսաբանվել: Ուստի, որոշում է կայացվել՝ դիմել պայքարի ծայրահեղ միջոցների: Սարգիս Վարդանյանն ասաց, որ գլխավոր մայրուղին փակելու որոշումը նախօրոք չեն ծրագրավորել, որոշումը կայացվել է հախուռն եւ իրականացվել:
«Այդ մայրուղիներով ապրանքներ են տեղափոխվում, մարդիկ աշխատանքի են գնում-գալիս, այդ մայրուղին, որ փակվում է՝ կյանքը Եվրոպայում կանգնում է. ոչ կարողանում են մեծ քաղաքներից դուրս գալ, ոչ էլ կարողանում են մուտք գործել մեծ քաղաքներ: Մեր ցույցի ժամանակ, մի գծում խցանումը 120-130 կիլոմետր էր, մյուս գծով՝ մոտ 200 կմ»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Գերմանիայում «շարժը կանգնելուց հետո», մեր հայրենակիցները փողոցներ են փակել նաեւ Եվրոպական այլ պետություններում՝ Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում: Բոլոր երկրներում է փակվել են գլխավոր մայրուղիները:
Թե ինչպիսի՞ն կլինի Գերմանիայի իշխանությունների արձագանքն այսօր կատարվածին՝ ժամանակը ցույց կտա: Սարգիս Վարդանյանն ասաց, որ իրենց այսքանով չեն բավարարվելու եւ կախված Գերմանիայի իշխանությունների քայլերից՝ իրենք կծրագրավորեն պայքարի հետագա ձեւերը:
Այս ամենին զուգահեռ, մեր հայրենակիցները շարունակում են Հայաստանի եւ Արցախին դրամական եւ բուժօգնության համար անհրաժեշտ պարագաների տրամադրումը:
Մարամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ