Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական կազմակերպությունները զրկված են հանրային նշանակություն ունեցող հարցերով դատարան դիմելու իրավունքից

Հոկտեմբեր 16,2020 13:00

ՀՔԱՎ-ը իր պաշտոնական կայքում դեռեւս հուլիսին ներկայացրեց «Հասարակական կազմակերպությունների արդարադատության մատչելիության իրավունքի երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում» ուսումնասիրությունը: Ըստ իրավապաշտպան կազմակերպության այս ուսումնասիրության, որով արվել են նաեւ բազմաթիվ առաջարկներ, ՀՀ իրավական համակարգը, ինչպես բոլոր այլ ոլորտներում (բացառությամբ՝ շրջակա միջավայրի պաշտպանության), այնպես էլ խտրականության բացառման եւ խտրականությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում, հասարակական կազմակերպություններին դատարան դիմելու իրավունք չի վերապահում։

Մինչդեռ խնդիրը մնում է մինչ օրս այժմեական:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քանիցս բարձրաձայնել է «actio popularis» ինստիտուտի որդեգրման կարեւորությունը՝ իրավական եւ քաղաքական հարաբերությունների զարգացման տարբեր փուլերում՝ 2013 թվականի նոյեմբերին եւ 2020 թվականի հունվարին, սակայն հասարակական կազմակերպությունները զրկված են հանրային նշանակություն ունեցող հարցերով դատարան դիմելու իրավունքից, ներկայումս հասարակական կազմակերպություններն իրենց շահառուների իրավունքների պաշտպանության հարցով դատարան դիմելու իրավունք ունեն միայն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում:

Մինչդեռ, ԵՄ-ի անդամ պետությունների մեծ մասը հասարակական կազմակերպություններին օժտել են արդարադատության մատչելիությամբ այնպիսի կենսական ոլորտում, ինչպիսին է խտրականության բացառումն ու արգելքը:

Մասնավորապես,  Հունգարիայի օրենսդրությունը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին՝ «խոցելի խմբերին հավասար սոցիալական հնարավորությունների տրամադրման համար» պայքարի կամ մարդու իրավունքների պաշտպանության նպատակ հետապնդելու դեպքում դիմել դատարան՝ հավասար վերաբերմունքի կամ խտրականության դեմ պաշտպանության հայցով այն դեպքում, երբ իրավունքի խախտումն առնչվում է ոչ թե մեկ անձի, այլ անձանց խմբի կամ, առհասարակ, հնարավոր չէ հստակորեն որոշել անձանց խմբին, ում նկատմամբ դրսեւորվել է իրավունքի խախտումը։

Նշենք, որ լրամշակման փուլում է գտնվում «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով անհրաժեշտ է դառնում համապատասխան կարգավորմամբ սահմանել նաեւ խտրականության բոլոր ձեւերի դրսեւորման դեմ հասարակական կազմակերպությունների կողմից դատարան դիմելու իրավունքը՝ շահառուների իրավունքների պաշտպանության նպատակով։ Թեեւ մի շարք երկրներում վարչական գործերով հայց ներկայացնելու իրավասության հիմնական չափանիշ է հանդիսանում «իրավական շահագրգռվածությունը», վերջինս դատաիրավական պրակտիկայում ստացել է այնքան լայն մեկնաբանություն, որ հասարակական կազմակերպություններին եւ այլ միավորումներին հնարավորություն է ընձեռում հանդես գալ որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքի պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը տվյալ միավորման կոնկրետ նպատակների շրջանակներում է:

Ինչպես է այլ երկրներում կարգավորվում կազմակերպությունների դատարան դիմելու իրավունքը:

Ռուսաստանի վարչական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր շահագրգիռ անձ իրավունք ունի դիմելու դատարան այլոց իրավունքների եւ հանրային շահի պաշտպանության նպատակով (Վարչական դատավարության օրենսգրքով եւ դաշնային օրենքներով սահմանված դեպքերում): Դատավարական իրավունքները եւ պարտականությունները ճանաչվում են հավասարապես բոլոր անձանց, (…) այդ թվում՝ հասարակական, կրոնական եւ ոչ պետական այլ միավորումների համար, ինչպես իրենց, այնպես էլ հանրային իրավահարաբերություններում ծագող իրավական շահերի պաշտպանության նպատակով։

Նիդեռլանդներն ապահովում են կազմակերպությունների եւ միավորումների դատարան դիմելու իրավունքը քաղաքացիական իրավունքի բոլոր ոլորտներում, սակայն որպես նախապայման սահմանվում է իրավական շահագրգռվածությունը։ Դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորություն ունեցող կազմակերպությունները հանդիսանում են inter alia, հիմնադրամները կամ միավորումները, որոնց կանոնադրությամբ ամրագրված կորպորատիվ նպատակներն են՝ պաշտպանել որոշակի կոնկրետ շահեր։

Կազմակերպությունները ներկայացուցչությունն իրականացնում են կանոնադրությամբ հետապնդվող կոնկրետ շահի պաշտպանության նպատակով` իրականացնելով ինչպես կազմակերպության անդամների, այնպես էլ այլոց իրավունքների պաշտպանությունը։

Բելգիայի սպառողների իրավունքների ոլորտը կարգավորող օրենսդրությունը հնարավորություն է տալիս կազմակերպություններին, այդ թվում՝ ոչ առեւտրային կազմակերպություններին, որոնց նպատակն է պաշտպանել եւ վերականգնել սպառողների խախտված իրավունքները, իրականացնել բոլոր դատավարական գործողություններն՝ ի շահ բոլոր սպառողների։ Կազմակերպություններն օրենքով լիազորված են գործել ի պաշտպանություն որոշակի խմբի շահերի՝ ներկայացնելով խմբում ներառվող անորոշ շրջանակի անձանց իրավունքները դատարանում։

Էստոնիայում ճանաչվում է միավորումների դատավարական իրավասուբյեկտությունը վարչական, քաղաքացիական եւ քրեական գործերով: Դատական պրակտիկան ցույց է տալիս, որ հանրային նշանակություն ունեցող դատական գործերը վարչական իրավահարաբերություններից ծագող խնդիրներն են։

Մի շարք եվրոպական պետություններ սահմանել են քննարկվող խնդրի առնչությամբ առավել ընդլայնված լիազորություններ այնպիսի կազմակերպությունների համար, ում նպատակն է պաշտպանել խտրականությունից տուժած անձանց շահերը, հանդես գալ դատարանում՝ առանց տուժողի համաձայնությամբ։

Չնայած ՀՀ սահմանադրական դատարանը դեռեւս 2010 թվականին նախանշել էր, որ «actio popularis բողոքների ինստիտուտի առնչությամբ եվրոպական ներկա զարգացումների միտումները հաշվի առնելով՝ հասարակական կազմակերպություններին անհրաժեշտ է օժտել կոնկրետ ոլորտներում այլ անձանց խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքով՝ հաշվի առնելով հասարակական կազմակերպության կանոնադրական նպատակները եւ գործունեության առարկան», այնուամենայնիվ, օրենսդրի մոտեցումը՝ հասարակական կազմակերպությանը դատարան դիմելու իրավունքի օժտման հարցում կրել է դիպվածային բնույթ։

«Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ «Կազմակերպությունն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի`(…) օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր եւ իր անդամների, շահառուների եւ կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում»։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում»։ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ պարտավորեցրել է օրենսդրին հետեւել միջազգային օրինակելի փորձին՝ actio popularis բողոքների ինստիտուտի առնչությամբ եւ ամրագրել հասարակական կազմակերպությունների կողմից դատարան դիմելու դեպքերը եւ կարգը՝ հիմք ընդունելով հասարակական կազմակերպությունների իրավական շահագրգռվածությունը (կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված) լինելը։ Մինչդեռ օրենսդիրը 2016թ. կատարված օրենսդրական փոփոխությամբ սահմանափակվել է հանրային շահի բովանդակությունը կազմող միայն մեկ ոլորտում հասարակական կազմակերպությունների կողմից դատարան դիմելու իրավունքի ամրագրմամբ, ինչը չի համապատասխանում Սահմանադրական դատարանի որոշմանը, քանի որ Սահմանադրական դատարանը չի նշել միայն շրջակա միջավայրի պահպանության ոլորտը, այլ կոլեկտիվ կամ համայնքային կոնկրետ շահերի պաշտպանություն պահանջող ոլորտներն՝ առհասարակ, իսկ միայն շրջակա միջավայրի պահպանության հարցերով հասարակական կազմակերպությունների դատարան դիմելու իրավունք վերապահելով, ստացվում է, որ կոլեկտիվ եւ համայնքային շահերի պաշտպանություն ենթադրվում է միայն շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։ ՀՀ սահմանադրական դատարանն օրենսդրին ուղղորդել է առանձնացնել հասարակական կազմակերպության կողմից հանրային շահի դատական պաշտպանության հայցման դեպքերը եւ կարգավորել, սակայն թիվ ՍԴՈ-906 որոշմամբ չի առանձնացրել այդ դեպքերը։

Իրավապաշտպան կազմակերպությունն առաջարկում է փոփոխել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.6 հոդվածի 1- ին մասը հետեւյալ խմբագրությամբ՝ «Կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է հանրային շահի պաշտպանության հարցերով։ Հանրային շահը կարող է հետապնդել հետեւյալ նպատակները՝ 1) հանրային առողջության եւ անվտանգության ապահովումը, 2) հանրային սեփականության պաշտպանությունը, 3) պատմության եւ մշակութային արժեքների կամ հուշարձանների, ինչպես նաեւ բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը կամ պահպանության ապահովումը, 4) կրթության, առողջության, սպորտի, ինչպես նաեւ գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը, 5) առավել խոցելի (ռիսկային) խմբերի, երեխաների եւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, 5) ձերբակալված, կալանավորված, ինչպես նաեւ ազատազրկման դատապարտված անձանց իրավունքների պաշտպանությունը՝ պահման պայմանների հարցերով, 6) անձնական տվյալների պաշտպանությունը, 7) խտրականության բացառումը։

Ըստ ՀՔԱՎ ուսումնասիրության՝
պատրաստեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«
Առավոտ» օրաթերթ
15.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031