Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:
Զրույցի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով ադրբեջանական կողմի՝ սեփական պարտավորությունների չկատարման և Արցախի ողջ տարածքում խաղաղ բնակավայրերի թիրախավորման առնչությամբ։ Ադրբեջանի ագրեսիվ այս գործողությունները ուղեկցվում են միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումներով՝ հերթական անգամ ընդգծելով Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության ապահովման առաջնահերթությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի լիարժեք իրացման և ճանաչման միջոցով:
Նախարարն առանձնահատուկ ընդգծեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը:
Կարդացեք նաև
Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն արտահայտեց միջազգային զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայելու ճանապարհով Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության առնչությամբ, ընդգծելով, որ Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն վերածվելու անդառնալի միտումը սպառնալիք է ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի համար:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը և դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը:
Նախարարը Գլխավոր քարտուղարին հայտնեց, որ Հայաստանը շարունակելու է ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին մշտապես տեղեկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և դրա անդամ երկրներին:
ՀՀ ԱԳՆ