Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) մարդասիրական օգնություն է տրամադրել Արցախի Հանրապետությունում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հետեւանքով Հայաստան տեղափոխված Արցախի` շուրջ 7000 բնակիչներին։
Մարդասիրական աջակցություն են ստացել ՀՀ մարզերի մեծ եւ փոքր հյուրանոցներում, հյուրատներում եւ հանգստյան տներում, ինչպես նաեւ գյուղական համայնքներում ապաստանած ընտանիքները, որոնք հարկադրաբար լքել են իրենց բնակավայրերը՝ որոշ դեպքերում առանց տաք հագուստի կամ փաստաթղթի։
Օգնության ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 60 տոննա՝ այդ թվում սննդային տարբեր ապրանքներ, տաք հագուստ, հիգիենայի պարագաներ, դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ տեղահանվածներին, հիգիենայի պարագաներ՝ բուժվող զինվորներին, եւ բժշկական նյութեր ու պարագաներ՝ առողջապահական հաստատություններին։
«Արագ արձագանքման գործողությունների շղթայական մեխանիզմը (ապաստանների բացահայտում, հաստատությունների ու տեղահանվածների կարիքների գնահատում, անհրաժեշտ ապրանքի ու պարագաների ձեռքբերում, տեղափոխում, բաշխում, հաշվետվողականության ապահովում) հնարավորություն տվեց շատ կարճ ժամանակահատվածում մեծածավալ, նպատակային ու թիրախավորված օժանդակություն ցուցաբերել հազարավոր հայրենակիցներին, սատար լինել նրանց ընդունած հաստատություններին, համայնքներին ու Հայաստանի Հանրապետությանը։ Այս պահին աշխատանքները շարունակվում են նույն տրամաբանությամբ, մինչեւ օգնության տրամադրման այլ ձեւաչափի անհրաժեշտություն լինի», – ասել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը։
Կարդացեք նաև
Հայ օգնության ֆոնդը շարունակելու է մարդասիրական օգնություն տրամադրել վերոնշյալ եւ ռազմական գործողություններից տուժած այլ ընտանիքներին՝ ըստ նրանց կարիքների ու բնակության վայրի։
Հայ օգնության ֆոնդ