ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին
Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին:
Ողջունելով գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարար Մնացականյանը, նշեց, որ Հունաստանի ԱԳ նախարարի այցն արտացոլում է երկու ժողովուրդների միջև դարավոր հարաբերությունների բարեկամական, եղբայրական բնույթն ու վերահաստատում փոխադարձ հանձնառությունը՝ առավել խորացնելու առկա փոխգործակցությունը՝ շփումների և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման միջոցով:
«Ձեր այցը տեղի է ունենում մեզ համար մարտահրավերներով լի մի շրջանում, երբ մեր հայրենակիցներն Արցախում առերեսվում են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, որն ուղեկցվում է երկու նոր գործոններով. Ադրբեջանին Թուրքիայի գործուն անվերապահ աջակցությամբ և վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչներ տեղափոխմամբ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Կարդացեք նաև
Գործընկերները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը Միջերկրածովյան հիմնահարցի վերաբերյալ՝ իր աջակցությունը և համերաշխությունը հայտնելով Հունաստանին և Կիպրոսին:
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դրսևորումները լուրջ սպառնալիք են թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ առումներով և հող են նախապատրաստում անկայունության նոր օջախների ձևավորման համար:
Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հունաստանի կարևոր դերակատարությունը Եվրամիության հետ Հայաստանի գործընկերության օրակարգում և աջակցությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շուրջ, հատկապես՝ խաղաղապահության ոլորտում:
Անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև հաստատված համագործակցությանը: Երկուստեք վերահաստատվեց միջազգային հարթակներում փոխաջակցության առավել խորացման պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրն առավոտյան Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
ՀՀ ԱԳՆ