Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայում բնակվող հայերն օրվա ընթացքում Արցախի և Հայաստանի դեմ ուղված թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող բողոքի ցույցերով կաթվածահար արեցին Եվրոպայի բոլոր միջպետական մայրուղիների աշխատանքը: Բողոքի ցույցեր կազմակերպվեցին Բելգիա-Ֆրանսիա սահմանին, Շվեդիայում, կաթվածահար արեցին դեպի Համբուրգ տանող գլխավոր մայրուղիները: Բողոքի ցույց կազմակերպվեց նաև Կանադայում, իսկ ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի առաջ, ամերիկաբնակ հայերը խունկ ծխեցին:
Բելգիայում հազարավոր հայեր փակեցին Բելգիա մուտքի ու ելքի բոլոր մայրուղիները՝ շուրջ 5-6 մայրուղի: Նրանք պահանջեցին, որ եվրոպական երկրները դադարեն լուռ հետևել այն ամենին, ինչ Թուրքիան և Ադրբեջանը կատարում են Արցախի և Հայաստանի դեմ:
Նրանք պահանջեցին, որպեսզի Բելգիան ճանաչի Արցախի անկախությունը:
«Էրդողա՛ն, տեռորիստ» վանկարկումներով բելգիաբնակ հայերն իրենց բողոքի ձայնը բարձրացրին և դիմելով Հայաստանում և Արցախում բնակվող հայրենակիցներին՝ ասացին՝ մենք ձեզ հետ ենք:
Կարդացեք նաև
Ցույցի մասնակիցները հայտարարեցին՝ սա ինքնաբուխ հավաք է և այն կրելու է շարունակական բնույթ: Նրանք հավաստիացրին՝ ամեն օր մեկ ժամով փակելու են մայրուղիները, որպեսզի Եվրոպային ստիպեն գնահատական տալ Թուրքիայի և Ադրբեջանի քայլերին, եվրոպական երկրները որոշումներ ընդունեն:
Ոստիկանները պարբերաբար բանակցում էին ցուցարարների հետ, խնդրում բացել մայրուղիները: Ցույցի մասնակիցները, ընդառաջ գնալով ոստիկանների պահանջին, մայրուղու միայն մեկ գիծը բացեցին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ