Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սկզբում ուրախությամբ հաղորդեցին, որ հայերին գերի են վերցրել՝ բնօրինակ տեսանյութից կտրելով գնդակահարության դրվագը». Լապշին

Հոկտեմբեր 16,2020 12:04

Հանրահայտ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում այսօր հետեւյալ  գրառումն է արել. «Այս օրերին, երբ աշխարհը ցնցված է Հադրութի մոտ ադրբեջանցի զինվորականների կողմից խաղաղ բնակիչների դաժան գնդակահարությամբ, ինձ մնում է միայն ասել՝ ես վաղուց գիտեի, թե մենք ում հետ գործ ունենք: Սա այն դեպքն է, երբ չեն աշխատում այն բացատրությունները, թե գնդակահարողները ոչ թե ադրբեջանցի զինվորներն են, այլ սիրիացի ջիհադիստները, որոնք եկել էին օգնելու փրկել Իլհամ Ալիեւի իշխանությունը: Ոչ, սա մաքուր ադրբեջաներեն խոսք է, ինչպես փաստում են իմ ծանոթ ադրբեջանցի ընդդիմադիրները:

Ես նաեւ հարցրի, թե այդ ի՞նչ է աջ կողմում գրվածը՝ «Ադրբեջան» անունը պարունակող, եւ նրանք պատասխանեցին, որ, ամենայն հավանականությամբ, մարդասպանները գրել են իրենց գումարտակի անվանումը կամ 088 ստորաբաժանման անունը:

Հիշեցնեմ, որ սկզբում ադրբեջանական ԶԼՄ-ները եւ բլոգերներն ուրախությամբ հաղորդեցին, որ հայերին գերի են վերցրել՝ բնօրինակ տեսանյութից կտրելով գնդակահարության դրվագը: Բայց իրենք իսկ սկսեցին միմյանց ուղարկել տեսագրության ամբողջական հատվածը՝ ակնարկելով, թե ինչ «крутой» են իրենք՝ գնդակահարել են երկու խաղաղ բնակչի, այդ թվում՝ տարեցի: Արդյունքում տեսագրությունը դուրս եկավ Ադրբեջանի սահմաններից, ինչից հետո Ադրբեջանի ԶԼՄ-ները վախեցան եւ ջնջեցին ձերբակալության տեսարանները՝ հայտարարելով, որ դա կեղծիք է եւ իրենք առաջին անգամ են տեսնում դա: Բայց «Գուգլ»-ն ամեն ինչ հիշում է:

Ճիշտ եւ ճիշտ այնպես, երբ 2017թ. սեպտեմբերի 11-ի գիշերն ինձ վրա հարձակվեցին Բաքվի բանտում: Սկզբում չորսով հարձակվեցին, ծեծեցին եւ խեղդեցին: Հետո վախենալով, որ ես կմահանամ (հավանական է, որ նպատակը ոչ թե ինձ սպանելն էր, այլ վնասելն ու վախեցնելը), նրանք սարքեցին ինքնասպանություն՝ վզիս գոտի ամրացնելով եւ կախելով խցիկում: Բայց Լապշինը երեւի չէր ուզում մեռնել: Ժամանակը գնում էր, եւ վազելով մոտեցան ենթադրաբար բանտի անվտանգության աշխատակիցները, ու սկսվեց քաոսը: Որոշեցին, որ պետք է փրկել, ոչ թե գործն ավարտին հասցնել: Եվ ընդամենը ժամեր անց իրենց բոլոր ԶԼՄ-ներում հայտարարեցին, թե Լապշինը կախվել էր, իսկ բանտի հերոսական աշխատողներն ինձ փրկել էին: Սրանից հետո լրջորեն վախեցած նախագահ Ալիեւն ինձ ներում շնորհեց՝ անգամ առանց իմ կողմից ներման խնդրագրի, եւ 4-րդ օրն ինձ Բաքվի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից ուղիղ ուղարկեց Իսրայել:

Մի բան չսովորեցին ՝ որքան էլ Իսրայելն Ալիեւի ռեժիմին զենք է վաճառում, գոյություն ունի սահմաններից դուրս ազատությունից զրկված անձանց ընդունելության ստանդարտ գործողություն: Դա կոչվում է բժշկական փորձաքննություն: Թել Ավիվում հենց ինքնաթիռից ինձ տարան հիվանդանոց եւ ամբողջական զննության ենթարկեցին՝ արձանագրելով բազմաթիվ կոտրվածքները, վնասվածքները, հեմատոմաները եւ այդ մասին տվեցին եզրակացություն: Բացի այդ, նման ստուգումներ իրականացրել են նաեւ Ռուսաստանի, Նիդերլանդների փորձագետները եւ տվել եզրակացություններ: Դրանց հիման վրա իմ փաստաբանները ՄԻԵԴ-ում հայց ներկայացրին Ադրբեջանի հանրապետության դեմ:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ հայտարարեցին Բաքվի իշխանություններն ի պատասխան՝ որ Նիդերլանդների, Ռուսաստանի եւ Իսրայելի փորձագետներն իրազեկ չեն, ավելին՝ աշխատում են հայկական կողմի հետաքրքրությունների համար, որ որեւէ մեկն ինձ վրա չի հարձակվել, չի խեղդել, եւ որ դա կեղծիք է: Բնականաբար, Եվրադատարանն այս բացատրությունները չընդունեց, եւ գործը հիմա քննվում է դատարանում: Ավելին՝ ՄԻԵԴ-ում ներկայացնելով գոտին, որով ես իբրեւ թե կախվել եմ, նրանք մոռացել էին, որ ավելի վաղ դատարանին ներկայացրել էին բանտախցիկում իմ ունեցած իրերի ցանկի տեղեկանքը, որում գոտի չկար: Այդ դեպքում որտեղի՞ց այն հայտնվեց:

Համաձայնեք, որ պաշտոնական Բաքվի պահվածքը Հադրութի երկու բնակչի գնդակահարման եւ իմ պարագայում բացարձակ նույնն է: Դա նրա աշխատաոճն է»:

Թարգմանեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Լուսանկարը՝ Ալեքսանդր Լապշինի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031