«Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը գնում է, ինչ-որ փաստեր է արձանագրում, հառաչում է, չգիտենք ինչեր է անում, իսկ Հայաստանում ոչ մի բա՞ն: Դուրս չի՞ գալիս, որ իրենք ստեղծել են տեռորիզմը՝ իրենց քաղաքական շահերն առաջ տանելու համար: Եթե դուք հենց այսօր՝ այս պահին չարձագանքեք Հայաստանում խաղաղ բնակչության, գերիների հանդեպ տեղի ունեցած այս վայրագություններին, ուրեմն մենք կարող ենք եզրակացնել, որ դուք եք ստեղծել տեռորիզմը»,- այսօր Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ցույցի ժամանակ հայտարարեցին քաղաքացիները:
Նախաձեռնության անդամները հորդորում էին ՄԱԿ-ի ներկայացուցչին չպաշտպանել ահաբեկչությունը: «Ոչինչ չանելով՝ հենց դա են անում: Գոյություն ունեն միջազգային հստակ նորմեր, որոնք արգելում են կոնկրետ զինատեսակներից զենք բացել բնակավայրերի ուղղությամբ, իսկ այսօր մենք տեսնում ենք, որ Ստեփանակերտում, Հադրութում, Մարտակերտում, Մատաղիսում, Արցախի ողջ երկայնքով հակառակորդը կասետային այդպիսի ռումբեր է օգտագործում: ՄԱԿ-ը լռում է նաեւ այս թեմայի շուրջ: Այսօր մենք բացառապես կռվում ենք մեր հերոս տղաների շնորհիվ: Նրանց շնորհիվ է, որ այսօր Արցախը կանգուն է, իսկ ՄԱԿ-ի ու նման միջազգային կառույցների լռության պատճառով այսօր Արցախում զոհվում է խաղաղ բնակչությունը»,- ասացին նախաձեռնության անդամները՝ հավելելով, որ ադրբեջանական ագրեսիան չի զսպվում, քանի որ նրանց թեւ են տալիս հենց ՄԱԿ-ի նման կազմակերպությունները:
Ցուցարարները ցանկանում էին հանդիպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի լիազոր ներկայացուցչի հետ, սակայն նրանց տեղեկացրեցին, որ ներկայացուցիչն այս պահին ՀՀ-ում չէ: Մինչդեռ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ՖԲ էջում տեղեկացրել է, որ այսօր Ազգային Ժողովում ինքը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ ու քննարկել են Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը։
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ցույցին մասնակցում էր Անահիտ Բախշյանը: Նա արցունքն աչքերին ասում էր. «Հիասթափված եմ քեզանից, ՄԱԿ, ես չեմ ասում դու արի մեր սահմանները պաշտպանիր, բայց դու պարտավոր ես քո ընդունած կոնվենցիաներից ելնելով՝ գոնե ահազանգել, ասել, թե ով է ագրեսորը, ով հարձակվեց, ինչ եղավ այնտեղ: Դպրոցներ ռմբակոծվեցին, երեխաներ են կրթությունից զրկվում, ո՞վ պիտի խոսի այս մասին»:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյանն ասաց, որ այսօր որոշել էին իրենք կանանցով, մայրերով նման ցույց անել, բայց նախաձեռնության անդամներից մեկի՝ նկարչուհի Արեւ Պետրոսյանի տղան վիրավորվեց ու դրա համար այն հետաձգեցին. «ՄԱ՛Կ, հերի՛ք է, քո հանցագործ, հանցավոր անգործությունը թանկ է նստում մոլորակի այս պստիկ, սիրուն, շքեղ կտորի վրա»:
Ավելի ուշ ցուցարարներին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչը գնացել է քաղաքացիական վիրավորներին տեսակցության. «Մեր բարձրացրած ձայնից հետո ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղից շարժվել է, ուրեմն մենք սրանից հետո կորդեգրենք պայքարի այն ուղին, որ ստիպելու ենք նրանց աշխատել»:
Քանի որ հանրային ճնշման արդյունքում ՄԱԿ-ի ներկայացուցիչը գնաց վիրավորներին տեսնելու, ցուցարարները արձանագրեցին. «Մենք այսօր դիվանագիտական ճակատում հաղթեցինք, ինչպես սահմանային ճակատում են հաղթում: Թող փորձվի մի հայտարարություն անազնիվ անի ու խնդիրների մասին բարձրախոսի: Նա պետք է գնա Շուշի, որ տեսնի՝ ինչ վանդալիզմի է ենթարկվել հայ մշակույթը»:
Ցուցարարները վստահեցրին, որ այսուհետ կրնկակոխ հետեւելու են ՄԱԿ-ի գրասենյակի յուրաքանչյուր քայլին, աշխարհի ամեն ծայրում հավաքվելու են ՄԱԿ-ի գրասենյակների մոտ, ստիպեն, որ պարտադրեն խաղաղություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ