Լրահոս
Օրվա լրահոսը

The Washington Post․ Սիրիացի գրոհայինների մահը Ղարաբաղում վկայում է, թե ինչպես են Թուրքիան ու Ռուսաստանը ներքաշվում հակամարտության մեջ

Հոկտեմբեր 15,2020 23:13

The Washington Post-ը ռեպորտաժ է պատրաստել Թուրքիայի կողմից Ադրբեջանի համար հավաքագրված սիրիացի 2 սպանված գրոհայինի մասին՝ անդրադառնալով Թուրքիայի այն հայտարարություններին,  թե Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկաններ չեն կռվում։

Հոդվածում նկարագրվում է, թե ինչպես են ընտանիքները հավաքվել թուրք-սիրիական սահմանին, որտեղ սառնարան-բեռնատարից սիրիացի 52 տղամարդու դիակ են հանում, որոնք սպանվել են 600 մղոն հեռավորության վրա ընթացող պատերազմում։

Զոհը Սիրիայից թուրք զինվորականների կողմից հավաքագրված վարձկան է, որը կռվում էր Ադրբեջանում Հայաստանի դեմ, ասում են հարազատները։ Նրանց տեղակայել են որպես հարվածային ուժ՝ Լեռնային Ղարաբաղում տարածքներ գրավելու համար։

Սիրիացի գրոհայինների մահը տագնապ է բարձրացնում այն հարցում, թե ինչպես է բազմամյա հակամարտությունը արագ սրվում, քանի որ ներգրավում է արտաքին ուժեր, ինչպես Թուրքիան, նրա մրցակից Ռուսաստանը։ Հակամարտությունը նաև հարևան Իրանի ու Վրաստանի համար պոտենցիալ ապակայունացման վտանգ է պարունակում»,- ասված է հոդվածում։

«Թուրքիան հերքում է սիրիացի գրոհայինների մասնակցությունը Ադրբեջանին աջակցելու համար։ Սակայն 2 սիրիացի մարտիկների հարազատները հայտարարում են, որ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող զինվորականներն ամսական աշխատավարձ են խոստացել նրանց, և որ գրոհայինները Ադրբեջան են մեկնել Թուրքիայի հարավային մասից։

Սիրիացի գրոհայինների տեղակայումը կրկնում է Լիբիայի մոդելը, որտեղ Թուրքիան ու Ռուսաստանը պայքարում են  հակամարտության տարբեր կողմերում»,- գրված է հոդվածում։

Հեղինակները ներկայացնում են սիրիացի Մահմուդ Նաջարի պատմությունը, որը սպանվել է Լեռնային Ղարաբաղում։ Նաջարի եղբայրը պատմում է, որ Նաջարը ժամանակին աշխատում էր Հալեպի տեքստիլ գործարաններից  մեկում։ Քանի որ շատ ծանր ֆինանսական  վիճակում էր, հրապուրվել էր այն գաղափարով,  որ Թուրքիայի կողմից հավաքագրվող երիտասարդ տղաները Լիբիայում կռվելուց հետո խոշոր գումարներով են հետ վերադարձել Սիրիա։ Նաջարի 18-ամյա զարմիկը հայտնել էր նրան, որ Ադրբեջանում կռվելու համար ամսական 2000 դոլար են վճարում։ «Միակ պատճառը փողն էր։ Ո՞վ կուզեր Ադրբեջանի համար կռվել։ Ո՞վ առհասարակ գիտի, թե որտեղ է Ադրբեջանը»,- ասում է Նաջարի եղբայրը։

Սակայն Նաջարը, նրա  զարմիկն ու զինակից ընկերները պատրաստ չէին նրան,  ինչ տեղի ունեցավ հետո։ Թուրքիայից Ադրբեջան մեկնելու առաջին օրը նրանց բաց կանաչ գույնի համազգեստ են տվել և հաջորդ օրն ուղարկել ճակատ։ «Շրջանը լավ ամրացված էր հայերի կողմից»,- ասում է Նաջարի եղբայրը։ Սիրիացի գրոհայինները հայտնվել էին անծանոթ տեղանքում՝ չտիրապետելով լեզվին, չհասկանալով կոնֆլիկտի էությունը։ Նրանց ուղեկցում էին 3 ադրբեջանցի։ «Նաջարն ու զարմիկը 9 ժամ են անցկացրել մի լեռ բարձրանալու համար։ Հենց այդտեղ էլ հայ դիպուկահարի կրակից իրենց վախճանն են գտել Նաջարն ու զարմիկը։ Նրանց մարմիններն ամբողջ գիշեր մնացել են լեռան վրա, քանի որ դրանք իջեցնելը շատ վտանգավոր է եղել։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031