Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամ առաջ պետք է հրապարակային հռչակվի, որ հիմնադրամն ամբողջովին օրինականության սահմաններում է գործում». Գևորգ Գյոզալյանը՝ «1000 դրամների հիմնադրամի» գործի առիթով

Հոկտեմբեր 16,2020 18:40

«Մեր պահանջը Տիգրան Ուրիխանյանին այն է, որ նա, որպես «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի խորհրդի անդամ, ասի, որ հիմնադրամը գործել է ամբողջովին թափանցիկ, օրինականության շրջանակներում: Սա շատ կարևոր է, էլ ավելի կարևորություն է ստացել ներկա ռազմական իրավիճակում»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտարարեց «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը» ընդդեմ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գործով  հիմնադրամի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը:

Հոկտեմբերի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Լիզա Գրիգորյանի) շարունակվեց այս գործով քննությունը: Դատարանն իրականացրեց ապացույցների բեռի բաշխում: Դատական նիստին ներկա չէր պատասխանող կողմը:

Հիշեցնենք՝ հիմնադրամը պահանջում է պարտավորեցնել Տիգրան Ուրիխանյանին զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքել և փոխհատուցում վճարել։

Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցիչը դատարանին միջնորդություն էր ներկայացրել այն մասին, որ Տիգրան Ուրիխանյանը գործուղման է: Այս առիթով Գևորգ Գյոզալյանը հիշեցրեց՝ նախորդ դատական նիստին Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ ինքը չի մասնակցելու նիստերին, որ դա անհարգելի չհամարեն, քանի որ իր փոխարեն կխոսի իր ներկայացուցիչը:

Գևորգ Գյոզալյանն այս վերաբերմունքը համարեց անհարգալից և պնդեց իր կարծիքը. «Ես դա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ նախևառաջ այն հիմքով, որ պատասխանող կողմը նստած էր հարաբերվում դատարանի հետ: Երկրորդը, որ պատասխանող կողմն ավելի շատ նպատակ էր հետապնդում լրագրողների առաջ հայտարարություններ անել, ընդ որում, քաղաքական, քան բուն դատական վեճի շուրջ ներկայացնել իր դիրքորոշումը: Այս կարծիքը նախորդ նիստին ներկայացրել եմ, և որևէ բան չի փոխվել»:

Մեր դիտարկմանը՝ պատասխանող կողմի՝ դատական նիստերի բոյկոտելը չի՞ խոչընդոտի քննությանը, փաստաբանն այսպես արձագանքեց. «Նրանք չեն բոյկոտում, նրանք դիմում էին ներկայացրել, որպեսզի դատական գործի քննությունը հետաձգվի՝ հաշվի առնելով, որ Տիգրան Ուրիխանյանը գտնվում է գործուղման մեջ: Այդ դիմումը ներկայացվել է  քաղաքացիական դատավարության օրենսգրքի  խախտումներով, մասնավորապես 152-րդ հոդվածի խախտմամբ, որը սահմանում է, որ եթե դատական նիստից դուրս որևէ միջնորդություն կամ դիմում ես ներկայացնում և որը կարող է առնչվել հակառակ կողմի իրավունքներին, իսկ տվյալ դեպքում մեր իրավունքներին է առնչվում, քանի որ, եթե դատական նիստը հետաձգվում է, մեր՝ ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքը կարող է խախտվել, ապա այդ միջնորդության մեկ օրինակը պետք է  ուղարկվի կողմին: Քանի որ չի ուղարկվել մեկ օրինակը մեզ, ապա 152-րդ հոդվածի ուժով այդ միջնորդությունը ենթակա չէ դատարանում քննության: Դրա հիման վրա  դատարանը չի քննարկել այդ միջնորդությունը, թեև արձանագրել է՝ քանի որ դրա առաջին դատական նիստում Ուրիխանյանը հայտարարել է, որ ինքը չի մասնակցելու, դատարանն արձանագրել է փաստը, և որոշակի տարակարծություն է այդ  հանգամանքը, երբ գալիս, հայտարարում ես, որ ես այսուհետև չեմ մասնակցելու, իմ ներկայացուցիչն է փոխարենը մասնակցելու, բայց հղում ես անում, որ դու գործուղման ես, թեև այդ միջնորդության մեջ ես որքան հասկացա իր ներկայացուցիչը նշել էր, որ լրացուցիչ ապացույցներ պետք է ձեռք բերի, որ ներկայացվի դատարանին: Բայց այս փուլում ապացույցների ներկայացման փուլը չէր»:

Գևորգ Գյոզալյանն ասաց, որ հատկապես այս պահին կարևոր է, որ հրապարակային հայտարարվի, որ հիմնադրամը լիովին օրինականության սահմաններում է գործում ու նշեց. «Թեթև անգամ մեր արտահայտությունները հիմնադրամի հետ կապված մեծ վնաս կարող են պատճառել մեր զինվորներին, քանի որ դրսում ապրող մեր հայրենակիցները, որոնք մեծ գումարներ են պատրաստ նվիրաբերել, երբ որոշակի նման խնդիրներ, անզգույշ արտահայտություններ են լինում, նրանք շատ ժամանակ կարող են ձեռնպահ մնալ գումար փոխանցելուց, ինչն էլ մեզ համար անդառնալի կորուստ է: Մինչդեռ այդ գումարների շնորհիվ է փոխհատուցում իրականացվում մեր զինվորներին:  Ուստի մեզ ժամ առաջ պետք է, որպեսզի հռչակվի, որ հիմնադրամն ամբողջովին օրինականության սահմաններում է գործում, որը ըստ էության այն գրավականն է, որ այն գումարները, որոնք մեր հայրենակիցները արտերկրից փոխանցում են, կլինի շատ ավելին»:

Հիմնադրամի ներկայացուցիչն ասաց, որ ըստ էության Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք կարծիք են հայտնել, չեն պնդել, որ հիմնադրամը գործում է անօրինականության շրջանակում: Միևնույն ժամանակ նշեց, որ թեև դա իրենց բավարարում է, բայց դա միայն հայտարարություն չպետք է լինի, այլ լինի գրավոր փաստաթուղթ. հաշտության տարբերակ, որը կներկայացվի  դատարանին, կամ դատարանի վճիռ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031