Քաղաքագետ Արմեն Բադալյանի դիտարկմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է սովորություն դարձնի իր միտքը ճիշտ ձեւակերպել:
«Որովհետեւ սխալ բառերի ընտրությունն այդ միտքը խեղաթյուրում է ու այլ երկրներին այլ եզրահանգման բերում: Հատկապես, վարչապետի այն դիրքորոշումը, թե ինքը դեմ է տարածքներ խաղաղության դիմաց դիրքորոշմանը, ՌԴ վերլուծաբանների կողմից ընկալվեց, որ վարչապետը մերժում է ընդհանրապես բանակցությունները, որովհետև մտքի որոշ արտահայտություններ ճիշտ չէին ձեւակերպված»,- նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ նախօրեին ներկայացրած տեսաուղերձին:
Անդրադառնալով տեսաուղերձի այն հատվածին, թե «Թուրքիան բացահայտ եւ հրապարակայնորեն սկսեց սպառնալ Հայաստանին զուգահեռ մեծ թվով ահաբեկիչների եւ վարձկանների տեղափոխելով ղարաբաղյան հակամարտության գոտի: Հասկանալով, որ միան Ադրբեջանի բանակի ուժերը բավարար չեն լինելու իրենց խնդիրը լուծելու համար: Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմները այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակին դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձություների շղթայական ռեակցիայի եւ, հետեւաբար, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն: Այս փուլում, սակայն արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք. Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել միայն ղարաբաղյան հակամարտության համատեքստում եւ ըստ էության, համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձեւն է, որ կարող է փրկել իրադրությունը», մեր զրուցակիցը նկատեց.
«Վարչապետը պետք է ներկայացնելու ձեւն իմանար, երկու տարի ժամանակ ուներ բոլորին ներկայացնել այդ մասին, բայց մինչեւ ռազմական դրության սկիզբը իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները Թուրքիայի նկատմամբ այլ մոտեցում էին դրսեւորում, նշում էին, որ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ կարելի է ունենալ, բայց պատերազմը ստիպեց, որ թեկուզ առեւերույթ հիմա ոմանք դիրքորոշումները փոխեցին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ