Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի «նավթային անեծքը» ուժի մեջ է մտնում». Նելլի Բաղդասարյան

Հոկտեմբեր 15,2020 23:20

«Ադրբեջանը շահագրգռված չէ  պատերազմական գործողությունների  երկարաձգման հարցում, ինչի համար ունի ծանրակշիռ պատճառներ». Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի հանրապետության նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը

-Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջին օրերի ակտիվ հարցազրույցները տարբեր միջազգային լրատվամիջոցներին, այնպիսի տպավորություն են ստեղծում, որ Ադրբեջանը շտապում է:

-Ադրբեջանը բռնել է վերջնագրերի լեզվով խոսելու ոչ էֆեկտիվ ճանապարհը, խոսքս վերաբերում է այսօրվա ամենաթարմ հարցազրույցներին և հայտարարություններին: Ադրբեջանի սադրիչ գործելակերպը հակասում է  բոլոր տեսակի հակամարտաբանական նորմերին: Այսինքն, Ադրբեջանը քաղաքական մակարդակում հայտարարություններ է անում, որ հավատարիմ է ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ իրականում  կիրառում է ռազմական ճանապարհը, որպես «բացառիկ և լավագույն այլընտրանք բանակցային որոշումներին»:

-Որտե՞ղ փնտրել Ադրբեջանի շտապողականության պատճառները և հակամարտության զսպումները:

-Ադրբեջանը շատ լավ է հասկանում , որ պատերազմի երկարաձգվելու դեպքում մեծ խնդիրների առջև է կանգնելու: Առաջին հերթին, ի թիվս այլ խնդիրների Ադրբեջանին սպասվում է տնտեսական կրախ, որն արդեն իսկ սկսվել է: Ադրբեջանաղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, ադրբեջանական նավթը և հակամարտությունը ուղիղ կապի մեջ էին, քանի որ  Ադրբեջանի հետ նավթագազային իրավապայմանագրային հարաբերությունների մեջ մտած պետություններին անհրաժեշտ էր  «խաղաղ Ադրբեջան»:

Այս օրերին, արդեն իսկ  հոկտեմբերի 12-ին, Chevron ամերիկյան  նավթային ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է դուրս գալ Ադրբեջանից:  Այս գործընթացը շարունակվելու միտում ունի և համաչափ դրսևորումներ կարող է ունենալ ռազմական գործողությունների երկարաձգման դեպքում: Այս դեպքում չի աշխատելու նաև Ադրբեջանի  իշխող էլիտայի կողմից նավթային խոշոր պայմանագրերով  հակամարտության շահավետ քաղաքական լուծումների հասնելու մարտավարությունը:

Փաստացի, Ադրբեջանի հիմնական ֆինանսատնտեսական, ինչպես նաև մասամբ աշխարհաքաղաքական ռեսուրսը նավթն է, որն այս դեպքում   կարճաժամկետ ներգործություն է ունենալու: Այսպիսով, լինելով ռենտային պետություն և բյուջեն ձևավորելով հիմնականում ածխաջրածնային ռեսուրսների հաշվին, պատերազմական գործողություների երկարաձգման դեպքում, Ադրբեջանի տնտեսական կրախը անխուսափելի է՝ առաջին հերթին օտարերկրյա ներդրումների դադարեցման պատճառով: Փաստացի Ադրբեջանի «նավթային անեծքը» ուժի մեջ է մտնում:

Հաջորդ խնդիրը, Ադրբեջանի ճնշված վիճակում գտնվող  և ուծացվող տեղաբնիկ ժողովուրդների տիրույթում է: Վերջիններս, կարծում եմ, վերջնականապես հասկացել են, որ Ալիևի համար թնդանոթի միս են. դրանով էլ պայմանավորված՝ նրան  բացարձակապես չեն հետաքրքրում առաջնագծում մնացած հազարավոր զոհերի դիակները վերադարձնելու հարցը: Այսինքն, Ադրբեջանը խնդիր է ունենալու արագ փակելու նաև այս հարցերը:

Այս ամենից ելնելով, համոզվածություն եմ հայտնում, որ հակամարտության զսպումները նաև ադրբեջանական հասարակության ներսում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031