Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաճընի ութամսյա հերոսամարտ-100. հաճընցիները հարգեցին նահատակների հիշատակը

Հոկտեմբեր 16,2020 13:48

Հաճընի ութամսյա հերոսամարտից անցել է ուղիղ 100 տարի: Ինչպես մեկ դար առաջ, այսօր ևս հայերը կենաց ու մահու կռիվ են տալիս միևնույն թշնամու դեմ. ոչինչ չի փոխվել, ձեռագիրը նույնն է, ոճրագործները՝ նույնպես:

Նոր Հաճնի քաղաքապետարանն ու «Հաճըն» հայրենակցական միությունը տևական ժամանակ պատրաստվում էին հավուր պատշաճի նշել այս կարևորագույն իրադարձությունը, նախատեսել էին իրականացնել բազմաթիվ ծրագրեր, սակայն, հասկանալի պատճառներով, բոլոր միջոցառումները հետաձգվեցին:

Ու քանի որ հաճընցին, միևնույն է, չի կարող չհիշել ու չհարգել, ուստի Նոր Հաճն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցավ պատարագ՝ հաճընցի նահատակների և իհարկե՝ մեր այսօրվա պայքարի հերոսների հոգու հանգստության համար:

Ինչպես նշեց Նոր Հաճնի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանը՝ Կիլիկիո Հաճընի ութամսյա դյուցազնամարտի շարունակությունն է մերօրյա գոյապայքարը: Քաջ նախնիների ոգին այսօր առաջնագծում կանգնած մեր հերոսների սրտերում է: Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր մեր կամքն աննկուն է, ոգին՝ անկոտրում:

Պատարագից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակի տեղադրման արարողություն Հաճընի հերոսամարտին նվիրված հուշակոթողի մոտ՝ քաղաքապետարանի ու «Հաճըն» հայրենակցական միության կողմից, որից հետո ներկաները մասնակցեցին քաղաքապետարանի կողմից կազմակերպված հյուրասիրությանը:

Մասնակցում էին ինչպես քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը, «Հաճըն» հայրենակցական միության անդամները, այնպես էլ՝ Նոր Հաճնի բնակիչները: Ներկա էին նաև Բեյրութից ժամանած հաճընցիներ՝ Դագեսյանները, Սարաֆյաններն ու Շորյանները, որոնք ցանկություն են հայտնել բնակվելու Հայաստանում:

Հյուրասիրության ժամանակ օրվա շնչով ելույթներ ունեցան Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը, արմատներով հաճընցի Արարատ եպիսկոպոս Գալթակչյանն ու Արա Դագեսյանը:

Նրանք իրենց խոսքում ընդգծեցին հին ու նոր հաճընցիների, ինչպես նաև՝ մեր նորօրյա հերոսների քաջությունն ու համառությունը, խոսեցին հայի հաղթական գենի մասին՝ վստահություն հայտնելով, որ հայն անպարտելի է, ուստի այս անգամ ևս հաղթելու ենք:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր բոլոր ժամանակների բոլոր զոհերի հիշատակը:


Հաճընցիներն ու հյուրերը զրույցի ընթացքում հիշեցին հաճընցիների մասնակցությամբ հերոսական դրվագներ մեր պատմությունից, Ճարատանյան քույրերը կատարեցին հայրենասիրական երգեր, խոսքով հանդես եկավ «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյան-Ճարպիկյանը:

Նա կարևորեց աշխարհասփյուռ հայերի դերը մեր այսօրվա պայքարում՝ ողջ աշխարհի հայերին կոչ անելով միանալ և շեշտելով նաև ամուր թիկունք ունենալու անհրաժեշտությունը:

Հաճընցիները միմյանցից բաժանվեցին մեր ապագա հաղթանակի ակնկալիքով ու ևս մեկ անգամ ընդգծեցին հաճընցիական ոգու ամրությունը. «Մեր նատուրոն բաշխո ի»:

«Հաճըն» հայրենակցական միություն

Tesaket.info

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031