«Հաղթելու ենք», «Կեցցե՛ ազատ, անկախ Հայաստանը», «Կեցցե՛ ազատ, անկախ Արցախը», «Հայաստա՛ն, Հայաստա՛ն», «Stop Ալիև», «Stop Էրդողան», «Պայքար, պայքար մինչև վերջ»,- Կանադայի հայերի բողոքի ցույցն՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ուղեկցվեց այս կոչերով:
Ցույցը սկսվեց Կանադայի, Հայաստանի և Արցախի Հանրապետության օրհներգերով:
Ցույցի մասնակիցները դատապարտեցին Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը, պահանջեցին հստակ գնահատական տալ և ճանաչել Արցախի անկախությունը:
Պարգև Արքեպիսկոպոս Չարյանն իր ելույթում հատուկ շնորհակալություն հայտնեց հայ երիտասարդությանը, որոնք սահմանին Արցախն են պաշտպանում, աշխարհի տարբեր երկրներում բողոքի ցույցեր կազմակերպում՝ լսելի դարձնելով հայի ձայնը: Նա հայտարարեց. «Այս օրերին տեսնում ենք մեր երիտասարդությանը, որ նման բողոքի ցույցեր միայն Կանադայում, այլ ամբողջ աշխարհում է կազմակերպում Արցախի ձայնը լինելու, Արցախի մեր զինվորի, Արցախի հայոց բանակի և մեր ողջ ժողովրդին նույն ձայնը լսելի դարձնելու, որ մեր ժողովրդին ոչ երեկ, ոչ այսօր, ոչ վաղը հնարավոր չէ ծնկի բերել, քանի որ ուժեղ է, անկոտրում իր կամքով»:
Կարդացեք նաև
Արքեպիսկոպոս Չարյանը վստահեցրեց՝ թշնամուն ցույց ենք տալիս, որ քո տեղում մնա, մենք ծունկի չենք գա, մենք տերն ենք մեր հողի, մեր իրավունքների, մեր սեփական, ճշմարիտ իրավունքների: Եզրափակելով ելույթը՝ նա հայտարարեց. «Աշխարհը թող իմանա, որ մենք այս ոգով և գիտակցությամբ պիտի շարունակենք տերը լինել մեր հողերի»:
Ցույցի ավարտին կազմակերպիչները հայտնեցին, որ Օթել դե Վիլն իրենց դիմումն այսօր ընդունել է և երկուշաբթի օրը կներկայացնի հռչակագիր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Armenian National Committee of Canada ֆեյսբուքյան էջից