Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թորոսգյուղի նահատակված զինվորը 4 եղբայր ունի․ նրանցից մեկն էլ պատերազմի դաշտում է՝ որպես բժիշկ

Հոկտեմբեր 16,2020 20:02

Արցախի դեմ սկսված ահաբեկչական պատերազմում նահատակվել է Շիրակի մարզի Թորոսգյուղի բնակիչ, ժամկետային զինծառայող Արման Յուրիկի Գրիգորյանը:

Նա Շիրակի պետական համալսարանի սոցիալական բաժնի ուսանող էր․1-ին կուրսի 1-ին կիսամյակի ավարտին զորակոչվել էր Հայոց Բանակ։

Ինչպես մեզ հետ զրույցում ներկայացրեց նրա ազգական Մերի Աղաբաբյանը, Արմանը Գրիգորյանների բազմազավակ ընտանիքի 5 որդիներից մեկն էր, նա դեկտեմբերին դառնալու էր 19 տարեկան։

Նրա ավագ եղբայրը Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող է, համաճարակի տարածվելուն պես կամավոր աշխատում էր հիվանդանոցներում,  պատերազմի սկսվելուց հետո էլ մասնակցում է վիրավոր զինծառայողների տեղափոխման ու բուժման աշխատանքներին։

Արմանը ավարտել էր Թորոսգյուղի միջնակարգ դպրոցը, հաճախել է Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, նաև՝ «Ընտանիք» կենտրոն։ Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանը Արմանին բնութագրում է որպես կեսուրախ, համարձակ, հնարամիտ, նախաձեռնող երիտասարդի։ Այս ծանր օրերին, երբ փոխտնօրենը անփորձանք ծառայություն է մաղթել նրան, ասել՝ շնորհակալ ու պարտական ենք ձեզ, Արմանը պատասխանել է՝ մեծ բան չենք անում։ Սա եղել է նրանց վերջին նամակագրությունը։

«Արմանը պայքարող, հաղթող տեսակ էր, ձգտում էր միշտ առանձնահատուկ ու տարբերվող լինել, իրենից փոքրերի համար օրինակ էր։ Բոլոր միջոցառումների կազմակերպիչն ու առաջ տանողն էր։ Ուժերը փորձում էր բոլոր բնագավառներում ու իրեն լավագույնս էր դրսևորում։ Մինչև 9-րդ դասարան գերազանց է սովորել։ Այնուհետ ընտանիքի հոգսն էր ինչ -որ տեղ իր վրա վերցրել, փորձում էր ամեն կերպ օգնել իր գործով։ 4 եղբայրների հերոսն էր, հերոս էլ դարձավ։

Մեր ժրաջան ու կամեցող Արմանը գյուղատնտեսական աշխատանքներում գյուղացիների օգնականն էր, բոլորիս հիշողությունները Արմանի մասին դրական են։

Նա սիրում էր իր գործը ավարտին հասցնել, հայրենյաց հողը պաշտպանելիս էլ մինչև վերջ գնաց, կյանքը չխնայեց և անմահացավ հանուն հայրենիքի», -ասում  է Գայանե Մարտիրոսյանը։

Թորոսգյուղի դպրոցը իր էջում ցավակցություն է տեղադրել, որն ավելի շատ երկխոսություն է հիշեցնում Արմանի հետ։

«Մեր խաղաղ կյանքի համար քո մատաղ կյանքը նվիրեցիր, Արման ջան, անձնվիրության ու խիզախության դասդ լավ մտապահեցիր:

Պայքարող, հաղթող տեսակ էիր. դու սիրում էիր առանձնահատուկ ու տարբերվող լինել, դու շուտ մտար կյանք, շուտ վերցրեցիր քո վրա շատ պարտականություններ, բայց դու ախր շատ էիր սիրում քո իրավունքից խոսել, ինչո՞ւ չպայքարեցիր կյանքիդ իրավունքի համար․․․

Խոնարհվում ենք քո հերոսական կերպարի առաջ, բայց մենք այդպիսի հերոս չէինք ուզում, մենք մեր գիրկը վերադարձող հերոսի էինք սպասում ..

Լույսերի մեջ մնաս ԼՈՒՅՍ տղա..»։

Շիրակի պետական համալսարանի էջում էլ  գրված է․ «Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է ՇՊՀ-ի ուսանող Արման Գրիգորյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է ժամկետային զինծառայող, Շիրակի պետական համալսարանի «Սոցիալական աշխատանք» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Արման Յուրիկի Գրիգորյանը։

19-ամյա Արման Գրիգորյանը Շիրակի մարզի Թորոսգյուղից էր։ Պաշտպանության բանակ էր զորակոչվել համալսարանում 1-ին կուրսի 1-ին կիսամյակի ավարտին։

Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արման Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։

Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031