Շուրջ 4 ժամ է՝ գերմանաբնակ հայերը փակել են, ինչպես իրենք են ասում, Գերմանիայի թիվ 1 մայրուղին: Ցուցարարները պահանջում են, որ Գերմանիան ճանաչի Արցախի անկախությունը, դատապարտի Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած ագրեսիան և քայլեր ձեռնարկի:
«Էրդողան՝ տեռորիստ», «Հայաստան, Հայաստան». այս վանկարկումներով ցուցարարները պահանջում են, որ գերմանական լրատվամիջոցներն արձագանքեն և իրենց բողոքի ձայնը հասցնեն հանրությանը:
Ցուցարարներից մեկը պատմեց. «Մենք հավաքվել ենք Համբուրգում, փակել ենք մայրուղին: Այս ճանապարհը Համբուրգի գլխավոր ճանապարհն է, որը տանում է Համբուրգի նավահանգիստ: Մեր նպատակն է, որպեսզի ճանաչեն Արցախի անկախությունը: Գերմանիան առաջին գլուխն է Եվրոպայի և օգնում է Էրդողանին, որ ահաբեկիչներին մտնում են մեր երկիր: Բազմաթիվ լրագրողներ են եկել, գնացել, բայց մինչև գերմանական առաջին ալիքը ուղիղ եթեր չմտնի՝ մենք այստեղից չենք գնալու»:
Կարդացեք նաև
Մեկ այլ ցուցարար՝ Համբուրգի բնակիչ Հրանիկ Թովմասյանը հայտարարեց՝ կոնկրետ Համբուրգի կյանքը մի քանի ժամով կանգնել է ու նշեց. «Ուզում ենք մեր բողոքի ձայնը բարձրացնենք, որպեսզի Եվրոպայի անտեղյակ ժողովուրդը լսի և ճիշտ գնահատական տա, որ մեկ րոպե առաջ դադարեցվի այդ ամենը: Մենք գնալու ենք նաև Բելգիա, ցույց ենք անելու Եվրոպական խորհրդարանի դիմաց: Հոլանդիայից էլ են հայերը մեզ միանալու: Մենք բազմաթիվ անգամներ ցույցեր ենք արել, բայց մեր ցույցերը գերմանական ալիքները չեն լուսաբանում: Մեր նպատակն է, որ մեր խոսքերը հեռարձակվեն»:
Այնուհետև դիմելով հայ զինվորներին՝ ասաց. «Թող մեր զինվորները տեսնեն, որ մենք էլ այստեղ ենք կռիվ տալիս: Եթե պետք լինի այս նույն տղաներով գալու ենք մեր սահմանները պաշտպանենք»:
Նշենք, որ ոստիկանները մի քանի անգամ հորդորեցին բացել ճանապարհը, սակայն ցուցարար հայերը համառեցին՝ չեն բացելու, մինչև բոլոր գերմանական ալիքները ուղիղ եթերով չհեռարձակեն իրենց ցույցը:
Ի վերջո, ցուցարարները յութուբյան ալիքներով համոզվեցին, որ իրենց ցույցը հեռարձակվել է գերմանական ալիքներով և որոշեցին բացել մայրուղին՝ վանկարկելով՝ ոստիկան, շնորհակալություն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ