Պատերազմական օրերին աշխարհահռչակ հայ երաժիշտները «Առավոտի» միջոցով իրենց զորակցությունն են հայտնում Հայաստանին եւ Արցախին:
Սերգեյ Խաչատրյան (ջութակահար, Հայաստան-Գերմանիա). «Արցախում մենք բախվում եւ պայքարում ենք միջազգային ահաբեկչության դեմ, պայքարում ենք տարածաշրջանի կայունության եւ մեր հայրենիքի ու գոյության պաշտպանության համար: Ադրբեջանը եւ Թուրքիան հայտնի են իրենց բռնապետական ռեժիմով, դաժանությամբ եւ հակահայկական քարոզչությամբ: Ակնհայտ է, որ ավելի քան հարյուր տարի անց Թուրքիան վճռական է տրամադրված շարունակելու հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Սա ոչ միայն սպառնալիք է հայերիս համար, այլեւ գլոբալ սպառնալիք. մենք գործ ունենք միջազգային ահաբեկչության, մարդկության դեմ հանցագործությունների եւ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման հետ: Ցավոք, միջազգային հանրությունը մնում է պասիվ:
Չնայած ես մեծ հույսեր չեմ կապում այսօրվա միջազգային քաղաքական գործիչների հետ, քանի որ նրանք իրենց քաղաքական շահերն ավելի բարձր են դասում արդարությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից եւ համամարդկային արժեքներից: Ես դեռ վճռականորեն հավատում եմ, որ հույսը մեր՝ անհատների վրա է. յուրաքանչյուր անձ իրազեկության բարձրացման հնարավորություն եւ պատասխանատվություն ունի: Շատ կարեւոր է բարձրաձայնել այս պատերազմի մասին, որքան կարող ենք:
Նվիրատվությունների միջոցով մենք կարող ենք աջակցել վերաբնակեցված եւ իրենց տունը կորցրած ընտանիքներին, ընտանիքի անդամներ կորցրած երեխաներին, աջակցել բժշկական օգնությամբ, սննդի, հագուստի եւ այլնի կարիք ունեցող զինվորներին:
Կարդացեք նաև
Հայաստանն այս վճռական պահին ձեր օգնության կարիքն ունի: Ոչ մի շարժառիթ ավելի ուժեղ չէ, քան պաշտպանել ազգի գոյությունը եւ պայքարել հանուն հայրենիքի: Այդ պատճառով ես համոզված եմ, որ մենք հաղթելու ենք անարդարության դեմ այս պայքարում»։
Հրաչուհի Բասենց (օպերային երգչուհի, Հայաստան-Գերմանիա). «Սիրելի իմ ոչ հայ ընկերներ, կոլեգաներ եւ բարեկամներ, քրիստոնյաներ եւ ոչ քրիստոնյաներ, բոլորին, ովքեր մտահոգ են եւ դեմ են պատերազմներին, ովքեր ինչ-որ կերպ մասնակից են եւ անգամ նրանց, ովքեր դեռ մինչեւ հիմա լուռ են… Լռել այլեւս չի կարելի… եւ մի՞թե արվեստի միջոցով չէ, որ շատ հարցեր ենք լուծում, մի՞թե մենք՝ արտիստներս չենք, որ խաղաղության, սիրո, պատերազմների եւ ահաբեկչությունների դադարեցման կոչերով ենք մշտապես հանդես գալիս, մի՞թե մենք չենք, որ պիտի չլռենք ու կանգնենք հանուն արդարության եւ արդարադատության:
Փոքր-ինչ ընկճված եմ, ներեցեք, ընկճված եմ շատերի լռությունից եւ չեզոք դիրքորոշումից այն դեպքում, երբ շատերը իմ շրջապատից ամեն առիթի ակտիվ կանգնում են հանուն կենդանիների, ծառերի ու նմանատիպ տարատեսակ խնդիրների պաշտպանության եւ ստատուսներով ու նամակներով ողողում բոլորիս էջերը… ընկճված եմ, ներեցեք… ազգս միայնակ կենաց ու մահու կռիվ է տալիս ու պայքարում է գոյատեւելու եւ ապրելու իր արդար իրավունքի համար, պատերազմում է հազարամյակների մեր սուրբ հողը պաշտպանելու համար եւ հարյուր տարի անց նորից կանգնած է բնաջնջման վտանգին դեմ հանդիման…
Պատերազմ է, սարսափելի պատերազմ, որի ողջ պատասխանատվությունը կրում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչները` իրենց վարձկաններով… իրավիճակը սարսափելի է… գիշեր ու զօր ցնցված լուրերին ենք հետեւում, իսկ միջազգային հանրությունը, ա՜խ, ինչ ասեմ… միջազգային հանրությունը լուռ է, էլի լուռ … Ինչպե՞ս կարելի է լռել, երբ այս ահաբեկիչ երկիրը, որն իրականացրել է համաշխարհային պատմության մեջ առաջին ցեղասպանությունը առաջին քրիստոնյա ազգի դեմ` ցանկանալով վերացնել ամենահին քաղաքակրթություններից մեկին՝ հայերին, վերսկսում է նույն ցեղասպան ագրեսիան:
Ինչպե՞ս կարելի է լռել եւ չեզոքություն պահպանել… Լռությունը նույն հանցագործությունն է: Էլի հայերիս կոտորում են ու էլի աշխարհը չեզոք դի՞րք է գրավել: Ո՞ւր են ժողովրդավար երկրների օրենքներն ու մարդասիրական դիրքորոշումը, ո՞ւր են իմ ընկերները, ովքեր սիրո խոսքեր էին շռայլում ինձ ու հայերիս, ո՞ւր են իմ ազգով ու ինձնով հիացողները եւ նրանց վերաբերմունքն ու արձագանքը, ո՞ւր եք …չկաք, չեք ուզում խառնվել: Բայց մենք պայքարում ենք նաեւ ձեզ համար, քանի որ ինչպես հայտարարեց մեր երկրի վարչապետը, մենք այլեւս «Դեր-Զորի ճամփորդներ» չենք եւ պայքարելու ենք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար եւս, իսկ մեզ հաղթելու դեպքում թուրքերն անցնելու են դեպի ձեզ: Սիրելիներս, մի՛ եղեք անտարբեր, ասե՛ք ու արտահայտե՛ք ձեր համերաշխությանն ուղղված դիրքորոշումը»:
Լեւոն Չիլինգիրյան (ջութակահար, Հայաստան – Անգլիա). «Ծանր սրտով, բայց հպարտությամբ ողջունում եմ Արցախում եւ Հայաստանում գտնվող մեր հպարտ զինվորներին ու առաջնորդներին: Նրանք կանգնած են այս տարօրինակ անհավասարության առաջ, որպեսզի պաշտպանեն մեր նախնիների հողը։ Նրանք պայքարում են աշխարհում մոլեգնող Covid 19-ի ժամանակաշրջանում, երբ որոշ անմարդկային առաջնորդներ փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից՝ նախաձեռնելով անհամաչափ հարձակումներ այն տարածքներում, որոնք բնակեցված են եղել հայերով դարեր շարունակ։ Ադրբեջանի ամոթալի ագրեսիան պետք է դատապարտվի աշխարհի բոլոր կառավարությունների կողմից։
Այնուամենայնիվ, իմ ցանկությունը մեր հարեւանների հետ խաղաղ գոյակցությունն է այս փխրուն աշխարհում, որն արդեն իսկ վախեցած է գլոբալ տաքացմամբ եւ կորոնավիրուսով։ Սեր եւ խաղաղություն մեր երեխաներին եւ թոռներին»։
Ալեքսանդր Չաուշյան (թավջութակահար, Հայաստան – Անգլիա). «Ողջունում եմ աշխարհով մեկ սփռված իմ հայրենակիցներին: Ուրախ եմ, որ հայ ազգի համար այս օրհասական պահին ողջ հայությունը համախմբվել է ու մեկ ամուր բռունցք կազմել. դա տասնապատկում է մեր ուժը:
Վստահեցնում եմ, որ ամեն պահի պատրաստ եմ թավջութակս փոխարինել զենքով: Մեզ հաղթել հնարավոր չէ: Պարծենում եմ իմ հայ լինելով, պարծենում եմ իմ ազգով, իմ հայրենիքով եւ մեր ազգի անկոտրում ՈԳՈՎ»:
Սերգեյ Բաբայան (դաշնակահար, Հայաստան – ԱՄՆ). «Ուղերձ Արցախին՝
Ագրեսիան, ազգայնականությունն, ատելությունը հակադիր են այն ամենին, ինչին կողմ են արվեստագետները եւ արվեստը:
Մտքերով ու աղոթքներով այն երիտասարդների հետ եմ, ովքեր պաշտպանում են իրենց տունը եւ իրենց ընտանիքը:
Թո՛ղ որ այս ողբերգական խելահեղությունը շուտ վերջանա»։
Պատրաստեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
15.10.2020