Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնում ենք մեր հոգեւոր եղբայրների, զինվորների եւ սպաների հետ լինելու. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը մեկնեց առաջնագիծ

Հոկտեմբեր 16,2020 18:05

Այսօր Արցախ մեկնեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդն ասաց՝ մեկնում են որոշակի առաքելությամբ՝ առաջնագծում մեր հոգեւոր եղբայրների, մեր զինվորների եւ սպաների հետ լինելու. «Անշուշտ մեկնում ենք Վեհափառ Հայրապետի օրհնությամբ: Այսօր մեր ողջ ժողովուրդը թե՛ ֆիզիկապես, թե՛ հայացքով ուղղել է իր ամբողջ մտածումները, զգացումներն ու պայքարը դեպի Արցախ, դեպի առաջնագիծ, որտեղ, իրականում, ըստ էության, վճռվում է եւ որոշվում մեր՝ աշխարհում ապրելու իրավունքը: Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ մարդ, որը կոչված է լինելու ժառանգորդը մեր ինքնության, մեր սրբությունների ու մեր գոյության, այսօր պարտավոր է լինել այնտեղ, զինվորագրվելու մեր այս սրբազան պայքարին, որպեսզի մենք կարողանանք միասնաբար վերջնական հաղթանակը կնքել եւ այդպիսով հաստատել նաեւ մեր իրավունքը եւ միանշանակ եւ վերջնականապես ոչնչացնել չարիքի ուժը»:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի խոսքով, ինչպես մի առիթով ասել է, «Մենք այդպես մեռնելով ենք հաղթելու եւ սա կլինի մեր նշանաբանն ու հավատամքը»:

Մեր զրուցակիցն ասաց, որ մեկնում է Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի եւ մոսկվայաբնակ Կարո Առաքելյանի հետ, որը ժամանակին եղել է Մովսեսի ինքնապաշտպանական մարտերի Երկրապահի հրամանատարներից:

Սրբազանի ներկայացմամբ, այս օրերին Արցախի առաջնագծի տարբեր հատվածներում կռվում են նաեւ տավուշցի կամավորականներ, աշխարհազորայիններ. «Մենք պարտավոր ենք նրանց նկատմամբ էլ հոգեւոր խնամք տանել, ինչպես առաջնագծում մարտնչող բոլոր տղաների: Այսօր մեր գոյամարտն է. Մենք մեծով ու փոքրով լծված ենք հաղթանակը կնքելու եւ վերջնական մեր կնիքը դնելու պատմության այս հանգրվանին՝ որպես մեր կյանքի գոյության միանշանակ եւ վճռական հաղթանակ: Եվ շարունակելու մեր արժանապատիվ, մեր ինքնության ու վեհության կյանքը»:

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ Շուշի այցելելու ծրագիր էլ ունեն, հանդիպելու են նաեւ Պարգեւ Սրբազանին:

Սրբազանից հետաքրքրվեցինք՝ զենք կրելո՞ւ է: Ի պատասխան ասաց՝ իմ զենքը միշտ ինձ հետ է՝ մեր տիրոջ կամքը, խոսքը հոգին եւ մեր սուրբ խաչը, անհրաժեշտության պարագայում նաեւ՝ զենքը:

Մեր հարցին՝ Ապրիլյան պատերազմում հոգեւորականներ էլ կային, այսօր նույնպե՞ս առաջնագծում հոգեւորականներ ունենք, Տավուշի թեմի առաջնորդն ասաց՝ այսօր էլ մեր հոգեւորականները՝ մեծից փոքր, տարբեր աստիճաններով՝ եպիսկոպոսական, վարդապետական, քահանայական, սարկավագներ, բոլորն անխտիր առաջնագծում են գտնվում. «Տքնում են մեր տղաների հետ միասին, խնամք են տանում նրանց համար եւ մասնակցում պաշտպանական գործողություններին: Հյուսիսից՝ հարավ բոլոր կետերում: Բնականաբար նաեւ Արցախի թեմի հոգեւորականությունն է այնտեղ՝ մեր սրբազանի գլխավորությամբ, նաեւ՝ զինված ուժերի մեր հոգեւոր առաջնորդության հոգեւոր սպասավորները: Եվ ընդհանրապես, Մայր Աթոռից վարդապետներ, քահանաներ բոլոր մեր թեմերից, բոլոր հնարավոր եւ անհնար վայրերում են գտնվում մեր սիրելի եղբայրների եւ քույրերի եւ սիրելի զինվորների ու սպաների կողքին»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031