Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի գործողությունները հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. Զոհրաբ Մնացականյանը՝ Անտոնիո Գուտերեշին

Հոկտեմբեր 16,2020 13:24

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած աննախադեպ լայնամասշտաբ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրադրությունը: Այս համատեքստում նախարարը իր խորին մտահոգությունը հայտնեց ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման առնչությամբ:

Զրույցի ընթացքում նախարար Մնացականյանը նշեց, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով ձեռք բերված համաձայնությունը և շարունակաբար թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ պատճառելով մարդկային կորուստներ: Նախարար Մնացականյանն ընդգծեց նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական սարդիչ գործողությունների անթույլատրելիությունը:

ԱԳ նախարարը խորը մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայում Թուրքիայի ներգրավվածությամբ, ինչը դրսևորվում է վերջինիս անմիջական ռազմական մասնակցությամբ և Մերձավոր Արևելքից Ադրբեջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար:

Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանի գործողություններն առավել ընդգծում են Արցախի ժողովրդի գոյութենական վտանգը և հրամայական դարձնում այն չեզոքացնելու ուղղությամբ միջազգային հանրության գործուն ջանքերի ձեռնարկումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման և իր պատմական հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրականացման միջոցով:

ՀՀ ԱԳ նախարարը, ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, առանձնահատուկ կարևորեց ՄԱԿ-ի և իր համապատասխան մարմինների կողմից հումանիտար աջակցության հասանելիության անհապաղ ապահովումը տեղում՝ մեղմելու Արցախի քաղաքացիական բնակչության տառապանքները և հասցեագրելու նրանց առաջնահերթ կարիքները՝ համաձայն ՄԱԿ նպատակների ոգուն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն հայտնեց  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ և ընդգծեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման կարևորությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031