«Ադրբեջանական բանակը վաղուց էր նախապատրաստվել այս հարձակմանը, սակայն ակնհայտ է, որ Բաքվին չի հաջողվել հասնել իր առջև դրված ռազմական նպատակներին, անգամ Թուրքիայի աջակցությամբ», – պնդում է ամերիկյան հեղինակավոր Stratfor -ի ռազմական փորձագետ Սիմ Թեքը։ Ավելի քան 25 տարի գործող հետախուզա-վերլուծական կենտրոնը իր վերջին հաղորդումներից մեկը նվիրել է Արցախում սեպտեմբերից շարունակվող ռազմական գործողություններին «Ով կհաղթի Լեռնային Ղարաբաղում» վերնագրի տակ։
«Ադրբեջանը պատրաստվում էր այս հարձակմանը։ Արբանյակային լուսանկարներից և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը ցույց էր տալիս, որ Ադրբեջանը սեպտեմբերին և նույնիսկ դրանից առաջ՝ օգոստոսին, նախապատրաստում էր իր առաջնագիծը, նոր խրամատներ էր փորում կամ թարմացնում հները, ծանր զրահատեխնիկա տեղափոխում ռազմաճակատ»,- ասել է ռազմագետը։
Հետևելով արդեն երրորդ շաբաթը շարունակվող պատերազմին՝ Stratfor-ի ռազմական փորձագետը փաստում է՝ չնայած ադրբեջանական բանակի նախապատրաստություններին ու Թուրքիայի աջակցությանը, Բաքվին չի հաջողվել էական արդյունքների հասնել ռազմադաշտում. – «Մեծ հաշվով, կողմերի վերահսկողության տակ գտնվող տարածքների էական փոփոխություն չենք տեսնում։ Երբ նայում ենք՝ որտեղ էր շփման գիծը այս պատերազմից առաջ՝ տասնամյակներ շարունակ, տեսնում ենք, որ Ադրբեջանը միայն հաջողել է իր վերահսկողության տակ առնել զուտ գյուղերից մի քանիսը առավել ցածրադիր տեղանքներում։ Իրողությունն այն է, որ այս տարածքը շատ լեռնային է, և ռազմական գործողությունների հնարավորությունները սահմանափակ են։ Հենց որ փորձում ես առաջխաղացում արձանագրել դեպի այդ լեռներ, շատ արագ բախվում ես խնդիրների՝ հետևակդ չի կարող ազատորեն շարժվել այդ տարածքում, մինչդեռ հակառակորդ կարող է շատ ավելի ամուր դիրքեր ունենալ։ Այնպես որ, կարող ենք փաստել, որ Ադրբեջանին հաջողվել է ինչ-որ առավելության հասնել, բայց շատ սահմանափակ»։
Աշխարհագրական անբարենպաստ պայմաններից բացի, ըստ փորձագետի, ադրբեջանական բանակին առաջիկայում ևս մեկ մարտահրավեր է սպասում՝ եղանակը։ «Մոտալուտ ձմեռը էլ՛ ավելի կսահմանափակի ռազմական գործողությունների իրականացման հնարավորությունը»,- ասում է Սիմ Թեքը, արձանագրելով՝ դեռ հարց է՝ արդյոք պատերազմը կշարունակվի այդքան ժամանակ։
Կարդացեք նաև
«Որքան Ադրբեջանը մոտենում է լեռնային շրջաններին, այնքան ավելի ու ավելի է դժվարանում առաջխաղացումը։ Չհաջողելով նոր տարածքներ գրավել՝ Բաքուն փորձելու է իր ներկայիս հաջողությունները վերածել իրական զիջումների բանակցային գործընթացում»,- ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: