Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա կատարյալ ցինիկ սուտ է. ոչ մի հայ իր սրբավայրին չի դիպչի». Պարգեւ սրբազանը՝ Ալիեւի ակնարկի մասին

Հոկտեմբեր 16,2020 17:04

Aravot.am-ը զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:

-Սրբազան հայր, հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում կասկածի տակ առավ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծության փաստը՝ ակնարկելով, որ հայերն իրենք են հարվածել իրենց եկեղեցուն: Խնդրում եմ ձեր դիտարկումները բարձրաձայնել այս հայտարարության առթիվ:

-Դա կատարյալ ցինիկ սուտ է: Երբ մարդը շատ լավ գիտի, որ դա կատարվել է իրենց իսկ հրամանով, սակայն ուզում է մեր վրա բարդել, ծիծաղելի է…Կյանքում ոչ մի հայ իր սրբավայրին չի դիպչի: Դա բացառված է:

Ավելին ասեմ՝ 90-ականներին նրանք եկել եւ ռմբակոծել են Գանձասարը. քանդվել էր մի ամբողջ միաբանական շենք: Ռումբեր էին թափում, հետո եկան 40 հրթիռ բաց թողեցին…Տանկով խփում էին Ամարասի վանքին, որի արեւելյան պատին մի քանի հարված կա, անգամ կպել էին ռոտոնդայի մեկ ոտքին՝ թնդանոթով:

Էլ չասեմ, որ երբ յոթ փախստականներ չէին հասցրել հեռանալ եւ մնացել էին Գյուլիստանի եկեղեցում, բռնել մորթել էին, գլուխները գցել խորանի վրա, իսկ խորանի վերին պատի առաստաղը, գմբեթը պայթեցրել էին: Ուստի սա նույն ձեռագիրն է, որ կար եւ որը հիմա կա: Որեւէ նորություն չկա այստեղ:

Ինքն ամեն անգամ պատերազմը սկսում է ու փորձում ուրիշների վրա գցել: Մենք երբեւէ զինադադարը չենք խախտել, պատերազմ չենք սկսել: Ու մի մոռացեք, որ գողը միշտ գոռում է՝ «գողին բռնե՜ք, գողին բռնե՜ք»…այս ասացվածն իրենց է վերաբերում»:

Լուսանկարը՝ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, որ հարցազրույցում Ալիեւը նախ անուղղակի խոստովանել էր կատարվածը՝ ասելով. «Ես չեմ ասում, որ մենք դա արել ենք վրեժի համար: Ոչ: Մենք պետք է ուսումնասիրենք հարցը»: Ապա հավելել էր՝ «Մենք վստահ չենք կատարվածում: Կասկածներ կան, որ դա հայերի ձեռքի գործն է, որոնք ուզում են մեզ մեղադրել», հետո շտապել էր հիշեցնել, թե իրենց թիրախների թվում պատմական-կրոնական կառույցներ չեն կարող լինել:

Ինչպես ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է փաստել, Շուշիի եկեղեցուն հասցվել են երկու գերճշգրիտ՝ թիրախային հարվածներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի ներգրավվածությամբ եւ օժանդակությամբ ռազմական լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի դեմ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031