Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 27-ին զանգել էր մորն ու ասել՝ չվախենաք, սա էլ կպրծնի

Հոկտեմբեր 16,2020 10:30

Սիսիանցի Գագիկ Լալայանն ու կապանցի Կարինե Օվչյանն իրենց որդիներին Դավիթ ու Հայկ կոչեցին, որ հայոց նախապապերի նման ուժեղ ու հայրենասեր լինեն։ Դավիթը անդրանիկ որդին է ու ապրիլյան քառօրյայի մասնակից։

Մոտ 5 տարի իրենից փոքր եղբորը՝ Հայկին շատ էր պատմել հայ զինվորի մարտական ոգու մասին, որից ավելի էր ոգեւորվել Հայկը։

Հադրութում էր ծառայում, սեպտեմբերի 27-ի առավոտյան ու երեկոյան է զանգել մորն ու ասել՝ չվախենաք, սա էլ կպրծնի։ «Ամսի 28-ին ոչ մի տեղեկություն, քուն ու դադար չունեինք։ Միայն հոկտեմբերի 1-ին ասացին, որ զոհվել է՝ հենց ամսի 28-ին»,–Aravօt.am-ի հետ զրույցում ասաց Հայկի մայրը՝ Կարինե Օվչյանը։

19 տարեկան էր Հայկը, 9 ամսվա ծառայող։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է։ Մոր խոսքով, սովորելու հետ այնքան էլ սեր չուներ, բայց աշխատասեր էր։ Համակարգչային հմտությունների էր տիրապետում։

«Զոհվելուց հետո իմացանք, որ զորամասում առաջարկել էին համակարգչի վրա աշխատել, հրաժարվել էր, ասել էր՝ ես հետախույզ եմ ու միշտ առաջնագծում էր»,–հուզված, բայց հպարտությամբ պատմում է մայրը։ Մինչեւ 3-րդ դասարանը Կապանի թիվ 3 դպրոցում է սովորել, հետո ընտանիքով տեղափոխվել են ապրելու Երեւանում։

«Մարդասեր, աշխատասեր, ինչ ասեմ էլ։ Ընկերուհի ուներ, ասում էր՝ մամ, գամ բանակից, մի քիչ էլ աշխատեմ, փող դզեմ՝ ամուսնանամ՝ չհասցրեց Հայկս։ Նպատակները կիսատ մնացին»,–ասաց տիկին Կարինեն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031