Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշինգտոնը պետք է պատժամիջոցներ կիրառի հակամարտություն հրահրած Ադրբեջանի ղեկավարների հանդեպ, դադարեցնի ռազմական որևէ տեսակի համագործակցությունը. VOA

Հոկտեմբեր 16,2020 08:59

«Ամերիկայի ձայն». ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչության նախկին խոսնակ, վերլուծաբան Հագալ Շեմալին հիասթափություն է հայտնում գործող վարչակազմի արձագանքի կապակցությամբ: Նրա կարծիքով վարչակազմը պետք է հստակ ուղերձ հղի Թուրքիայի նախագահ Էրդողանին վերջինիս այստեղ գործողությունների վերաբերյալ: Շամալին քննադատում է նաև փոխնախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որն ըստ նրա, նշելով գրավյալ տարածքները՝ հաշվի չի առնում հայկական կողմի անվտանգության հետ կապված մտավախությունները: Մատնանշելով կոնգրեսական Շերմանի առաջարկը Ադրբեջանի հանդեպ Մագնիցկու ակտ կիրառելու մասին՝ նա գտնում է, որ Վաշինգտոնը պետք է պատժամիջոցներ կիրառի հակամարտություն հրահրած Ադրբեջանի ղեկավարների հանդեպ, դադարեցնի ռազմական որևէ տեսակի համագործակցությունն ու օժանդակությունը Բաքվին, ինչպես նաև զինամթերքի վաճառքը:

«Այդպիսի քայլերն, անկասկած, կարող են բարձրաձայնել նաև Թուրքիայի ներգրավվածության հետ կապված հարցերը և սահմանափակել վերջինիս գործողությունները ոչ միայն ԼՂ հարցում, այլև գլոբալ Թուրքիայի վարքագծի համատեքստում»,- ասում է Շեմալին:

ԵԱՀԿ ՄԽ նախկին ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն կարևորում է ԱՄՆ ակտիվ դիվանագիտական դերը վերջին տասնամյակներում հակամարտության կարգավորման ուղղությամբ: Նա ընդգծում է, որ ԱՄՆ կարևոր կապեր ունի երկու կողմերի հետ. Ադրբեջանի հետ համագործակցում է էներգակիրների հարցում, իսկ Հայաստանի պարագայում, ըստ նրա, կարևոր տեղ է զբաղեցնում ամերիկահայ համայնքը: Ըստ Քավանոյի, այսօր աշխարհում առկա բազմաթիվ խնդիրներ, ներառյալ կորոնավիրուսը, ԱՄՆ ընտրությունները, Սիրիայի ճգնաժամը, Բելառուսը և այլ հարցեր, իրենց վրա են կենտրոնացնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ ԱՄՆ, ՌԴ ու Ֆրանսիայի ողջ ուշադրությունը, սակայն նա ընդգծում է ՄԽ շրջանակում զինադադարի հաստատման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

Իսկ մինչ այդ ԼՂ հակամարտությունը շարունակում է բարձրաձայնվել ամերիկյան քաղաքական տարբեր ամբիոններում: Ամերիրիկահայ և ամերիկաադրբեջանցի համայնքները բողոքի ցույցեր են անցկացնում Սպիտակ տան և Կոնգրեսի առջև: ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հանձնախմբի կոնգրեսականներն առաջ են քաշել կոնգրեսական Սփիեռի հեղինակությամբ բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումն ու Թուրքիայի գործունեությունը, ներառյալ սիրիացի զինյալների փոխադրումն Ադրբեջան, որը հերքում է Անկարան:

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը Սենատի 11 այլ դեմոկրատ անդամների հետ պետքարտուղար Պոմպեոյին ուղղված նամակում կոչ են արել վարչակազմին անմիջապես դադարեցնել ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին և հորդորել Պոմպեոյին անհապաղ ուղիղ երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի, Թուրքիայի և ՀՀ ղեկավարների հետ՝ հրադադարի ռեժիմի հաստատման և բանակցությունների վերսկսման համար:

Իրենց հերթին, հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոն, Ջիմ Ռիշը, Ռոբ Պորտմանը և Ռոն Ջոնսոնը տարածել են հայտարարություն, ուր մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ, կոչ արել կողմերին վերջ դնել ռազմական գործողություններին, իսկ հակամարտության մեջ ներգրավված տարածաշրջանային տերություններին՝ դադարեցնել ագրեսիվ հրահրող գործունեությունը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031