Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որքան փամփուշտ արժե դիմակ չկրելը

Հոկտեմբեր 16,2020 10:00

Կորոնավիրուսով վարակվածների երեկվա թիվը հասել է 1371-ի: Դա, որքան հասկանում եմ, ռեկորդ է թե՛ բացարձակ թվերի եւ թե՛ թեսթավորվածների ու վարակվածների հարաբերակցության առումով: Եթե հիմա պատերազմ չլիներ, ապա այդ թիվը լուրջ տագնապի եւ բազմաթիվ քննարկումների առարկա կդառնար: Բայց ինձ թվում է՝ վարակի տարածումը հատկապես պետք է մտահոգի պատերազմի ժամանակ: Թե ինչու՝ դրա մասին բազմիցս խոսվել է: Առողջապահական համակարգն առանց այդ էլ լարված է պատերազմի պատճառով, եւ քանի դեռ մարտական գործողությունները շարունակվում են, ցավոք սրտի, հնարավոր չի լինի խուսափել մեր զինվորների վիրավորումներից:

Բայց կորոնավիրուսով վարակվածների այս ահռելի թվից հնարավոր է խուսափել, եթե պահպանենք հիգիենայի կանոնները: Այնինչ այսօր փողոցում մեր քաղաքացիների մեծամասնությունը կա՛մ դիմակը կախում է վզից, կա՛մ ընդհանրապես չի դնում: Եվ վստահ եմ՝ այդ մարդիկ խոսում են համերաշխությունից եւ միասնությունից: Բայց իրականում նրանք համերաշխ չեն մեր զինվորների հետ, քանի իրենց անպատասխանատվության պատճառով բժիշկները, դեղորայքը, սարքավորումներն աշխատում են «երկու ճակատով»: Այո,  հիմա փողոցներում ոստիկանները քիչ են, որովհետեւ ոստիկանական համազգեստով մեր երիտասարդները նույնպես գնացել են ռազմաճակատ: Դիմակ չկրողները համերաշխ չեն նաեւ այդ երիտասարդների հետ:

Արեւմուտքում ամեն ինչ ընդունված է գնահատել քանակական չափանիշներով, եւ դա սխալ է այն առումով, որ մարդու կյանքն ու առողջությունն անգին են: Սակայն գին ունեն փամփուշտները, հրթիռները, արկերը, ինչպես նաեւ դեղահաբերը, վիրակապերը եւ հիվանդանոցների մահճակալները: Այդպիսով, թվերը համադրելով, կարելի է հստակ հավասարում ստանալ, թե որքան փամփուշտ կամ արկ արժե դիմակը չկրելը: Դա ոչ թե փոխաբերություն է, այլ անպատասխանատու վարքի միանգամայն հաշվառելի հետեւանք:

Ավելին՝ ես կարծում եմ, որ կարելի է հաշվառել նաեւ անպատասխանատու արտահայտությունների վտանգը: Օրինակ, Ալիեւը կուտ է տալիս մեր հասարակությանը՝ «Հայաստանի նախկին իշխանությունների հետ այսպես էր, ներկաների հետ՝ այնպես», որպեսզի մենք դրա շուրջ բանավեճ ծավալենք: Խնդրում եմ ուշադրություն դարձնել՝ քննարկում ենք խոսքերն այն մարդու, որը մեզ վրա կրակում է եւ սպանում է մեր զավակներին: Ես կարծում եմ, որ ամեն մի բառ, որը պատերազմի հանգամանքն օգտագործում է «նախկինների» կամ «ներկաների» դեմ, մի կրակոց է մեր զինվորների ուղղությամբ՝ անկախ նրանից, թե որ մակարդակում է դա արվում: Ինձ համար կա մեկ Հայաստան, որը գոյություն ունի առնվազն 2,5 հազար տարի եւ տվյալ պահի իշխանություն, որի  ղեկավարությամբ պետք է եւս մեկ անգամ հաղթենք պատերազմում: Մնացած «քաղաքական» խոսակցությունները միայն խանգարում են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    [հառաչանք…]

    Այս պատերազմը կարող է ամիսներով տեւել: Ինչո՞ւ անհնար է որ պարզապէս կառավարութեան կազմը փոխուի, որպէսզի գոյանայ ինչ որ կը կոչուի՝ «Ազգային Միութեան Կառավարութիւն»: Վարչապետը կը մնայ նոյնը, մեր գլխին վրայ, ձեռքերն ալ կը համբուրենք: ԱԺ-ն կը մնայ անշուշտ ինչպէս որ է: Միայն թէ, նոյն Վարչապետի որոշումով եւ նշանակումով, կառավարութեան անդամ կը դառնան նաեւ, այլ ու այլազան քաղաքական-գաղափարական հոսանքներից սերած անձեր:

    Ասիկա շատ բնական եւ սովորական գործընթաց մըն է, երբ որ երկրում կը գոյանայ արտակարգ կացութիւն:

    Որպէսզի քաղաքական իշխանութիւնը լաւագոյն եւ առաւելագոյն կերպով կարենայ ամբողջացնել Բանակին կատարած գերազանց գործը:

    Աւելցնենք որ, այս ուղիով, կարելի է առաջքը առնել պատերազմէն ետք ներազգային խլրտումների հաւանականութեան: Որպէսզի պատերազմէն ետք, դեռ այդ յաւելեալ տագնապն ալ չապրինք:

    • Զոհրաբ says:

      [ծիծաղ…]

      Իհարկե, հենց այս պահին մեզ խիստ անհրաժեշտ է կրկին ներգրավել «այլ ու այլազան քաղաքական-գաղափարական հոսանքներից սերած անձեր», որոնցից ժողովուրդը հազիվ կարողացավ ձերբազատվել…

      Շարունակե՛ք հառաչել։

  2. Մ.Հ. says:

    Հիանալղի հոդված է պարոն Աբրահամյան։ Շատ կարևոր է տարատեսակ կտերը չուտել։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031