Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. «Ալիեւը իր կլանի ու ընտանիքի հետագա գոյության հարցն է լուծում այս պատերազմով»

Հոկտեմբեր 16,2020 14:40

Ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը «Հենարան» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ կոչ արեց չափազանց ուշադիր լինել ցանկացած լուր կարդալիս, վերլուծելիս. «Ինքներս մեզ պետք է փորձենք հարց տալ՝ արդյոք չներազդվեցինք այդ լուրի ազդեցությունից: Լուրը կարող է լինել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ու ադրբեջանական աղբյուրներից: Շատ կարեւոր է, որ մենք պատերազմական իրավիճակում կարողանանք պահպանել տեղեկատվական քարոզչական, հոգեբանական ոլորտների հիգիենան…

Պետք է գիտակցենք, որ պատերազմն առանց զոհերի չի լինում, բայց պատերազմի ժամանակ կարող ենք նվազեցնել զոհերի եւ կորուստների թիվը, եթե կարողանանք առաջնորդվել սթափ գիտակցությամբ, լինել հավաք, միասնական, նեցուկ՝ առաջնագծում կռվող մեր զինվորներին ու սպաներին: Հոգեբանական բաղադրիչը պատերազմների պարագայում չափազանց կարեւոր է»:

Հայկ Դեմոյանը փաստում է, որ հակառակորդը նաեւ հոգեբանական ուղղությամբ է գրոհում թիկունքի եւ բանակի անձնակազմի վրա, որը կարող է ինչպես տեսանելի, այնպես էլ աներևույթ լինել, դրա համար պետք է ուշադրիր լինել եւ չնպաստել այն ներգործության տարածմանը:

Իսրայելի գործոնին անդրադառնալով` ցեղասպանագետը նշեց, որ չենք կարող արգելել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելը, քանի որ դա նախ եւ առաջ բիզնես է, բայց կարող ենք գրագետ աշխատելու դեպքում ունենալ տարբեր երկրների աջակցությունը՝ պատերազմական գործողությունների ժամանակ ընդդեմ իսրայելական զենքի վաճառքի: Հայկ Դեմոյանն ընդգծում է, որ դեռեւս 1996-ից Իսրայելը եւ Թուրքիան ունեն բավականին լուրջ ռազմական համագործակցության պայմանագիր, ըստ որի՝ իսրայելական օդուժը ընդհուպ կարող է օգտագործել թուրքական օդային տարածքը:

Գիտնականը միաժամանակ հավելում է, որ սա կարող է վատ անդրադառնալ Հոլոքոստ տեսած երկրի իմիջի վրա. «Այն երկիրը, որը մարմնավորում է Հոլոքոստից վերածնված հրեա ժողովրդի հանգրվանը, որը մեծ փորձության եւ ողբերգության  ականատեսը դարձավ հենց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, այսօր զենք է մատակարարում մի վարչախմբի, որտեղ Ադրբեջանը միահեծան դիկտատոր է: Ընդ որում, Ադրբեջանը ցանկացած պարագայում պատրաստ է պատերազմական հանցագործությունների եւ էթնիկ զտումների, որոնք մենք կարող ենք արձանագրել որպես ցեղասպանության իրագործման համար պատրաստ երկիր»:

Ցեղասպանագետի դիտարկմամբ, այն ինչ ծրագրված էր ադրբեջանաթուրքական պլաններով ու քարտեզներով, ըստ ժամանակացույցի չի գնում: «Իրենք նախատեսում էին մեկ շաբաթվա ընթացքում գրավել խոշոր քաղաքներ գոնե Արցախի տարածքում, սակայն այն նոր բնագիծը, որ ակնկալում էին թուրք-ադրբեջանական ստրատեգները, չի հաջողվել արձանագրել: Հայկական կողմի ծանր կորուստներով կարող ենք արձանագրել բավական լուրջ արդյունք, որը հետեւանքային է լինելու հետագա ռազմական գործողությունների ծավալման ընթացում, որովհետեւ մարդուժը, տեխնիկան, որ ունի Ադրբեջանը, որքան էլ հարուստ լինի, թեեւ ինչպես այս երկիրը, այնպես էլ Թուրքիան, գտնվում են տնտեսական առումով ճգնաժամային վիճակում, սպառվելու վրա են:

Ունենք տվյալներ, որ Ադրբեջանում հասարակության լայն շերտերը այնքան էլ չեն ողջունում Իլհամի ռազմամոլ քաղաքականությունը, խաղաղ բնակչությունը չի ուզում պատերազմ, որովհետեւ հասկանում է, որ պատերազմական վիճակի ստեղծումը, պարետային ժամը, որը Բաքվում գործում է բիրտ եւ կոշտ ձեւերով, առիթ են մարդկանց տներից հանելու եւ բանակ ուղարկելու համար»:

Հայկ Դեմոյանը պարզաբանում է, թե համաշխարհային համավարակի ժամանակ սանձազերծած այս պատերազմով ինչ հարց է լուծում Իլհամ Ալիեւը. «Ադրբեջանը գտնում է, որ սա լավ առիթ է ռազմական ճանապարհով Արցախի հարցը լուծելու համար, եւ հարցը բնավ բանակցությունների սեղան հայկական կողմին հրավիրելը կամ պարտադրելը չէ: Իլհամ Ալիեւը վերջին 15 տարիների ընթացքում գնել է մեծաքանակ զենք, դրա համար էլ խաղամոլական հակումներ ունեցող նախագահը պետք է գնար նման քայլի: Ալիեւը շատ լավ հասկանում է, որ պատերազմը թանկ հաճույք է, իսկ ռիսկայնությունը այն է, որ իր կլանի, ընտանիքի հետագա գոյության հարցն է լուծում այս պատերազմով: Ապրիլյան ու Տավուշյան պատերազմներից հետո, սա երրորդ խոշոր պարտությունն է, որը արձանագրվում է Ադրբեջանի համեստ արդյունքներով, ինչն Իլհամ Ալիեւի համար ցանկալի չէ: Նա ուզում է ամեն ինչ եւ միանգամից: Պատերազմի քսաներորդ օրվա դրությամբ ադրբեջանական ուժերի զբաղեցրած գծերը հետագա ծավալման առումով կարող են խոստումնալից լինել, բայց հաղթանակ որակելը ծիծաղելի կլինի: Ի դեպ, Իլհամ Ալիեւը դեռեւս ոչ մեկի ոչ մի գործողության համար չի պարգեւատրել որեւէ մեկին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031